Սպորտ

Չեմպիոնների Լիգա. Բարսելոնայի վրեժը

Մայիսի 5-ին և 6-ին տեղի ունեցան այս մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:

Յուվենտուս-Ռեալ հանդիպման ամփոփումն՝ այստեղ:


Մայիսի 6-ին Բարսելոնայի Կամպ Նոու մարզադաշտում տեղի էր ունենալու տվյալ պահին Եվրոպայի լավագույն 2 ակումբների բախումը:
Այս հանդիպումը շատ մեծ հետաքրքրություն էր իր մեջ պարունակում ոչ միայն նրանով, որ հանդիպում էին 2 գրանդ ակումբներ, այլև նրանով, որ այս թիմերին կապում էին նաև այլ հանգամանքներ: Բարսայի մարզչի պաշտոնից հեռանալուց հետո առաջին անգամ իր հարազատ մարզադաշտ էր վերադառնում ներկայումս Բավարիայի մարզիչ Պեպ Գուարդիոլան, բացի այդ, մյունխենցիների կազմում էր խաղում Բարսելոնայի սան՝ Տիագո Ալկանտարան:

Բավարիայի մեկնարկային կազմը՝ Նոյեր – Ռաֆինյա, Բենատիա, Բոատենգ, Բերնատ – Շվայնշտայգեր, Լամ, Ալոնսո, Տիագո – Մյուլլեր, Լևանդովսկի:

Բավարիան ուներ շատ մեծ կորուստներ: Խաղը վնասվածքի պատճառով բաց էին թողնում Ռիբերին, Ռոբբենը, Ալաբան, Բադշտուբերը և Ռոդեն:

Բարսելոնայի մեկնարկային կազմը՝ Տեր-Շտեգեն – Դանի Ալվես, Մասչերանո, Պիկե, Ժորդի Ալբա – Բուսկետս, Ինիեստա, Ռակիտիչ – Մեսսի, Սուարես, Նեյմար:

Բարսելոնայի կազմում միակ վնասվածք ունեցող ֆուտբոլիստն էր ֆրանսիացի պաշտպան՝ Ժերեմի Մատյոն, ու նաև այս տարի առաջին անգամ Բարսայի հայտացուցակում էր հայտնվել դեռ իր դեբյուտը կատալոնական թիմի կազմում չնշած Թոմաս Վերմալենը:

mes-que-un-clubԿատալոնացի երկրպագուները, չզիջելով իրենց իտալացի կոլեգաներին, նույնպես ստեղծեցին հիանալի մի պատկեր Եվրոպայի ամենամեծ մարզադաշտի տրիբունաներում և, ավանդաբար ակապելլա երգելով ակումբի օրհներգը, հաղթական տրամադրեցին իրենց և հենց ֆուտբոլիստներին: Այս խաղում հաղթելը շատ սկզբունքային էր Բարսայի համար, քանի որ նրանք ձգտում էին ռևանշի հասնել 2012 թվականի այս նույն փուլում Բավարիայից կրած խայտառակ պարտության համար:

Առաջին խաղակեսն սկսվեց տան տերերի բացահայտ առավելությամբ և հանդիպման հենց սկզբից Բավարիայի և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ստիպված էր ակտիվորեն խաղի մեջ մտնել: Գոլի հեղինակ կարող էին դառնալ Սուարեսը և Նեյմարը, նաև իր վտանգավոր  մոտեցումով պատասխանեց Լևանդովսկին:  Ունենալով 100%-ոց պահեր, բայց չօգտագործելով դրանք՝ Բարսան մի քիչ բաց թողեց խաղի տեմպը և թույլ տվեց Բավարիային վերադառնալ խաղի մեջ, և առաջին խաղակեսն ավարտվեց համեմատաբար հավասար դրությամբ:

messi-neuer-panenkaԵրկրորդ խաղակեսին Բավարիան դուրս եկավ ավելի վստահ և ավելի լավ էր կարողանում գնդակը վերահսկել, բայց ինչպես առաջին խաղակեսում, Բարսան ավելի սուր էր գրոհում: Եվ վերջապես 77-րդ րոպեին Բարսային հաջողվեց գրավել անխոցելի Նոյերի դարպասը: Դանի Ալվեսի գեղեցիկ անցումից և փոխանցումից հետո Լեո Մեսսին, ստանալով որոշակի ազատ տարածություն, կատարեց սլացիկ և դիպուկ հարված, որը չկարողացավ հետ մղել նույնիսկ Նոյերը: Ստանալով այդքան սպասված առավելությունը՝ Բարսան չկանգնեց և նետվեց ավելացնելու իր գոլերի քանակը, և դա կատալոնացիներին հաջողվեց: Իվան Ռակիտիչի փոխանցումից հետո Մեսսին, հայտնվելով մեն-մենակ Բավարիայի պաշտպան Ժերոմ Բոատենգի հետ, գնդակի մեկ հպումով խոտածածկին նստեցրեց գերմանացուն, և դուրս գալով Նոյերի դեմ, գնդակը գեղեցիկ հարվածով ուղարկեց դարպասը: Բարսելոնան ստացավ այն առավելությունը, որը հենց պետք էր թիմին, և արդեն ժամանակն էր պաշտպանվելու:

Neymar+FC+Barcelona+v+FC+Bayern+Muenchen+UEFA+eXjOkgwHJNexԲավարիան, հայտնվելով շատ ծանր վիճակում, փորձելով վերադարձնել կորցրածը, գցեծ իրեն ավելի ծանր դրության մեջ: Խաղի 90+3-րդ րոպեին Բավարիան կորցրեց գնդակը Բարսայի կիսադաշտում և իր դարպասին բերեց Բարսայի մահացու հակագրոհը: Սուարեսը, տանելով գնդակը մինչև դաշտի կենտրոն, այն թողեց Մեսսիին, արգենտինացին հիանալի փոխանցումով Նոյերի հետ մեն-մենակ դուրս բերեց իր խաղընկեր Նեյմարին: Բրազիլացին ամենայն սառնասրտությամբ և վստահությամբ մոտեցավ դարպասին և գլորեց գնդակը՝ ուղարկելով Բավարիայի դարպասը 3-րդ գնդակը, որը շատ մեծ առավելություն տվեց Բարսային պատասխան հանդիպումից առաջ:

Neymar+FC+Barcelona+v+FC+Bayern+Muenchen+UEFA+DXmjfYUSJwdx3-0. Բարսելոնան հասնում է իր այդքան փափագած ռևանշին և հսկայական քայլ է կատարում դեպի եզրափակիչ:

Բարսան իր հարկի տակ ապահովեց իր համար շատ հարմարավետ արդյունք և եթե պատասխան խաղում հրաշքներ տեղի չունենան, Բարսան պարտավոր է վստահորեն դուրս գալ եզրափակիչ:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-ին Մյունխենի Ալիանց Արենա մարզադաշտում:

Հիշեցնեմ, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 6-ին Բեռլինի Օլիմպիա մարզադաշտում:

Հեղինակի մասին

Կարո Հովակիմյան

Կարո Հովակիմյան

Սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում: Ապագա տնտեսագետ-ճարտարագետ է: Ֆուտբոլի մեծ սիրահար է:
Սիրում է հավատարիմ ընկերներին. մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, վստահությունը և փոխադարձ հարգանքը: