Սպորտ

Ի՞նչ սպասել Հայաստան-Պորտուգալիա խաղից

2015 թվականի հունիսի 13-ին, Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական I խմբում գտնվում է վերջին հորիզոնականում՝ ունենալով ընդամենը 1 միավոր՝ հավասար Սերբիայի հավաքականի հետ, իսկ մեր մրցակից Պորտուգալիան 9 միավորով միանձնյա գլխավորում է մեր խմբի մրցաշարային աղյուսակը:

mkhitaryan-against-denmarkՀայաստանի հավաքականն անցկացրեց 4 ընտրական և մեկ ընկերական հանդիպում և չպարտվեց միայն մեկում. հենց Հայաստանում՝ Սերբիայի դեմ
խաղում: Այս ընտրական փուլում մեր հավաքականը, հյուրընկալվելով Դանիային, Պորտուգալիային, Ալբանիային, չկարողացավ տանել այդ երկրներից գեթ մեկ միավոր: Արդյունքում մեր հավաքականանի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Բեռնար Շալանդը, և նրա փոխարեն, որպես գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակվեց մեր հավաքականի լեգենդ՝ Սարգիս Հովսեփյանը: Այս պարտությունների գլխավոր մեղավոր ճանաչեցին հենց շվեյցարացի մասնագետին ու նրան հեռացրին: Կլուծվե՞ն արդյոք այդ խնդիրները նրա հեռացումից հետո՝ դեռ պարզ չէ:

Իհարկե Սարգիս Հովսեփյանը ունի մարզչական գործի փորձ, երկար ժամանակ հանդիսացել է մեր հավաքականի առաջատարը և հիանալի ճանաչում է մեր ֆուտբոլիստների մեծամասնությանը, բայց ակնկալել նրանից մարտավարական մեծ որոշումներ՝ թերևս սխալ կլինի:

55f54d1a2dd42c0e720f6a706700f87cՀայաստանի հույսը այս խաղում իհարկե մեր ֆուտբոլիստների մեզ՝ երկրպագուներիս երջանկացնելու և հայկական ֆուտբոլի պատիվը բարձր պահելու ցանկությունն է լինելու:

Այս ընտրական փուլի բոլոր հանդիպումներում նկատվել է մեծ և ցավալի մի փաստ: Մեր հավաքականը, խաղի ընթացքում ունենալով մեզ ձեռնտու հաշիվ, միշտ ձեռքից բաց է թողել այն: Այդ հանդիպումներից ամենացավալին երևի թե Երևանում Սերբիայի դեմ հանդիպումն էր, որտեղ մեր հավաքականը շատ մոտ էր այդքան սպասված հաղթանակին՝ ունենալով մեկ գնդակի առավելություն՝ Հայաստանի հավաքականը ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն Մարկոս Պիզելլին չկարողացավ իրացնել այն, և արդյունքում խաղի ամենավերջում հակառակորդը կարողացավ խլել մեզանից այդ հաղթանակը:

robert-arzumanyan-celebrating-goal-against-serbiaԲայց այդ խաղում մենք տեսանք շատ ագրեսիվ և արագ խաղ, կամք և պատրաստակամություն մեր տղաների կողմից՝ վնասվածքների պատճառով զրկված լինելով մեր բոլոր առաջատար հարձակվողներից: Այս փաստը մեծ հույս է մեզ համար, քանի որ այս անգամ այդ առաջատարները լինելու են, և հարկավոր է վերհիշել Սերբիայի դեմ հանդիպումը որպես օրինակ: Մնացած խաղերում մեր հավաքականի արդեն նախկին մարզիչ Բեռնար Շալանդը օգտագործեց պաշտպանողական տակտիկա և պարզ երևաց, որ մեր հավաքականը հակառակորդի երկարատև ճնշմանը դեռ դիմանալու հնարավորություն չունի, չնայած հենց Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում մենք մոտ էինք մեզ ձեռնտու հաշիվը պահելուն:

Հայաստանի Հավաքական

Կազմից այս անգամ բացակայելու է Յուրա Մովսիսյանը, ով վնասվածքի պատճառով հեռացավ, չեն հրավիրվել հավաքական նաև Եդիգարյան եղբայրները: Սարգիս Հովսեփյանն ընտրություն ունի խաղային գրեթե բոլոր դիրքերում: Շատ կարևոր խնդիր է գտնել մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի համար այն օպտիմալ դիրքը, որտեղ նրա գործողություններն առավելագույն վտանգը կներկայացնեն հակառակորդի համար:

armenia-national-teamՆաև ուղղակի կենսական խնդիր է մարզչի համար կենտրոնական հարձակվողի ընտրությունը, քանի որ նախորդ հանդիպումներում այդ դիրքում խաղացող Յուրա Մովսիսյանը գրեթե չէր ստանում գնդակը և կտրված էր ամբողջ թիմից, այս դիրքում Սարգիս Հովսեփյանը կարող է խաղարկել Արթուր Սարկիսովին և Ռուսլան Կորյանին, ովքեր կապահովեն մեր հարձակման կենտրոնի արագությունը և ճկունությունը: Եզրային հարձակվողների դիրքերում կարող են խաղադաշտ դուրս գալ Գևորգ Ղազարյանը և Արազ Օզբիլիսը: Հենակետային կիսապաշտպանի դիրքում կարող են խաղադաշտ դուրս գալ Ռումյան Հովսեփյանը, Կառլեն Մկրտչյանը, նաև այս դիրքում կարող է գործել Հենրիխ Մխիթարյանը: Պաշտպանության հարցը մի քիչ ավելի հեշտ է. այստեղ կենտրոնում երևի թե կգործեն Ռոբերտ Արզումանյանը և Գաել Անդոնյանը, իսկ եզրերից Կամո Հովհաննիսյանը և Լևոն Հայրապետյանը: Չնայած՝ ինչպիսի փոփոխություններ կանի Սարգիս Հովսեփյանը՝ հայտնի չէ:

Պորտուգալիայի Հավաքական

portugalԻնչ վերաբերում է մրցակցին, ապա այստեղ մեր դիմաց է դուրս գալիս շատ փորձառու մի հավաքական, որի կազմում շատ են ֆուտբոլային հաշվարկներով բավականին մեծ տարիքի ֆուտբոլիստներ, մանավանդ պաշտպանությունում, և դա կարող է լինել մեր հավաքականի համար օգտակար գործոն, քանի որ մենք ունենք երիտասարդ և շատ արագ հարձակվողներ: Կիսապաշտպանությունում պորտուգալացիները ունեն բավականին հայտնի խաղացողներ, ինչպիսիք են Ժոաո Մոուտինյո (Մոնակո) և Տիագու Մենդեշ (Ատլետիկո Մադրիդ), ովքեր հանդես են գալիս եվրոպական հայտնի ակումբներում: Իհարկե այս հավաքականի գլխավոր և ուժեղագույն գոտին է հարձակումը, այստեղ հանդես են գալիս այնպիսի հարձակվողներ, ինչպիսիք են Դանին, Ռիկարդու Կուարեժման, Նանին և իհարկե Ոսկե Գնդակի եռակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն: Բայց այս անուններից պետք չէ վախենալ, քանի որ մեր հավաքականը ունի մեծ փորձ այսպիսի հավաքականների հետ խաղում:

armenia

Խաղին մնաց 1 օր, և այս հանդիպման բոլոր տոմսերը սպառված են. սա էլ է լինելու մեծ օգտակար գործոն, քանի որ մեր աջակցությունը կլինի մեծ ոգևորություն մեր տղաների համար և իհարկե ճնշում՝ հակառակորդի համար: Դե ինչ, շաբաթ օրը բոլորս դեպի Հանրապետական մարզադաշտ՝ աջակցելու մեր հավաքականին դեպի հաղթանակ:

Հեղինակի մասին

Կարո Հովակիմյան

Կարո Հովակիմյան

Սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում: Ապագա տնտեսագետ-ճարտարագետ է: Ֆուտբոլի մեծ սիրահար է:
Սիրում է հավատարիմ ընկերներին. մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, վստահությունը և փոխադարձ հարգանքը: