Բանաստեղծություններ

Պատվիր արժանվույն

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Մոր մասին ինչքան երգեր ենք գրում,
«Հայր» բառն էլ որքան թանկ է մեր սրտում…
Ծնողը կյանքում գանձ է իսկական,
Ծնվելուց ի վեր նրանց ենք պարտական։

Սիրո մասին էլ ունենք շատ գրքեր,
Սիրո կարոտից բացվում են վերքեր,
Ու մեկ օրն առանց սիրած էակի,
Վերքն այդ դարձնում է ցավոտ քառակի։

Շատ ենք գովերգում զինվոր, հայրենիք,
Ընկերոջ մասին հիշում ես ու դու,
Գուսանն է երգել «Բարի, գեղեցիկ,
Ու առաքինի ընկերը մարդու»:

Լավ է երբ գովենք ամեն բարի բան,
Պատվենք այդ երգեր ու երկ գրողին,
Բայց նաև լինենք խոնարհ անպայման,
Ու մեր երգերում հիշենք Ստեղծողին։

Ո՞վ է մեզ տվել տուն ու հայրենիք,
Մեր իսկ կամքո՞վ ենք այս երկրում ծնվել,
Լավ է որ ունես սիրող ընտանիք,
Իսկ հորդ ու մորդ, այդ դու՞ ես ընտրել։

Այդ ո՞վ արարեց սիրուդ էակին,
Այնքան համընկած քո նուրբ ճաշակին,
Ճաշակն ումի՞ց է, դու՞ ես այն ընտրում,
Որի օգնությամբ գույներ ես փնտրում.

Գույներ նկարի կամ երաժշտության,
Ժանրեր ֆիլմերի ու գրականության։
Կարոտի ձևն ու հարգանքի զգացում՝
Ումի՞ց իմացար, ինչպե՞ս են տածում։

Սիրելու ձևը ինչպե՞ս հասկացար,
Սիրտ մեկի առաջ ինչպե՞ս են բացում,
Կամ արցունք թափելն ումի՞ց իմացար,
Որ հուզված պահին տխրում ես, լացում։

Լավ է, երբ գիտենք մեծարել մարդկանց,
Սիրել ու պատվել նրանց առանձին,
Բայց բա՛վ է Աստծո փառքն էլ տանք նրանց,
Ու Ստեղծողի տեղ պատվենք ստեղծվածին։

Իրենց տեղն ունեն ընկեր, սեր ու կյանք,
Ու միմյանց հարգենք ահել թե ջահել,
Կայսրի տուրքն էլ կայսրին կտանք,
Բայց Աստծուն պատվենք աստվածավայել։

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան