Ընտանիք

6 խորհուրդ՝ հաջողակ ընտանիք ունենալու համար

Կարեն Հակոբյան
Հեղինակ՝ Կարեն Հակոբյան

Այսօր ընտանիքի տոնն է, ինչի առիթով շնորհավորում եմ բոլոր ընտանիքներին:

Ուզում եմ կիսվել 6 կարևոր սկզբունքով, որոնց շնորհիվ կառուցել եմ իմ ընտանիքը:

Չեմ կամենում պնդել, որ իմ ընտանիքն ամենահաջողակ ընտանիքն է, պարզապես ուզում եմ կիսվել այն մեթոդներով, որոնք օգնեցին ինձ իմ ընտանիքում հաստատել սեր և խաղաղություն: Այս 6 կետերը ես ամեն օր փորձում եմ կիրառել առօրյայում:

Ինքս չեմ հավատա, եթե որևէ մեկը պնդի, որ ունի կատարյալ ընտանիք, բայց միմյանցից սովորելը իրեն արդարացրած գիտություն է:

  1. Ընդունի՛ր ընտանիքդ, որպես նվեր Աստծուց

Ընտանիքն Աստծուց նվեր է, որը հաստատվում է եկեղեցում քահանայի միջամտությամբ, ձեր համաձայնությամբ և ձեր հարազատների վկայությամբ: Մեզ համար ընդունելի չէ այն, երբ մեկը մեզ նվեր է տալիս, և հետո ինքն է սկսում հսկել, թե մենք ինչպես ենք օգտագործում իր տված նվերը: Սա ինքնին սխալ երևույթ է: Նույնպես էլ Աստված, երբ տալիս է մեզ ընտանիք, չի անելու մեր փոխարեն ոչ մի բան, այլ ամուսիններն իրենք պետք է ջանք թափեն, որ հասնեն ընտանեկան խաղաղության, սիրո և միաբանության:

  1. Սերը թող թագավորի քո ընտանիքում:

Իմ կարծիքով սերը զգացմունք չէ, այլ որոշում:
Ըստիս զգացմունքը որոշման հետևանք է և մենակ իրենով հիմք չունի:

Հաճախ ընտանիքում վեճ է ծագում, քանզի մենք սկսում ենք որոշել, թե ինչ օրենքներ կիրառել, որ կարողանանք կառուցել մեր պատկերացրած ընտանիքը՝ մոռանալով սերը միմյանց մեջ: Ես սերը չեմ տեսնում այնպես, ինչպես ներկայացնում են ռոմանտիկ ֆիմերում, Հոլիվուդյան կամ հնդկական ֆիլմերում:

Սիրել ընտանիքը – նշանակում է կյանքն ապրել այնպես, որ քո ամեն քայլը բխի ընտանիքիդ ամեն անդամի շահերից:

  1. Տո՛ւր՝ առանց սպասելու:

Իմ ունեցած խնդիրները, որոնք առկա էին ամուսնության առաջին տարիներին, այն էր, որ որպես ամուսիններ ավելի շատ սպասումներ ունեինք միմյանցից, քան պատրաստակամություն տալու:

Երկար զրույցի արդյունքում հիասթափվում էինք իրարից, քանի որ չէինք կարողանում արդարացնել միմյանց սպասումները: Հետո մենք որոշեցինք ոչ թե միմյանց օգտագործենք, որ երջանկանանք, այլ մեզանից ամեն մեկը ջանք անի երջանկացնել մյուսին:

Աստիճանաբար նկատեցի հետևյալը. Երբ ընտանիքում շեշտադրություն չեմ դնում իմ անձնական շահերի վրա, այլ կնոջս ու երեխաներիս շահն եմ որոնում, արդյունքում տիրում է սիրո և խաղաղության մթնոլորտ, քանի որ իմ ընտանիքում մնացածն էլ նույնն են անում՝ օրինակ վերցնելով ինձանից:

  1. Փոխի՛ր կարգավիճակդ «տղա»-ից «տղամարդ»-ու:

Այս մեկն ուղղում եմ տղամարդկանց:

Քո ամուսնությունից հետո փոխվում է մի բան, որ այլևս չես ապրելու միայն քո համար, այլ նաև կնոջդ ու երեխաներիդ:

Երբ տղան սա կարողանում է ըբռնել, այդ ժամանակ ես նրան կոչում եմ տղամարդ:

Իմ կարծիքով «տղայի» ու «տղամարդու» մեջ տարբերությունն այն է, որ «տղա»-ն դեռ պատրաստ չէ պարտականություն վերցնելու կյանքն ապրելու ոչ միայն իր, այլ ընտանիքի շահերի համար:

Իրական տղամարդը պետք է գիտակցի, որ նա է ընտանիքի առաջնորդը, և ամեն բան անում է, որ ընտանիքը պահպանված լինի, լինի պաշտպանված հոգևոր, ֆիզիկական, ֆինանսական և ամեն առումով:

«Տղա»-ից «տղամարդ» դառնալը մի օրում չի լինում, այլ մի պրոցես է, որի մեջ ինքս էլ եմ գտնվում, և շարունակում եմ զարգանալ:

Որոշում կայացրու, որ դու էլ ես ապրելու ընտանիքիդ շահերի համար, ժամանակ տրամադրի քեզ զարգանալու, և ազատ եղիր սխալվելու մեջ: Սխալվում ենք բոլորս, իսկ ուղղվում են ուժեղները:

  1. Եղի՛ր հնազանդ:

Երկրներում, որտեղ ֆեմինիզմը զարգացում է ապրել, այս նախադասությունը սիրված չէ, բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ Աստվածաշունչը խոսում է կնոջ հնազանդության մասին: Եվ եկեղեցում ամուսնանալիս, ամեն կին խոսք է տալիս լինել հնազանդ, բայց ի՞նչ է նշանակում լինել հնազանդ: Ինչ որ գրում եմ, սա իմ կարծիքն է, որը ձեռք եմ բերել՝ ապրելով իմ երիտասարդ կյանքը, և չեմ պնդում, որ սա հիմնական ճիշտ մեկնաբանությունն է, որը գոյություն ունի: Ես կարծում եմ, որ հնազանդ լինել չի նշանակում ստրուկ լինել և քեզ որպես ստրուկ զգալ: Նույնիսկ համոզված եմ, որ կինն իրեն ստրուկ չի զգա այն ժամանակ, երբ որ կողքին ունենա տղամարդ, ով որոշում է կայացրել ապրել իր կյանքը՝ երջանկացնելով իր կնոջը և երեխաներին: Հնազանդ բառին ես կտամ հետևյալ սահմանումը. կամավոր ընտրել չապստամբել ամուսնու դեմ՝ նրան սիրելու և հարգելու պատճառով: Երբ որ կինը կամավոր հնազանդվում է, դա տղամարդուն առիթ է տալիս, որ նա ավելի շատ սիրի իր կնոջը:

Գուցե այս ամենը դժվար է ընդունել մեկից, ով իր կյանքի մեծ մասն ապրում է եվրոպական երկրում, բայց իմ կյանքի փորձն ու թեկուզ կնոջս վկայությունն այն է, որ մեր ընտանիքում շատ խնդիրներ լուծվել են այն ժամանակ, երբ կինս որոշել է չասել վերջին խոսքն, այլ ուղղակի լռել:

  1. Երբեք չհիասթափվե՛ս:

Հիշիր, որ հիասթափվում են թույլերը. Ես հավատում եմ, որ հայ ընտանիքները իրենց բնույթով ուժեղ են, իսկ նրա զորությունից է կախված ազգի ուժը:

Բազում խնդիրներ կլինեն, և անգամ հիասթափություն բերող ակնթարթներ, բայց ես կոչ եմ անում, որ չհիասթափվես:

Աշխարհը կարծես ուրախանում է, երբ մարդիկ դժբախտանում են, բայց հիշի՛ր, որ ամեն հայ ընտանիքի դժբախտություն, դա բոլոր հայերի ցավն է: Որովհետև դժբախտ ընտանիքներում տուժում են 2 կողմը, և հոգեպես «զոհվում» են երեխաները:

Հիասթափությանդ պահին հիշի՛ր այն պահը, երբ կանգնած էիր եկեղեցում, ուր ներկա էին ծնողներդ, ովքեր սրբություն են քեզ համար, ներկա էր քո քավորը, ով սրբություն է քեզ համար, Քրիստոսի ներկայությամբ, և Նրա տաճարի մեջ ասել ես հետևյալ բառերը. «Մինչև մահը մեզ չբաժանի»…

Հուսով եմ, որ այս 6 խորհուրդներն ինչ-որ չափով կարող են օգնել քեզ ունենալ հաջողակ ընտանիք: Ինձ համար հաջողակ ընտանիքն այն ընտանիքն է, որտեղ բոլոր անդամներն իրենց կզգան ապահով, սիրված և հարգված:

Փորձի՛ր այս 6 խորհուրդները որևէ կերպ կիրառել քո ընտանիքում, եթե իհարկե դեռ չես կիրառում: Եթե դեռ չես կազմել ընտանիք, կարող ես կարդալ և խորհել, թե որքանով դրանք պետք կգան քո կյանքում այն ժամանակ, երբ ստեղծես քո ընտանիքը: Մեծ հաճույքով կլսեմ նաև ձեր խորհուրդները, թե ինչ խորհուրդ դուք կցանկանայիք տալ ընտանիքներին, կամ ընտանիքի անդամներին: Կարող եք կիսվել մեկնաբանություններում, ես կփորձեմ ձեզ անձամբ պատասխանել:

Կարեն Հակոբյան

Հեղինակի մասին

Կարեն Հակոբյան

Կարեն Հակոբյան

Սովորում է Ուտրեխտի համալսարանի (Հոլանդիա) Փոքր և միջին ձեռնարկատիրության կառավարման ֆակուլտետում՝ «Առաջնորդություն և ստեղծագործական բիզնես» մասնագիտացմամբ: Edita Media հոլդինգի և Armenia Design ընկերության հիմնադիրն է: Սիրում է ընթերցանություն, առցանց մարքեթինգ և սպորտ: