Ապրելակերպ

Ժառանգությունից հրաժարվելու և չընդունելու կարգը

Ժառանգության բացման պահին ժառանգի մոտ առաջացող ժառանգման իրավունքն իր մեջ ընդգրկում է ոչ միայն ժառանգությունն ընդունելու հնարավորություն, այլև այդ իրավունքից  հրաժարվելու իրավունք:

Ժառանգությունից հրաժարվելը ժառանգի կամքի արտահայտման ձև է: Ի դեպ, պետք է ժառանգությունից հրաժարվելը տարբերել ժառանգությունը չընդունելուց: Ժառանգությունից հրաժարվելու մասին դիմումը ժառանգը նոտարին է հանձնում անձամբ, իսկ այդ հնարավոր չլինելու դեպքում նրա ստորագրությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից:

Ժառանգման իրավունքից հրաժարվել կարող են ինչպես ըստ օրենքի, այնպես էլ կտակի ժառանգները: Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընդացքում:

Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից հօգուտ՝

Ա) Ըստ օրենքի ժառանգների

Բ) Ըստ կտակի ժառանգների

Գ) Հայաստանի Հանրապետության, համայնքների:

Չի կարելի ժառանգությունից հրաժարվել հօգուտ այն անձանց, ովքեր իրավունք չունեն ժառանգելու, այսինքն՝ հօգուտ անարժան ժառանգների և կտակով ժառանգելու իրավունք չունեցող անձանց:

Եթե ժառանգներն անգործունակ և անչափահաս քաղաքացիներ են, ապա իրենց ժառանգման իրավունքներից հրաժարվելու համար պահանջվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների համաձայնությունը:

Եթե ժառանգը հրաժարվում է ժառանգությունից, առանց նշելու, թե հօգուտ ում է հրաժարվում, ապա  դա առաջացնում է այն հետևանքները, ինչ ժառանգությունը չընդունելը:

Եթե ժառանգը չի ընդունում ժառանգությունը, հրաժարվում է ժառանգությունից առանց նշելու այլ ժառանգի, հօգուտ որի նա հրաժարվում է, մեկուսացվում է ժառանգությունից որպես անարժան ժառանգ կամ կտակն անվավեր ճանաչելու հետևանքով, ապա ժառանգության այն մասը, որը կհասներ դուրս մնացած ժառանգին, անցնում է ժառանգման հրավիրված ըստ օրենքի ժառանգներին և նրանց մեջ բաշխվում է հավասար բաժիններով:

Եթե ժառանգն արդեն հայտնել է ժառանգությունից հրաժարվելու իր մտադրությունը,  ապա նա այլևս չի կարող վերցնել իր հրաժարումը կամ այն ետ վերցնել:

Չի թույլատրվում ոչ միայն ժառանգությունից վերապահումներով կամ պայմանով հրաժարվել, այլև հրաժարվել ժառանգին հասանելիք ժառանգության մասից: Սակայն ժառանգն իրավունք ունի հրաժարվել ավելացման իրավունքով  իրեն հասանելիք ժառանգությունից կամ ժառանգության մնացած մասը ժառանգելուց:

Եթե ժառանգը ժառանգման է հրավիրվում և ըստ կտակի, և ըստ օրենքի, ապա նա կարող է հրաժարվել իրեն հասանելիք ժառանգությունից  այդ հիմքերից մեկով կամ երկուսով:

Ժառանգին հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել՝

Ա) Կտակով ժառանգվող գույքից, եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված է իր կողմից նշանակված ժառանգներին,

Բ) Ժառանգության պարտադիր բաժնից,

Գ) Եթե ժառանգին ենթանշանակված է ժառանգ:

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: