Պատմություն

Այսօր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը Երևանում
YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Ալեքսանդր Թամանյանի մտքերից

Ճարտարապետությունը քարե սիմֆոնիա է։

 

Չարենցը՝ Ալեքսանդր Թամանյանի մասին

Նա տեսել է արևային մի քաղաք…
Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած
Արևային ժամացույց՝ քարտե՜զն ահա քաղաքի, —
Պողոտաներ, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին։
— Եղիշե Չարենց

 

Alexander Tamanyan

Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանը

Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյան (1878, մարտի 4 (մարտի 16), Կրասնոդար – 1936թ. փետրվարի 20, Երևան) հայ ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս (1914 թ), ՀՍՍՀ ճարտարտապետ (1926 թ), հայ նոր ճարտարապետության հիմնադիրը։

Կենսագրություն

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ Երկար տարիներ նա ապրում ու ստեղծագործում է Ռուսաստանում, նախագծում ու տարբեր քաղաքներում կառուցում բազմաթիվ շինություններ։ 1919-ին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923-ին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923-ից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924-ից), Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ։

Գործունեությունը

Թամանյանի առաջին գործը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու (1779, ճարտարապետ՝ Յու. Մ. Ֆելտեն) վերակառուցումն է (1904-1906)։

Հետևելով Նիկողայոս Մառի Անիի պեղումներին՝ նախագծել է Անիի թանգարանը (1908, չի իրականացվել)։

Թամանյանի նախագծերով 1907-1913 թթ. կառուցված շենքերում կիրառված են դասական և XVIII-XIX դդ. սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը։

  • Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (1911-1912)
  • Շչերբատովի տունը Մոսկվայում (1911-1913 Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալ, 1914)
  • Յարոսլավլի հոբելյանական ցուցահանդեսի փայտաշեն համալիրը (1913)
  • Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոգորովկայում (այժմ՝ Կրատովո, 1913-1917)

Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքն է եղել Երևանի գլխավոր հատակագիծը 150 հազար բնակչի համար, որն հաստատվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի կողմից 1924 թվականին։ Այդ նախագծի իրագործումով մեծապես տուժեց 16-18-րդ դդ.-ի Երևանի պատմաճարտարապետական տեսքը։ 1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 000 բնակչի համար։ Այն մնացել է անավարտ։ 1925-1933 թվականներին նախագծել է Լենինականի (Գյումրի), Վաղարշապատի, Ստեփանակերտի, Կամոյի (Նոր Բայազետ, Գավառ), Հրազդանի, Լուկաշինի, Նուբարաշենի և այլ բնակավայրերի հատակագծերն, որոնցից ոչ բոլորն են իրականացվել։

Երևանում նրա նախագծով կառուցվել են՝

  • աստղադիտարանը (1930-1935)
  • անատոմիկումը (1926-1933)
  • անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը (1927-1932)
  • հանրային գրադարանը (1932-1938)։
  • Կառավարության տունը (առաջին հերթը՝ Հողժողկոմատ, 1926-1929, հետագայում՝ Կառավարական տուն, 1932-1941, ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1942, հետմահու)
  • Օպերայի և բալետի թատրոնը (1926-1953, սկզբնական նախագծերում՝ ժողովրդական տան թատրոն)։
Ալեքսանդր Թամանյանի պատկերով ՀՀ թղթադրամ (շրջանառությունից հանված է)

Ալեքսանդր Թամանյանի պատկերով ՀՀ թղթադրամ (շրջանառությունից հանված է)

Կառավարական տունը և Օպերային թատրոնի ու համերգասրահի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների լուծումները, առաջինը՝ Հանրապետության հրապարակի անսամբլի (ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1970, հետմահու, հեղինակային խմբի հետ), երկրորդը՝ թատրոնի (նախագիծը՝ 1937-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալ) շրջակա տարածության և հիմնական, մայրուղիներից մեկի՝ Հյուսիսային պողոտայի կառուցապատումը։

Հիդրոկայանի շենքը Թամանյանի առաջին այն աշխատանքներից է, որտեղ նա ստեղծագործորել օգտագործել և զարգացրել է հայ ճարտարապետության ավանդույթները։ Հիդրոկայանի շենքը ճարտարապետության ու բնության ներդաշնակ կապի և անսամբլի լավագույն օրինակներից է։

Թամանյանի ստեղծագործություններում հայ ճարտարապետության ծավալատարածքային և արխիտեկտոնիկ առանձնահատկությունները, մանրամասերի անկրկնելիության և բազմազանության սկզբունքը նոր մեկնաբանություն և որակ են ստացել։

Թամանյանի ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթները զարգացնելու և դրանց հիման վրա նորը ստեղծելու գործում՝ սկզբնավորելով ճարտարապետության թամանյանական դպրոցը։

Նրա կառույցներում ճարտարապետական ձևերը ճշմարիտ են և օրգանական՝ պայմանավորված հիմնական շինանյութի՝ քարի հատկություններով։ Քաղաքի մասերի, հանգույցների և անսամբլների Փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը Թամանյանը մշակել է քաղաքաշինության պահանջների իր ընկալումով և սկզբունքներով։ Կազմելով Երևանի գլխավոր հատակագիծը, Թամանյանը նախատեսել է քաղաքի հիմնական անսամբլները, դրանց տարածական լուծումները, և նրա նախագծած ամեն մի շենք այդ անսամբլների օրգանական մասն է կազմում։

Թամանյանի անունով են կոչվել Երևանում փողոց՝ հուշարձանով (1974), շինարարական տեխնիկումը (1953), Հայաստանի ճարտարապետների միության տունը (1978), թանգարան-ինստիտուտը (2001)։

2001թվականին ՀՃՄ սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ։

ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1401-Ն որոշմամբ ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը։

Ալեքսանդր Թամանյանի մասին գրվել են պոեմներ, որոնցից մեկի հեղինակը Աղասի Այվազյանն է։

Նյութի սկզբնաղբյուրը՝ Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: