Ընտանիք Հարցազրույց

Ընտանիքը՝ ազգային արժեքների պահպանման միջավայր. զրույց Խաչատուր Մարոզյանի հետ

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

2011թ. փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով, որպես Ընտանիքի օր, ամրագրվեց մայիսի 15-ը:

YEREVANSTYLE-ի զրուցակիցն է օրինագծի հեղինակ, «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանը:

– Պարո՛ն Մարոզյան, քանի՞սահմանում կա ընտանիք ինստիտուտին և ո՞ր սահմանումն է Ձեզ համար ամենահոգեհարազատը:

– Եվրոպական համայնքի մի քանի երկրներում Ընտանիք հասկացությունը սահմանված է որպես երկու անձանց միություն Ընտանիք կազմելու նպատակով, որը գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում: Մեզ մոտ նոր ընդունման ժամանակահատվածում նույնպես կար նման մտահոգություն, որ Սահմանադրության մեջ այդ նորմը չամրագրվի որոշ ուժերի ազդեցության տակ: Փառք Աստծո, մեր մտավախությունները չիրականացան, և մեր օրենսդրության մեջ ինչպես կար Ընտանիքի սահմանումը, այնպես էլ մնաց.

Կնոջ և տղամարդու միասնությունը՝ ընտանիք կազմելու նպատակով, որը գրանցվում է քաղ. կացության ակտերի գրանցման մարմնում, կոչվում է ընտանիք:

 

– Ըստ Ձեզ՝ ի՞նչ նշանակություն ունի ընտանիքը հասարակության համար:

– Ընտանիքը, ըստ մեր Սահմանադրության, հասարակության բնական և հիմնական բջիջն է: Այն մեծ նշանակություն ունի, առողջ հասարակության կառուցման և արժեհամակարգի վերարտադրողականությունը ապահովելու տեսանկյունից, ընտանիքը անփոխարինելի սոցիալական ինստիտուտ է: Քաղաքացիական հասարակության կառուցման տեսանկյունից՝ ընտանիքը նույնպես կարող է դառնալ նրա առաջնային օղակ:

xachatur-marozyan– Ի՞նչն է ամենաշատը վնաս բերում ընտանիքի կայունությանը:

– Օտար արժեքները, որոնք առաջադիմական և ազատատենչ գաղափարախոսությամբ ներթափանցել են հայ ընտանիք, օտար են մնում մեր ազգային հոգեկերտվածքին և նստվածք տալիս: Այսօր տարբեր գրանտային ծրագրեր միջամտում են ամուսինների անձնական հարցերում՝ պատճառաբանելով Ընտանեկան բռնությունները և այլ տերմիններ: Հարկավոր է մշակել ընտանիքի ամրապնդման ազգային հայեցակարգ և թույլ չտալ օրենքի մակարդակով «ամեն հա-ին, չէ-ին» միջամտել ամուսինների անձնական և անհատական սկզբունքներին ու մոտեցումներին:

– Տարբեր մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն Հայ ընտանիքի վերաբերյալ: Դուք ինչպե՞ս կնկարագրեիք Հայ ընտանիքի կերպարը, որքանո՞վ է այս հարցը սուբյեկտիվ:

– Մենք դարեր շարունակ պահպանվել ու հաղթել ենք, և մեր հաղթանակների միակ գրավականը եղել է ամուր ընտանիքը: Եթե չկարողացար քանդել ընտանիքը, ուրեմն ազգը անպարտ է: Մեր ընտանիքն ամուր է եղել իր ինքնատիպությամբ, «վերից վար՝ սեր, վարից վեր՝ վստահություն» սկզբունքի մեր հոգում ամրագրմամբ: Այժմ սակայն այդ արժեքները թուլացել և լղոզվել են, ինչը մեծ վտանգ է մեր ընտանիքի համար:

– Ի՞նչ զարգացումներ եք տեսնում ընտանիք ինստիտուտի մեջ, երբ համեմատում եք այսօրվա ընտանիքները 20 տարի առաջվա ընտանիքների հետ:

– Վերջին 20 տարում ահռելի փոփոխություններ են կատարվել մեր արժեհամակարգում: Ի վերուստ մեզ տրված արժեքները փոշիանում են օրեցօր և կորչում, իսկ փոխարենը մեծ ծավալների է հասնում նյութապաշտությունը, այսինքն հոգևոր արժեքներին փոխարինելու են գալիս նյութական արժեքները, ինչի արդյունքում բևեռացվում է հասարակությունը: Ընտանիքը, որպես զարգացող օրգանիզմ, չի կարող շնչել միայն նյութականով: Զարգանալու համար այն պետք է կարողանա իրականացնել իր վերարտադրողական ֆունկցիաները, այսինք՝ վերցնել որևէ բան, վերարտադրել, մոտիվացնել և ստեղծել ավելի բարձրակարգ, մատերիայից դուրս ինչ-որ բան ու տալ այն հասարակությանը: Առանց դրա և միայն լցվելով ու վերցնելով՝ ընտանիքը և հասարակությունը կվերածվեն մեռյալ ծովի նման աղի:

khachatur-marozyan– Ի՞նչ ծրագրեր պետք է մշակվեն կառավարության կողմից, որպեսզի խթան լինի հասարակության համար՝ ստեղծելու ընտանիք:

– Այս տարի դիմել ենք ՀՀ Արդարադատության նախարարին, որպեսզի օրենսդրության մեջ կատարվեն որոշակի փոփոխություններ և ամուսնալուծությունների քանակը հնարավոր լինի զսպել, Հանրապետության բոլոր մարզերում և Երևանում ստեղծվեն Ընտանիքի աջակցության «ԸՆՏԱՆԻՔ» կենտրոններ: Նախարարից ստացել ենք դրական պատասխան, հույս ունենք այս ճանապարհով, համագործակցելով պետական մարմնի հետ, ստանալ պետության հովանավորությունը այս կարևոր գործում:

– Ի՞նչ խորհուրդ կտաք այն տղամարդկանց և կանանց, ովքեր որոշել են ընտանիք կազմել:

– Խորհուրդ կտամ համարձակ լինել, կազմել ընտանիք, Ընտանիքում ամրապնդել և ընդլայնել անհատականության զարգացման հնարավորությունները, տուրք չտալ դատարկ և անիմաստ ազատականությանը, սիրել, լինել սիրված: Տղամարդը պետք է լինի ընտանիքի պատասխանատուն և իշխանը, կինը՝ իշխանուհին և դաստիարակը:

– Ձեր կոչը մեր ընթերցողին:

– Շնորհավորելով «Ընտանիքի միջազգային օրվա» առթիվ՝ բոլոր ընտանիքներին մաղթում եմ մեր ավանդապաշտ պապերի՝ «մի բարձի ծերանաք, յոթը որդով սեղան նստեք» պատգամը: Հայերիս համար ընտանիք, օջախ հասկացությունը շատ ավելի նվիրական նշանակություն ունի, քանի որ դարեր շարունակ այն եղել է մեր ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման ինքնատիպ միջավայր, որտեղ դաստիարակվել են ստացածը խնամքով պահպանող ու հաջորդ սերնդին փոխանցող մեր սերունդները: Նշված գործոնը եղել է նաև մեր ազգի հարատևման ամենակարևոր գրավականը: Կայուն ընտանիքն է յուրաքանչյուր երկրի զարգացման առաջին օղակն ու կարևոր գործոններից մեկը: Ուզում եմ միտքս ավարտել մեծ գրող Մուրացանի խոսքերով.

Ամուր է այն ազգը, որն ունի ամուր ընտանիք:

 

Զրուցեց՝ Ռուբեն Կարոյանը

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան