Փիլիսոփայություն

Ահա թե ինչ կարող է անել լեզուն

Հին Հունաստանի անվանի իմաստասերներից` Քսանթոսը, մի օր ճաշկերույթի պատրաստություն էր տեսնում:

Նա իր ստրուկ Եզոպոսին հանձնարարում է շուկայից բերել աշխարհի ամենալավ բանը, որպեսզի պատվի հյուրերին:

Ճաշի ժամանակ յուրաքանչյուր հյուրի առջև դրվում է մի աման լեզու: Քսանթոսը զարմացած հարցնում է Եզոպոսին, թե ա՞յս էր աշխարհի ամենալավ բանը: Ստրուկը պատասխանում է.

– Իսկ աշխարհում կա՞ ավելի լավ և ավելի գեղեցիկ բան, քան լեզուն է: 
Անշուշտ, դրանից ավելի լավ բան չկա:

Մի՞թե լեզվով չի պահվում ամբողջ փիլիսոփայությունը և ամբողջ գիտական միտքը:

Առանց լեզվի ոչինչ չի կարելի անել` ոչ տալ, ոչ առնել, ոչ գնել: Պետական կարգուկանոնը, օրենքները, որոշումները գոյություն ունեն միայն լեզվի շնորհիվ:

Դրանից են դուրս գալիս ամեն իմաստություն ու զվարթ երգ: Լեզվով են կառուցվում քաղաքներ և մարդիկ իրենց միտքն ու զգացմունքները լեզվով են արտահայտում:

Մեր ամբողջ կյանքի հիմքը լեզուն է, նրանից լավ ոչինչ չկա աշխարհում:

Մի ուրիշ անգամ Քսանթոսը Եզոպոսից պահանջում է ասելով.

– Գնա շուկա և գնիր աշխարհի ամենից վատ և ամենից անպետք բանը:

Ստրուկը դարձյալ լեզու է բերում:

Տերը շփոթվում է ու բարկանում նրա վրա, բայց վերջինս հանդարտ բացատրում է.

– Մի զայրանար, տեր իմ լեզվից վատ ի՞նչ կա աշխարհի վրա:

Լեզուն մեզ բերում է երկպառակություն, դավադրություն, կեղծիքներ, ջարդեր, գժտություններ, նախանձություն, պատերազմ:

Դրանով կործանվում են քաղաքներ, ասվում են ստերն ու հայհոյանքները:

Մի՞թե կարող է մի որևէ ավելի վատ, ավելի տհաճ բան լինել, քան լեզուն է:

Լեզուն աշխարհի ամենալավ և թե ամենավատ բանն է, նայած թե ինչպիսի բերանում է գտնվում և ո՞վ է նրա տերը:

Մահն ու կյանքը լեզվի ձեռքին է, և նրան սիրողը կուտե նրա պտղիցը: Սողոմոն իմաստուն

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: