Բանաստեղծություններ

Չեմ սիրում

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Չեմ սիրում սիրել սրտիս հակառակ,
Թախիծը սրտիս՝ ժպտալ շատ արագ,
Երբ հարկ է լսել ցավը ամենքի,
Վերջում էլ մնալ վշտիս հետ մենակ։

Չեմ սիրում լռել, երբ բան կա լեզվիս,
Կամ էլ սուտ խոսել, երբ ճիշտն է տանջում,
Ճշմարտությունը հաճախ չեն լսում,
Քիմքին հաճելի սուտն են դասում։

Ստով ապրում են, և կերակրվում,
Ստի հոր տված մտքերով տարվում,
Եւ հորն այդ ստի իրենց հայր անում,
Ով էլ սպասում է նրանց դարանում։

Չեմ սիրում լսել կոմեդիկ ելույթ,
Որն իր մեջ ունի դրամատիկ բնույթ,
Պիեսի վերջում զույգն է մահանում,
Սակայն այս մասին հումոր են անում։
Հումորը խինդ է, այլ ոչ թե հեգնանք,
Եւ կատակելիս պետք չէ անարգանք։

Ինչու՞ եք ջանում ցավերս բուժել,
Թե վերքերս ձեր զարկից են տուժել,
Եւ ինչու՞ եք դուք ինձ մխիթարում,
Երբ նույն խոսքերով հույսեր եք մարում։

Չեմ սիրում նայել այն վերելակին,
Որ ռումբ է դրել սանդուղքիս տակին,
Թեև նա լուռ է, ու բան չի ասում,
Սակայն իմ հաշվին ընթացք է հյուսում։

Երկար չեմ սիրում կանգնել հատակին,
Որ չճնշվի ծանրության տակին,
Այդժամ հատակն է ելնում իմ վրա,
Փորձում ինձ սարքել հատակը նրա։

Գոհության խոսքեր տեղին չեն ասված,
Թե խոսքի վերջում պահանջ է կցված,
Խոսքն այդ գոհության նման է որթին,
Որ ջուրն են նետում ամրացված կարթին։

Իրա՞վ ուզում ես ճանաչել մարդուն,
Սիրի՛ դու նրան, բայց նեղիր թաքուն,
Թե փոքր ցավից քեզ վրա գոռաց,
Մարտում քեզ հաստատ կթողնի մեռած։

Իսկ թե խոր ցավից բերան չբացի,
Քեզ բառ չասելով նա թաքուն լացի,
Պինդ բռնիր նրան, ու լավ իմացի,
Նա լավ ընկեր է կյանքի ու հացի։

Չեմ սիրում ստիպել սրտիս սիրելու,
Եթե ուժ չունեմ սկզբում ներելու,
Տերն է զորացնում իմ սիրտն ու հոգին,
Որ կարողանամ սիրել ամենքին։

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան