Ապրելակերպ

Կարիքավո՞ր, թե՞ կարեկցող

Մեր օրերում ավելի շատ նկատելի են մարդիկ, ովքեր միշտ ունեն հոգատարության, խնամքի, ուշադրության կարիք:

Եվ շատ քիչ մարդկանց կարող ես հանդիպել, որոնք մտածում են, որ կարող են լինել որևէ մեկի կարիքը լրացնողը, որևէ մեկի մասին հոգ տանողն ու բարձրացնողը:

Սիրելի ընթերցող իմ այս նյութով ես ցանկանում եմ քո միտքը կենտրոնացնել կարիքավորից դեպի կարեկցողի վրա: Կա մի տիեզերական սկզբունք, որն է ցանելու և հնձելու անխախտ սկզբունքը: Այն գործում է, անկախ նրանից դու հավատում ես դրան, թե ոչ: Դու կարող ես ընթերցել շատ հեղինակավոր հաջողակ գործարարների մասին և տեսնել թե ինչպես են նրանցից գրեթե բոլորը վկայում այն մասին, որ իրենց հաջողության բանալին ճիշտ ընտրված հողում (բնագավառներում)  առատ ցանքսն է: Դա գործում է ոչ միայն նյութականի այլև հոգևորի դեպքում: Եթե դու ուզում ես լինել սիրված, դու պետք է սովորես սիրել, եթե ցանկանում ես պատվի արժանանալ դու պետք է պատվես մարդկանց և այսպես շարունակ:

Քո կարիքները երբեք էլ չեն լինի լրացված, քանի դեռ դրանք քո ուշադրության կենտրոնում են:

Դադարի’ր անդադար մտածել քո կարիքների մասին, փորձելով լրացնել մեկ ուրիշի կարիքը և կտեսնես, թե ինչպես է ” հաջողությունը դառնում քո ճակատագիրը “ : Այն մարդիկ, ովքեր միշտ կարիքավոր են նրանք միշտ էլ մնում են այդ կարգավիճակում և երբեք էլ իրենց բավարարված չեն զգում, նրանք միշտ պահանջողի և վերցնողի դերում են: Սա ձևավորված աղքատ մտածելակերպի դրսևորումն է ապրելակերպում, որը զուրկ է բարգավաճումից: 

Նպաստել որևէ մեկի հաջողությանը, ներդրում կատարել որևէ մեկի կյանքում, կիսվել փորձով որևէ մեկի հետ, սա իրական հաջողության բանալին է:

Դու կարիք ունես դուրս գալու կարիքավորի քո կաղապարից, եթե նույնիսկ շատ են կարիքներդ: Դու պետք է կարողանաս քեզ տեսնել քո կարիքներից այն կողմ, որտեղ դու դառնում ես կարեկցող: Եթե դու հաղթահարես և կոտրես այդ կաղապարը քո կյանքում, շատ շուտով դու կտեսնես, որ դու ունենալով կարիքներ դուրս ես կարիքավորի կարգավիճակից և ուրիշների կյանքում ցանելով կարեկցանք դու այն առատությամբ հնձում ես քո կյանքում:
Եվ քո բոլոր կարիքները լրացվում են, քանի որ դու ցանում ես “բարի” հողում:

Իսկ հիմա սկսիր ապրել որպես կարեկցող, եղիր հաջողակ և նպաստիր, որ շատերը լինեն այսպիսին: Փորձի’ր և շատ շուտով դու կզգաս, որ այսպիսի կյանքն ավելի բավարարված է և երջանիկ:

Մերի Հովհաննիսյան

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից:

Մեկնաբանել գրառումը