Պատմություն

Շնորհավո՜ր մայիսի 9 ՝ կրկնակի հաղթական օր

Մայիսը հաղթանակների ամիս է:

Այսօր՝ մայիսի 9-ին, հայ ազգի համար կրկնակի տոն է:

Այսօր հայ ժողովուրդը տոնում է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով կարողացան հաղթանակել:

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՂԹԱՆԱԿ (Պաստառը՝ Doping Creative Advertising)

Գարնանային այս գեղեցիկ օրը մենք տոնում ենք ինչպես 1945թ. Հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ 1992թ. Շուշիի ճակատամարտում տարած մեր հաղթանակները:

Այո՛, այդ երկու հաղթանակն էլ մերն են, չէ՞ որ Խորհրդային Հայաստանն ու հայ ազգը նշանակալի ավանդ են ունեցել հակահիտլերյան կոալիցիայի տարած կարևորագույն հաղթանակի կերտման գործում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամբողջ ԽՍՀՄ-ից պատերազմ է զորակոչվել 440 000 հայ, այդ թվում՝ Հայաստանից 250 000-ը։ Դա այն դեպքում, երբ Հայկական ԽՍՀ բնակչությունը կազմել է 1 300 000 մարդ՝ 1939 թվականի տվյալներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցող հայերի թիվը հասել է 600 000-ի։ Խորհրդային բանակում Երկրորդ աշխարհամարտի տարիներին պատերազմել է հայազգի 5 մարշալ:

Հարսանիք՝ լեռներում

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Այն մի վճռական շրջադարձ էր, որ բեկումնային ազդեցություն ունեցավ ողջ պատերազմի դեպքերի զարգացման տրամաբանության վրա:

«Հարսանիք լեռներում» գործողության ընթացքում, բուն ճակատամարտը տեղի ունեցավ 1992թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։

Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի։ Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին։

Շնորհավո՛ր մայիսի 9, թո՛ղ որ մեր ազգի կյանքում տարվա ամեն մի օրը լինի հաղթական:

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: