Բանաստեղծություններ

Մայր

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

«Մայր» բառն ասելիս ի՞նչ մտածեցիր,
Երկի՞ր, տիեզե՞րք, ամենն ուզեցի՞ր,
Ի՞նչ էիր կարծում, ո՞վ կմոտենար,
Երբ օրորոցում «մամա» կանչեցիր։

Մանուկը մոր մեջ Աստծուն է տեսնում,
Մայրական սե՛րն է Աստծուն հիշեցնում,
Թույլ ցավից անգամ երեխան լացի,
Կյանք չի տա ոչ ոք իր մորից բացի։

Մեր Աստված Սեր է, վստահ եմ ասում,
Այդ սերն էլ Աստվա՛ծ դրեց մոր ներսում,
Միակ պաշտպանը թույլ մանկան համար,
Այդ ամենազորը` կոչվում է նա «Մայր»։

Անցնում են օրեր, տարիներ բազում,
Սկսում ես խոսել, քայլում ես, վազում,
Ինչքան մեծանաս, բայց մեկ է էլի
Աշխարհը քոնն է, երբ «Մայր» ես ասում։

Մեր կյանքում հաճախ նեղում ենք նրան,
Շատերին գիտեմ` գոռում են վրան,
Փակում են մորը մենակ սենյակում,
Ինչպես կորած գիրք՝ մի հին դարակում։

Գիրք է մոր սիրտը՝ ուրախ ու տխուր,
Ձեռագիր գրված աղոթքներ են լուռ,
Գովեստի խոսքեր՝ սպասումով լեցուն…
Գիրք չէ հասարակ, այլ մի պատմություն։

Կկարդաս, երբ որ մորդ կարոտես,
Պատմությունն այնտեղ ծանոթ քեզ թվա՞ց,
Արցունքդ զսպի՛ր, երբ կնկատես՝
Գրքի էջերում անունդ է գրված։

Թե մեկ էլ կարծես՝ մեծ ես այս կյանքում,
Անգամ, եթե քեզ կանչում են «հայրիկ»,
Հիշի՛ր այն գիրքը սրտի դարակում,
Հեղինակն էլ «քեզ շատ սիրող մայրիկ»։

Աստված արարեց աշխարհը խոսքով,
Երկիրն իր չափով մեծ է, խոսք չունեմ,
Բայց երբ մի վայրկյան նստեմ մորս քով,
Աշխարհն ինչի՞ս է։ Տիեզերքն ունեմ։

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան