Սպորտ

Մադրիդի Ռեալի ձախողման 7 պատճառները

Այս մրցաշրջանում Մադրիդյան ակումբը ունեցել է վերելքներ և վայրէջքներ: Բայց Ռեալի երկրպագուները մինչև վերջ հավատում էին իրենց թիմին և այս մրցաշրջանն անցյալ տարվա պես նվաճած տիտղոսներով ավարտելու հույսեր փայփայում:

Սակայն ամեն ինչ ստացվեց այլ կերպ. սերուցքայինները գրեթե ամբողջովին զրկվել են այս մրցաշրջանում որևէ գավաթ նվաճելու հնարավորությունից:

Արքայական գավաթի խաղարկությունից Ռեալը դուրս էր մնացել դեռ 1/8-րդ եզրափակիչ փուլից, իսկ մնացած 2 մրցաշարերի պայքարից Ռեալը դուրս մնաց վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Կորցնելով միավորներ սեփական հարկի տակ Վալենսիայի հետ խաղում՝ Ռեալը Իսպանիայի առաջնության ավարտին մնացած 2 տուրերից առաջ 4 միավորով հետ մնաց Բարսելոնայից և կատալոնացիներին հերիք է 1 հաղթանակ և նրանք կհռչակվեն չեմպիոն: Իսկ Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում Կառլո Անչելոտտիի թիմը կիսաեզրափակիչ երկու հանդիպումների արդյունքում ընդհանուր 3-2 հաշվով զիջեց Յուվենտուսին:

Ներկայացնում ենք ձեզ Իսպանական Marca պարբերականի կարծիքով այս տարվա Ռեալի ձախողման 7 պատճառները:

  1. Մեկնարկային կազմի ռոտացիայի բացակայությունը

1Ռոտացիայի բացակայության պատճառով մադրիդցիների մեկնարկային կազմի խաղացողները մրցաշրջանի վերջնամասի կարևորագույն հանդիպումներին մոտեցան բավականին թույլ ֆիզիկական մարզավիճակում:

  1. Լուկա Մոդրիչի և այլ ֆուտբոլիստների վնասվածքները

2Կառլո Անչելոտտիի տակտիկական սխեմայում խորվաթ կիսապաշտպանը թերևս կարևորագույն բաղկացուցիչ գործոնն է: Մոդրիչի բացակայության դեպքում Ռեալի համար դժվարանում է գնդակի վերահսկումը և կորում է գրոհների սրությունը: Մոդրիչից բացի, թիմն ունեցավ բավականին մեծ կորուստներ, վնասվածքների միջով անցան Խամեսը, Ռամոսը, Բեյլը և Բենզեման:

  1. Կրիշտիանու Ռոնալդուի արդյունավետության կտրուկ անկումը

3Իհարկե Մադրիդի հաջողության գլխավոր գրավականն է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: 2014 թվականին Ռոնալդուն ունեցել էր խփված գոլերի ֆանտաստիկ ցուցանիշներ, նաև կատարում էր շատ գոլային փոխանցումներ: Սակայն արդեն այս՝ 2015 թվականին, Ռոնալդուն կորցրել է իր նշանառությունն, ինչը չէր կարող չանդրադառնալ թիմի երբեմնի արդյունավետ խաղի վրա:

  1. Մարզչի անվստահությունը պահեստայինների նկատմամբ

4Իյարամենդի, Խեսե, Խեդիրա, Չիչարիտո, Լուկաս Սիլվա, Կոենտրաու՝ սրանք այն ֆուտբոլիստներն են, ովքեր խաղերի մեծամասնությունում զբաղեցնում էին պահեստայինների նստարանը՝ ստանալով խաղալու եզակի հնարավորություններ:

  1. Գարեթ Բեյլի անընդունելի վատ խաղը

5Ուելսցի ֆուտբոլիստը նույնպես հանդիսանում է Անչելոտտիի համար շատ կարևոր խաղացող իր սխեմայում: Բայց Բեյլի խաղը շատ հեռու է նրա՝ 2014 թվականին ցուցադրած խաղից, նա իր անմիջական մասնակցությունն էր ունեցել Ռեալի անցյալ մրցաշրջանի տիտղոսների նվաճման գործում: Բայց այս տարի Բեյլը ցուցադրում է շատ ցածր որակի խաղ՝ այն աստիճան, որ և՛ երկրպագուները, և՛ մասնագետները ձևավորել էին մի կարծիք, որ երբ Բեյլը խաղադաշտում է, Ռեալը խաղում է 10 հոգով:

  1. Անհաջող արդյունքներ գրանդ ակումբների դեմ խաղերում

6Ռեալն այս տարի խաղում է անարդյունավետ, մասնավորապես իրեն հավասար գրանդ ակումբների հետ: Այս պնդումը լավագույնս ապացուցում են Ատլետիկոյի հետ կայացած հանդիպումները, երբ այս մրցաշրջանում այս մրցակցի դեմ 6 խաղերից Ռեալը կարողացավ հաղթել միայն մեկում: Նաև Ռեալը իր հակամարտությունները պարտվեց Բարսելոնայի և Յուվենտուսի դեմ:

  1. Անչելոտտիի՝ պրոբլեմների հանդեպ անտարբերությունը

72015 թվականին Ռեալի բազմաթիվ պրոբլեմները երևում էին ակնհայտ, բայց իտալացի մարզիչը չէր փորձում դիմել կտրուկ փոփոխությունների՝ իրավիճակը բարելավելու համար: Թիմը դուրս էր գալիս խաղադաշտ, ցուցադրում նույն խաղը, խաղադաշտ էին դուրս գալիս միևնույն խաղացողները, և նրանց փոխարինման էին դուրս գալիս նույն ֆուտբոլիստները… և, որպես այս ամենի հետևանք, հակառակորդները շատ լավ կարողացան ուսումնասիրել Ռեալի խաղն ու արժանիորեն դիմադրել արքայական ակումբին:

Հեղինակի մասին

Կարո Հովակիմյան

Կարո Հովակիմյան

Սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում: Ապագա տնտեսագետ-ճարտարագետ է: Ֆուտբոլի մեծ սիրահար է:
Սիրում է հավատարիմ ընկերներին. մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, վստահությունը և փոխադարձ հարգանքը: