Սպորտ

Չեմպիոնների Լիգա. Մադրիդը սգում է, Յուվենտուսը եզրափակչում է

Մայիսի 13-ին Մադրիդի Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում որոշվում էր Բեռլինյան եզրափակչում Բարսելոնայի մրցակցի անունը:

Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչի 2-րդ ուղեգիրը վիճարկում էին Մադրիրդ Ռեալը և Թուրինի Յուվենտուսը: Առաջին խաղում իտալական ակումբը կարողացել էր առավելության հասնել լիգայի ներկայիս չեմպիոնների նկատմամբ 2-1 հաշվով: Այս խաղում Յուվենտուսին սպասվում էր գերծանր 90 և ավելի րոպեներ Ռեալի դեմ՝ Մադրիդում:

Թիմերի մեկնարկային կազմերն, ի տարբերություն առաջին հանդիպման, կրել էին որոշակի փոփոխություններ:

Մադրիդի Ռեալի մեկնարկային կազմը՝ Կասիլյաս – Կարվախալ, Ռամոս, Վարան, Մարսելո – Կրոս, Իսկո, Խամես – Բեյլ, Բենզեմա, Ռոնալդու:

Ռեալի կազմում վնասվածքից հետո շարք էր վերադարձել ֆրանսիացի հարձակվող՝ Կարիմ Բենզեման նաև պահեստայինների նստարանին էր մնացել Պեպեն, զիջելով իր տեղը երիտասարդ Վարանին:

Յուվենտուսի մեկնարկային կազմը՝ Բուֆֆոն – Էվրա, Կյելինի, Բոնուչչի, Լիխտշտայներ – Պիրլո, Պոգբա, Վիդալ, Մարկիզիո – Մորատա, Տևես:

Մասսիմիլիանո Ալեգրին իր թիմի մեկնարկային կազմում, ի տարբերություն առաջին հանդիպման, տեղ էր հատկացրել վնասվածքից ապաքինված Պոլ Պոգբային:

Հետ չմնալով իրենց իտալացի, գերմանացի և կատալոնացի կոլեգաներից՝ մադրիդիստաները նույնպես ներկեցին իրենց մարզադաշտը շքեղ գույներով և գեղեցիկ պատկերներով: Սպասելով սիրելի թիմի հաղթանակին՝ մադրիդցի երկրպագուները կատաղի սատարում էին Ռեալին, քանի որ Չեմպիոնների Լիգայի հաղթողի տիտղոսի համար պայքարն այս մրցաշրջանում որևէ գավաթ նվաճելու միակ հնարավորությունն էր: Մադրիդցիները հասկանում էին, որ իրենց հավերժ մրցակից Բարսելոնան վստահ քայլերով գնում է դեպի հաղթանակը բոլոր մրցաշարերում, ու այդ պարագայում մնալ առանց տիտղոսի, կլինի խայտառակություն:

Առաջին խաղակես

Հանդիպումն սկսվեց թիմերի երկուստեք գրոհներով, բայց Ռեալի գրոհներն ունեին ավելի վտանգավոր ընթացք և սուր ավարտ: Մի քանի րոպե անց դաշտի տերերն ամբողջովին վերցրին գնդակն իրենց ձեռքը և սեղմեցին Յուվեին սեփական տուգանայինի մատույցներին: Եվ այդ ճնշման արդյունքը դարձավ 23-րդ րոպեին խաղի գլխավոր մրցավար Յոնաս Էրիկսոնի կողմից 11 մետրանոց հարվածի նշանակումը: Սեփական տուգանայինում արգելված հնարքով Խամես Ռոդրիգեսի առաջխաղացումը կասեցրեց Ջորջիո Կյելինին: Նշակետին մոտեցավ իհարկե Կրիշտիանու Ռոնալդուն և անվրեպ իրացրեց այն, 1-0: Մադրիդցիներն առաջ անցան ընդհանուր դիմակայության արդյունքում: Այս գոլից հետո Ռեալը կազմակերպեց ահռելի քանակությամբ վտանգավոր գրոհներ, որոնք բոլորն էլ կարող էին ավարտվել խփված գնդակով, բայց մադրիդցիները շարունակում էին ներել թուրինցիներին: Յուվենտուսին վերահաս գոլից փրկեց գլխավոր մրցավարի սուլիչը, որն ազդարարում էր առաջին խաղակեսի ավարտը:

Երկրորդ խաղակես

Ընդմիջումից հետո թուրինցիները խաղադաշտ վերադարձան պարտվողի դերում և պարտավոր էին առաջ գնալ և փորձել նորից դիմակայության ընթացքը շրջել իրենց կողմը: Ինչպես և առաջին խաղակեսը, երկրորդը նույնպես սկսվեց գրեթե հավասար խաղով՝ Մադրիդի մի-փոքր առավելությամբ: Երկրորդ խաղակեսը քիչ-քիչ վերածվում էր առաջինի կրկնության, բայց ամեն ինչ այս դիմակայությունում ոտքից գլուխ շրջեց Յուվենտուսի գոլը: Թուրինցիների կազմում 57-րդ րոպեին կրկին անգամ իր նախկին թիմի դարպասը գնդակը ուղարկեց՝ Ալվարո Մորատան: Հետևեց օդային փոխանցում դեպի Ռեալի դարպասային հրապարակի ձախ եզրը, այնտեղ հաղթելով 2-րդ հարկում Ռամոսին՝ Պոլ Պոգբան գլխով գնդակը ուղղեց դեպի Մորատան, ով հայտնվելով բացարձակ ազատության մեջ՝ ուղիղ իմաստով խոցեց Իկեր Կասիլյասին:

1-1. այս հաշիվը կրկին անգամ Յուվեին դուրս էր բերում եզրափակիչ, բայց Ռեալի համար ամեն ինչ ավելի բարդացավ, քանի որ մեկ գոլը այլևս նրանց չէր ապահովում եզրափակչի ուղեգիրը, այլ միայն խաղն ուղարկում էր ավելացված ժամանակ: Սակայն դեռ պետք էր այդ գոլը խփել, իսկ պարտվելով այսքան կարևոր խաղում, երկրորդ խաղակեսում, իտալական թիմի, դա արդեն իսկ շատ քչացնում էր մադրիդցիների հաջողության հնարավորությունը: Յուվեն, իհարկե վերածելով իր մարտավարությունը մաքուր իտալական կատենաչոյի, փակեց բոլոր ուղղությունները դեպի Բուֆֆոնի դարպասը: Ռեալը և Յուվենտուսը սկսեցին կատարել լրիվ հակառակ ուղղությամբ փոփոխություններ: Մադրիդի կազմում դուրս էին գալիս հարձակվողներ, իսկ Յուվեի կազմում՝ պաշտպաններ: Պաշարելով իտալացիների տուգանային հրապարակը և չկարողանալով խփել այդ փրկիչ գնդակը՝ հուսահատված Սանտիագո Բեռնաբեուն արձանագրեց իր համար ծայրահեղ ցավալի մի արդյունք՝ Ռեալը զրկվում է իր վերջին տիտղոսը նվաճելու հնարավորությունից և հանում իր վրայից Չեմպիոնների Լիգայի հաղթողի թագը:

Այսպիսով…

Չեմպիոնների Լիգան այս տարի ևս կունենա նոր հաղթող: Յուվեն, ցուցաբերելով կամային բարձր հատկանիշներ և դիմադրելով արքայական ակումբին, մեկնում է Բեռլին, որտեղ նրան դիմակայելու է իսպանական մյուս գրանդ ակումբը՝ Բարսելոնան: Երկու թիմերն էլ չափազանց փափագում են այս մրցանակին, ուստի հունիսի 6-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Օլիմպիական Մարզադաշտում այս բաղձալի գավաթը կխաղարկեն՝ Թուրինի Յուվենտուսը և կատալոնական Բարսելոնան:

Չեմպիոնների Լիգա. Եզրափակիչ. Յուվենտուս-Բարսելոնա

Հեղինակի մասին

Կարո Հովակիմյան

Կարո Հովակիմյան

Սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում: Ապագա տնտեսագետ-ճարտարագետ է: Ֆուտբոլի մեծ սիրահար է:
Սիրում է հավատարիմ ընկերներին. մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, վստահությունը և փոխադարձ հարգանքը: