Երաժշտություն

Հայտնի է Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի 4-րդ կատարողը

Genealogy 4th Artist Revealed
Genealogy 4 Artists

Genealogy խմբի առաջին 4 անդամները. ձախից՝ Ստեֆանի Թոփալյան (Ասիա), Եսայի Ալթունյան (Եվրոպա), Վահե Թիլբյան (Աֆրիկա) և Թամար Կապրելյան (Ամերիկա)

Եվրատեսիլ երգի մրցույթին այս տարի Հայաստանը կներկայանա նոր ձևաչափով:

Genealogy խումբը կհամախմբի 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ “Don’t deny” («Մի՛ ժխտիր»):

Genealogy խմբի վեց անդամներից առաջինը հայտնի դարձավ ֆրանսահայ շնորհաշատ երգիչ Եսայի Ալթունյանի անունը: Այնուհետ հայտարարվեց, որ Ամերիկա աշխարհամասից խմբին կմիանա հայտնի երգչուհի Թամար Կապրելյանը, իսկ Աֆրիկայից՝ Եթովպիայում բնակվող տաղանդավոր կատարող Վահե Թիլբյանը:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ խմբի 4-րդ մասնակիցն է Ստեֆանի Թոփալյանը Ճապոնիայից:

Երգչուհին ծնվել է 1987թ. օգոստոսի 5-ին Լոս Անջելեսում. նրա հայրը հայ է, մայրը՝ ճապոնուհի: Ստեֆանին ճանաչված է հատկապես Ճապոնիայում, որտեղ թողարկել է երկու ձայնասկավառակ և արժանացել տեղի հեղինակավոր երաժշտական մրցանակների: 2009 թ. նկարահանվել է «Հպարտություն» (Pride) կատակերգական ֆիլմում՝ մասնակցելով նաև սաունդթրեքի ձայնագրությանը:

Մոտակա օրերին հայտնի կդառնան խմբի 5-րդ և 6-րդ մասնակիցների անունները՝ Ավստրալիայից և Հայաստանից:

Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: