Ինչպես մայր Հայրենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր հայաշատ անկյուններում այս տարի «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով կազմակերպվում են ոգեկոչման միջոցառումներ՝ նվիրված դարասկզբի ամենամեծ ոճիրի՝ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին:
Այդ շարքն օրերս համալրեց Նիդեռլանդների ամենախորհրդանշական կառույցներից մեկում՝ Նոյյան Տապանում «Կանչող Ձայն» երիտասարդական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը:
Միջոցառման վայրը խորհրդանշական էր եւ արտահայտում էր վերածննդի գաղափարը: Վերածնունդ, որի շնորհիվ հայերն ապրեցին ու տարածվեցին աշխարհով մեկ: Միջոցառման մասնակցիներին իր խոսքն ուղղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով մասնավորապես շեշտեց հանուն ցեղասպանությունների կանխարգելման միասնական պայքարի, հիշելու, դատապարտելու և պահանջելու միջոցով արդարության հասնելու անհրաժեշտությունը:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև «Քրիստոնեական միություն» կուսակցության նախագահ Արի Սլոբը և Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:
Արի Սլոբն, ով ս/թ. ապրիլի 24-ին մասնակցել էր Երևանում անցկացվող ոգեկոչման միջոցռումներին, բարձր գնահատեց «Կանչող Ձայն» ծառայության երիտասարդների ակտիվությունն ու նրանց ծավալած գործունեությունը։ Նաև ներկաներին փոխանցեց իր տպավորությունները և կոչ արեց պատկան մարմիններին` Հայոց ցեղասպանության թեման ներառել Նիդերլանդներում ուսուցանվող համաշխարհային պատմության դասագրքում:
Ոգեկոչման միջոցառմանը Կոմիտասի գանձարանից կտորներ ներկայացրեց երգչուհի Աննա Բարխուդարյանը:
Երաժշտական համարներ կատարեցին «Արարատ» նվագախումբը, դուդուկահար Նիկոլայ Ռոմաշչուկ կրտսերը, հոլանդահայ հայտնի երաժիշտ Արիստակես Եսայանն ու սաղմոսերգու Արսեն Ավանեսյանը: Ելույթ ունեցավ նաև «Օրինակելի օտարերկրացի» կազմակերպության հիմնադիր Ջորջ Առաքելը։
Նշենք, որ Նոյյան Տապանը գտնվում է Հյուսիսային Հոլանդիայում՝ Դորդրեխտում: Այն հեղինակել է Յոհան Հյուբերտը: Տապանի կառուցումը եղել է հեղինակի 20-ամյա երազանքը: Այն ճշտորեն կրկնօրինակում է Նոյյան Տապանի Աստվածաշնչյան ծավալները: Տապանն օրական կարող է հյուրընկալել մինչեւ 3 000 այցելուի: Տապանի կառուցման համար պահանջվել է 3.6 միլիոն դոլար: