Ապրելակերպ Սնունդ

Հաճախակի ջուր խմելու առավելությունները

Water Splash

Բժիշկ-դիետոլոգները տասնամյակներ շարունակ պնդում են, որ օրվա ընթացքում հաճախակի ջուր խմելն օգտակար է առողջությանը: Պարզվում է՝ այն ոչ միայն վերացնում է ջրազրկման վտանգն ու լավացնում մարսողությունը, այլև օգնում է պայքարել գլխացավի դեմ, կարող է վերականգնել կենտրոնացումը:

Լոնդոնի Նյարդաբանական համալսարանի գիտնականների կատարած հետազոտության արդյունքում հայտնի է դարձել, որ մեկ բաժակ մաքուր ջուրը ունակ է հանգստացնել նյարդերն ու խթանել աշխատունակությունը. հայտնում է emaxhealth.com կայքը: Մինչդեռ ջրազրկումը կարող է անգամ միգրենի առաջացման պատճառ դառնալ:

Իսկ ահա ԱՄՆ Կոննեկտիկուտ նահանգի համալսարանի հետազոտողների խումբը պնդում է, որ դեհիդրացիան (ջրազրկումը) կարող է հանգեցնել ընկալունակության նվազման, այն նաև բացասաբար է ազդում տրամադրության վրա:

Մարդիկ հաճախ խոստովանում են, որ իրենց համար հեշտ չէ ընդունել ջրի ամենօրյա նվազագույն չափաբաժինը, որն անհրաժեշտ է օրգանիզմին առույգ մնալու համար: Շատերը պատճառաբանում են, որ այդքան էլ չեն սիրում ջրի համը: Իրականում այս խնդրին կա շատ հեշտ լուծում: Օրինակ, դուք կարող եք բաժակի մեջ կիտրոն ճզմել, կամ զուգահեռաբար ուտել որևէ միրգ՝ ըստ ձեր ցանկության:

Դիետոլոգ Քեթի Լամբերտի հավաստմամբ՝ առօրյայում բավական քանակությամբ ջուր ըմպելը վերացնում է տոքսինների ազդեցությունը՝ մաշկը պահելով ավելի առողջ վիճակում:

Այժմ գիտնականները փորձում են պարզել, թե որքանով են հավաստի ենթադրությունները՝ ուժեղ ցրտի դեմ պայքարում ջրի օգտակարության մասին: Այս ոլորտում դեռևս կարիք կա նոր ուսումնասիրությունների:

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: