Փիլիսոփայություն

Այս հոդվածը պետք է կարդան և՛ հաջողակները, և՛ անհաջողակները

Պարտեզում ծաղիկները միասին հավաքված՝ զրուցում էին իրար հետ:

Ամեն մեկը հիանում էր իր գեղեցկությամբ, նրբությամբ, թե որքան գեղեցիկ է Աստված նրանց ստեղծել:

Վարդը հիանում էր իր գեղեցկությամբ, Շուշանը՝ իր նրբագեղությամբ ու նաև նրանով, որ իր անունը հիշատակվում է Աստծո կողմից՝ Աստվածաշնչում, որպես անհասանելի գեղեցկությամբ մի ծաղիկ, Խոլորձը՝ իր թակարժեքությամբ, Փողաշուշանը (Կալան)՝ իր նրբագեղ հասակով:

Կակաչ

Կակաչ

Այսպես բոլոր ծաղիկները, ամեն մեկը հիանում և գովում էին մեկմեկու: Բայց Կակաչը գլուխը կախած լուռ լսում էր և իր մտքում զայրանում ու մեղադրում Աստծուն, թե ինչու է իրեն այդքան տգեղ, սև, անպետք, անհետաքրքիր ստեղծել:
Ծաղիկների խոսակցության ժամանակ պարտեզ է մտնում Աստված և հիանում իր արարչագործությամբ: Հանկարծ նկատում է Կակաչին՝ գլուխը կախած, որ տխուր և լուռ նայում է բոլորին: Մոտենալով նրան՝ հարցնում է.
-Ինչո՞ւ ես այդքան տխուր: Իսկ դու ինչո՞ւ չես ուրախանում և հիանում քո գեղեցկությամբ, ինչպես բոլորը:
Կակաչը, մի պահ լռելով, պատասխանում է Աստծուն.

– Ես ինչո՞վ ուրախանամ․ ես այնքա՛ն տգեղ եմ, անգույն, այնքա՛ն սև:

Կակաչ

Կակաչ

Իսկ տե՛ս Վարդին, Շուշանին, իսկ Խոլորձը ինչ թանկարժեք է: Իսկ ես ոչի՛նչ եմ, անբա՛խտ, անհետաքրքի՛ր, անարժե՛ք, – նեղացած պատասխանում է Կակաչը:
– Դո՞ւ ես անգույն, դո՞ւ ես տգեղ, այդ ո՞վ է քեզ այդպես համոզել, – զարմացած հարցնում է Աստված:
– Դու ամենագեղեցիկներից մեկն ես, ես քեզ հավասար, նրանց ամեն մեկի նման եմ ստեղծել, բայց միևնույն ժամանակ այնքան տարբեր, որ այդ տարբերության մեջ ոչ թե դու ինքդ քեզ նրանց հետ համեմատվելով՝ թերագնահատես, այլ գնահատվես: Ես քեզ տվել եմ այնպիսի ալ կարմիր գույն, որ այն օգտագործվում է և համարվում՝ հաղթանակի՛, ուժի՛, առաջնորդի՛ գույն․ այդ գույնով շատերն ընդգծում են իրենց գեղեցկությունը․ այնպիսի նրբություն եմ տվել քո թերթիկներին, որ նրանք այնքա՜ն նազանքով են օրորվում մեղմ քամուց, որ Վարդը կերազեր քո նուրբ պարերին:
-Օ՜, այդ ի՞մ մասին էս խոսում Աստվա՛ծ, այդ ե՞ս եմ այդպիսին: Միգուցե դու շփոթվում ես, մեկ ուրիշի մասի՞ն ես խոսում:
-Ո՛չ, հենց քո՛ մասին եմ խոսում, բացիր աչքերդ, թերթիկներդ և կտեսնես քո գեղեցկությունը․ դու միշտ փակված ես եղել, երբեք չես բացել աչքերդ, ինքդ քեզ չես ճանաչել, դու միայն սովոր ես եղել ուրիշների գեղեցկությունը նկատել՝ անտեսելով քոնը, քանի որ միշտ փակված լինելով՝ քո աչքերը չեն տեսել կարմիր գույնդ, այլ միայն սևը, որը կա քո մեջ:
Կակաչը բացում է իր թերթիկները և սկսում է նայել իրեն և զարմանում է իր գեղեցկության, նրբության և գույնի վրա: Եվ սկսում է պարտեզի ծաղիկների պես լիարժեք ուրախանալ և հիանալ իրենով և կյանքով:

Դո՞ւ էլ ես բարկացած այս Կակաչի նման քո բախտի, կյանքի վրա՝ քեզ համեմատելով ուրիշների հետ: Զայրանալով Աստծո վրա, մեղադրելով քո կյանքին և բախտին:

Բերեմ մի գիտական բացահայտում․ ըստ մարդաբանության գիտության՝ յուրաքանչյուր մարդու մեջ կա 500-700 պոտենցիալ շնորհք, որը մարդկության մի մասը դրա մասին ընդհանրապես տեղյակ չէ: Ողջ կյանքում մարդը միայն կարողանում է օգտագործել միայն այդ շնորհքների 2-9 տոկոսը: Քանի որ 70-120 տարին դեռ բավական չէ՝ բոլորը բացահայտելու համար: Բայց, եթե մարդը կարողանա իր ժամանակը և շնորհքները ճիշտ կիրառել, ապա ըստ մասնագետների՝ կհասնի մինչև 15 տոկոսի:

Տեսնում եք՝ Աստված ինչքան առատաձեռն է գտնվել մարդկության նկատմամբ:

Մարդկության մեծամասնությունը, իր լեզվով ասած անբախտ, անտաղանդ է, քանի որ նա մեծ ժամանակ է անցկացնում ուրիշներին ուսումնասիրելու համար, քան՝ իրեն:

Եկել է ժամանակը՝ ժամանակը և կյանքը՝ անտեղի չմատնելու․ սկսի՛ր ուսումնասիրել ինքդ քեզ և կհասկանաս, որ դու էլ ոչ մեկից պակաս հաջողակ չես:

Աստված բոլորին հավասար, սակայն միևնույն ժամանակ շատ տարբեր է ստեղծել, որ յուրաքանչյուրը կարողանա այդ նույն ստեղծագործության մեջ տարբերվի: Ոչ թե հպարտանալու համար կամ էլ՝ տխրելու, այլ որ բոլորը կարողանան հենց ա՛յդ նույնության մեջ տարբերվել:

Դու տարբեր ես տարբերվելու համար, այլ ոչ թե՝ անբախտ լինելու:

Հիշի՛ր՝ չկա տգեղ, անտաղանդ մարդ երկրի վրա, այլ կան իրենցից անտեղյակ, իրենք իրենց չճանաչող մարդիկ: Աստված անաչառ Աստված է․ նա ոչ ոքի անտարբերության չի մատնել:

Օգտագործի՛ր քո տարբեր լինելը՝ որպես յուրահատկություն, այլ ոչ թե հպարտանալու կամ էլ տխրելու առիթ:

Բախտին պետք չէ ման գալ, այն քո մեջ է:

Էշի վրա նստած՝ էշին է ման գալիս: Ժողովրդական ասացվածք

Նկարները՝ Հրայր Ղուլինյանի

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: