Բիզնես

Հնարավո՞ր է արդյոք պահպանել էթիկայի կանոնները բիզնես գործընթացում

Օրենքին անհամապատասխան գործելը հանգեցնում է պատժի, իսկ էթիկայի նորմերին համապատասխան գործունեությունը ինքնին ենթադրում է բարեխղճորեն դրանց պահպանում: Էթիկայի նորմերի կիրառությունը  հիմնվում է  առանձին անհատների և տարբեր  կապերով  փոխկապված մարդկանց խմբերի  արժեքային համակարգերի վրա:

Այս ամենի հետ մեկտեղ բիզնեսը չի կարող արդյունավետ գործել միայն տնտեսական օրենքների իրավական կանոնների հիման վրա: Սրա հետ մեկտեղ պետք է պարտադիր լինի բարոյական, էթիկական հավասարակշռող նորմերի պահպանումը: Դրանք ոչ միայն պարզապես լրացնում են  բիզնեսըտնտեսական և իրավական օրենքների ավանդույթներն ու սկզբունքները, այլ նաև համարվում են  շուկայական հարաբերությունների գործունեության մեխանիզմի անբաժան մասը և դրականորեն են ազդում ռիսկի մակարդակի նվազեցման վրա:

Գոյություն ունի սխալ կարծիք, որ գործարար էթիկան հնարավոր չէ այն պատճառով, որ մրցակցության պայմաններում բարոյական կերպար ունեցող գործարարը շուտով կորցնում է իր մրցունակությունը և դուրս մնում շուկայից:

Եթե   գործարարը պահպանի էթիկական, բարոյական նորմերը միայնակ, առանց մրցակիցների կողմից նույն քայլին դիմելու, ապա առավել ակտիվ և ոչ բարոյական մրցակիցները շուտով նրան կուլ կտան և դուրս կմղեն մրցակցությունից: Այս կարծիքի կողմնակիցները կարծում են, որ էթիկան գործարար ոլորտում հնարավոր է միայն այն դեպքում, եթե բոլոր առևտրականները, ինչպես նաև շուկայի  այլ տնտեսավարող սուբյեկտներ  գործեն էթիկորեն ընդունելի նորմերով:

Բարոյական գործարարի դուրս մղումը հնարավոր է միայն այն դեպքում,  երբ բոլոր ձեռնարկությունները արտադրում են միայն ինքնածախսածածկման և նվազագույն ծախսերի սկզբունքներով ու միաժամանակ նրանցից ոչ մեկը շահույթ չի ստանում: Քանի որ մրցակցությունը հիմնականում ուղղված է ռենտային եկամուտների ստացմանը և շահույթի ապահովմանը, նշանակում է, որ շուկայի յուրաքանչյուր սուբյեկտ ձգտում է առավել բարեկեցիկ տեղ զբաղեցնել շուկայում, քան իր մրցակիցները:

Սակայն, յուրաքանչյուր իրավիճակում գործարարը կարող է զուգահեռաբար թույլատրել իրեն էթիկական նորմերի կիրառություն, անգամ երբ դա կապված է որոշակի ծախսերի հետ, որոնք կարող են ծածկվել ռենտային եկամուտների և շահույթի հաշվին: Նման կերպ, էթիկայի նորմերի կիրառությունը չի հանգեցնում գործարարի` շուկայից դուրս մղմանը, իսկ բարոյական վարքագծի  ծախսերը չեն բացառում շուկայում բարոյական վարքագծի դրսևորումը:

Ինչպես հայտնի է, բարոյականությունը հանդիսանում է ոչ միայն տնտեսության, իրավունքի ակտիվ գործունեության ձև, այլ նաև ռիսկի: Բարոյականությունը նշանակում է հասարակության մեջ ընդունված կանոնների խիստ պահպանում, որոնք սահմանում են` ինչ կարելի է անել, ինչ` ոչ, և որոնք հիմնվում են պատմական, հոգևոր և մշակութային արժեքների և յուրաքանչյուր ազգի  ազգային մտածելակերպի վրա:

Բարոյականության ոսկե կանոնը մարդուց  պահանջում  է մարդկանց հետ հարաբերություններում առաջնորդվել այնպիսի նորմերով, որոնք նա կցանկանար, որ ուրիշները կիրառեին իր հետ շփման ժամանակ:

Այլ խոսքերով ասած` մարդը պետք  է մտքով իրեն պատկերացնի դիմացինի փոխարեն և փորձարկի իր վրա տվյալ նորմերի  գործունեությունը: Գործարար էթիկան և բարոյականությունը բնորոշելիս Է. Կանտը գրում է. <<Շահույթը բարձր է ամեն ինչից, իսկ պատիվը` շահույթից>>:

Բիզնեսի աճը պետք է փոխկապակցված լինի գործարար  մարդու բարոյական բարձր արժեքների հետ:

Այսդիսկ պատճառով, երբ ընկնում է բարոյական նորմի արժեքը, մեծանում է ձեռնարկատիրական ռիսկի մակարդակը, ինչը պայմանավորված է բիզնեսով զբաղվող մարդկանց ոչ բարոյական գործունեությամբ:

Նվազում է արտադրության ողջ շուկայական մեխանիզմի  գործունեության  արդյունավետությունը և ապրանքների ընդլայնումը, ինչպես նաև տուժում է գործարար սուբյեկտի բարոյական պատասխանատվությունը:

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: