Բանաստեղծություններ

Փոշմանել եմ

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Շատերին, երբ ճանաչեցի
Բարևել, ու ընդունել եմ,
Տխուր էին, ինձ կանչեցին,
Մեծ եղբոր նման սիրել եմ:
Ծեր ու մանուկ, տարբեր դեմքեր,
Որոնց հետ ես ճամփորդել եմ,
Ճամփին ոմանց, որպես ընկեր,
Ընդունել ու հավանել եմ:

Ցավերից լուռ հառաչելիս
Սիրտս իրենց դեմ բացել եմ,
Իրենց կյանքից ամեն մանրուք
Ինձ պատմել են, իմացել եմ:
Շատերն իմ հետ ուխտ են կապել
Ընկերության, սիրո, գործի,
Միամտին հեշտ էր խաբել,
Միանգամից, առանց փորձի:

Ձեր դեմ ամեն դառը հանաք,
Իմ հումորով սպանել եմ,
Որ հոգսերից ազատ կենաք
Քունն աչքերիցս վանել եմ:
Որ նիրհելիս խաղաղ մնաք,
Աղմուկն առա ականջիս մեջ,
Կյանքի ցրտին որ դիմանաք,
Խոսքերս արի կրակ անշեջ:

Որ ձեր պարը չխափանվի,
Սրտիս լարն արեցի քնար,
Ագռավից էլ երգի՞չ քամվի.
Չեմ խնայել ոչ մի հնար:
Իսկ որ մատիս փուշը հանվի,
Որ չմնա ձեռքս տկար,
Պարապ ման եք գալիս սակայն
Ինձ բուժելու րոպե չկար:

Որ իմ տանը ձեզ տեղ լինի,
Մոտ հարազատիս վանել եմ,
Եղած տեղն էլ նեղ չլինի,
Բարձից գլուխս հանել եմ,
Այս ամենում արդեն հիմի,
Ցավում եմ, բայց փոշմանել եմ:

Փոշմանել եմ, որ չեմ ասել
Ձեր սուտ մտքերն իմացել եմ,
Նախընտրեցի ներել, սպասել,
Ձեր վարմունքից քարացել եմ:
Նա, ում ընկած թողիք դաշտում,
Խոսքն իր ծանր է ձեր քսակից,
Հիմա նրան զուր եք պաշտում,
Էլ չեք անցնի իր հասակից:

Սուտ եղբայր եք ձեզ հռչակել,
Հոգով, սրտով էլ միաբան,
Երբ ձեզ պետք եմ դուռս եք թակել,
Իսկ իմ գործում դուք միշտ անբան:
Դուռն իմ ճիշտ խոսքի փակեցիք,
Որ ձեր սուտը լուսաբանեք,
Թռիչքիս ուղին հատեցիք,
Էլ ինձ եղբայր մի անվանեք:

Այրվում եք, երբ պետք չէ կրակ,
Լաց եք լինում հորդ անձրևին,
Լույսի մեջ եմ, պետք չէ ճրագ,
Վերջ տվեք ձեր «եղբայր» ձևին:
Խեղդվում էի, իսկ դուք լողում,
Հետո փնտրում եք հաշտություն,
Հանուն փողի դեմք եք փոխում,
Դա կոչվում է փողպաշտություն:

Հոտին դուք եք հովիվ բարի,
Մեր վրա եք բեռը դրել,
Մենք մարտնչում ենք քաջարի,
Փառքի վեղար դուք եք կրել:
Ալարում եք ականջ սրել,
Որ խուսափեք վատ խաբարից,
Ջանք եք անում բերքը ջրել,
Բայց կաթում է ջրամբարից:

Երբ զանգում եք, կամ կարոտու՞մ,
Ժպտում եմ, բայց չեմ հավատում,
Դառնությունը սիրտս է պատում,
Երբ կեղծիքն է շրջապատում:
Պատասխան չունեմ ձեր զանգին
Մի նախանձեք տողիս հանգին,
Նույնն եմ ես, ու չեմ փոխվելու`
Նախկին ընկեր, «եղբայր անգին»:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան