Բանաստեղծություններ

Ծննդյանս տարեդարձին

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Ծննդյանս տարեդարձին նստած էինք ընկերներով,
Պարում էինք ինքնամոռաց մեր սիրված, ուրախ երգերով,
Ընկերներ, որ կողքիս են միշտ տխուր, կամ այս ուրախ օրով:
Թեժ պարելիս մեկ էլ հանկարծ մի ձայն լսվեց թույլ շշուկով.

«Ի՞նչ ես արել նրանց համար, ու ինչե՞ր ես դեռ անելու,
Մի տարի էլ անցավ խորհիր, էլ ինչպե՞ս ես հասցնելու»:

Եկավ ձմեռ, բան չփոխվեց ընկերներիս ու իմ կյանքում,
Ամառն ինչպես անբան ընկեր գարնան նման հեռացավ,
Դեղնեց տերևն, իսկ անձրևը աշուն բերեց քաղաքում,
Եվ այս տարի իմ ծնունդը ընտանիքիս հետ անցավ:

Ամենամեծ սերն ես զգում երբ ծնողներդ նստած,
Թաց աչքերով շնորհավորում, համբուրում են քեզ գրկած,
Իսկ քույրերս երգում երգեր տարեդարձիս նվիրված…
Ու այս սիրո մեծ խնջույքին նորից մի ձայն ինձ ասաց.

«Ի՞նչ ես արել նրա’նց համար, էլ ի՞նչ ունես անելու,
Մի կյանք ունես, այն էլ կարճ է, ինչպե՞ս ես հասցնելու»:

Խորթ է լսել խոսքեր մեկից, երբ այդ մեկին չես տեսնում,
Ու չգիտես այդ որտեղի՞ց, ինչպե՞ս է քո մեջ խոսում,
Սակայն հեքիաթ, երազ, տեսիլք, կամ խոսքեր տարօրինակ,
Հօդս են ցնդում ու մոռացվում չանցած շատ կարճ ժամանակ:

Կարճ ժամանակ անցավ այո՛, սրտումս ծաղկեց գարուն,
Թեև աշուն էր քաղաքում, բայց ես գտա իմ սիրուն:
Երազում եմ իմ այս գալիք ծննդյան օրվա մասին,
Թե երբ կգա այն օրը, որ նշենք տոնս միասին:

«Բարև իմ սեր: Սիրում եմ քեզ ու ծնունդտ շնորհավոր:
Երջանիկ եմ, որ մենակ ենք կյանքիդ օրն այս կարևոր…»,
Խոսում էինք մենք ժամերով, կարծես լինեմ երազում,
Չհասկացա կողքից ո՞վ էր իմ ականջին բան ասում.

Թե բա «Իրեն ինչ որ կուզես նվիրել այս աշխարհում,
Կարծում ես թե կհասցնե՞ս կյանքիդ այս կարճ, կես դարում»:

Տարիները ուրախ անցան, ուրախ սակայն անփոփոխ,
Երբ սիրված ես ամեն պահն էլ երջանիկ է առանց փող,
Լավ ընտանիք ու ընկերներ կողքիս ամեն ժամանակ,
Բայց մի տարի իմ ծնունդը ուզեցի նշել մենակ:

Տասներկուսը խփեց ահա, ես նստած իմ սենյակում,
Մենակ էի` ինքս ինձ հետ, դուռն էլ ոչ մեկ չէր թակում,
Անգամ ձայնն էլ, որ կար առաջ էլ ականջիս չէր խոսում,
Դա ամբոխից մեկն էր գուցե, որ գալիս էր, համոզում:

Ուրախացա, որ մենակ եմ այդ կարևոր պահերին,
Միտք եմ անում ինքս ինձ հետ, ու ոչ մեկ չի խանգարում,
Տեր իմ Աստված ինչ լավ է որ ունեմ տուն ու ընտանիք,
Լավ ընկերներ, սիրված մեկն էլ և չունեմ ոչ մի կարիք:

Հանկարծ լուռ այդ մթության մեջ խոսեց մի ձայն հարազատ.

«Երբ մենակ չես, չեմ խանգարում մարդկանց հետ զրուցելիս,
Գուցե մի խոսք, կամ էլ հուշում, և թողնում եմ քեզ ազատ,
Բայց քիչ առաջ լսեցի քեզ Իմ անունը կանչելիս:
Ես էլ եկա քեզ հետ խոսեմ,
Կարևոր մի բան ասեմ.

Ընտանիք ու լավ ընկերներ վստահել եմ քո սրտին,
Սիրող մեկի ջերմ համբույրն էլ Իմ նվերն էր քո շուրթին,
Սակայն ի՞նչ ես նրանց համար արել, կամ էլ նվիրել,
Նրանց գործած սխալներից ո՞ր մեկն ես անկեղծ ներել:

Կամ այն բեռը, որ կրում են ե՞րբ ես ուսերիդ տարել,
Երբ նեղում են փոքր հարցով մոռացել ես, ու սիրե՞լ,
Թե՞ կարծում ես այլոց հանդեպ նույնն էլ ինքդ չես արել:

Ի դեպ, Ես էլ ամբոխից չեմ, ու չեմ էլ քեզ համոզել,
Ես այն Մեկն եմ քեզ հետևող, որ միշտ օգնել եմ ուզել,
Քո ծնունդից դարեր առաջ կյանքս տվել քեզ համար,
Սիրում եմ քեզ մինչ այսօր էլ, ու կսիրեմ դարեդար:

Թե կարդում ես այս տողերը, ապա կյանք ես դու անցել,
Հարյուր տարին կարճ է, սակայն քեզ դա էլ չի մնացել,
Այն, ինչ ունես Իմ տվածն է, շտապիր նրանց սիրելու,
Ինչքան էլ ցավ քեզ պատճառեն ուժ եմ տալիս ներելու:

Առանց զոհի սեր չի լինում, իսկ առանց սեր կյանք չկա,
Սիրիր նրանց, որ կողքիդ են, քանի դեռ ապրում են, կան,
Վաղվա մասին հոգ մի անի, սիրիր նրանց հենց այսօր,
Ներիր նրանց սխալները, ինչպես և Ես ամեն օր:

Իսկ թե լինեն նեղված այնքան, որ օգնել դու չես կարող,
Ես քեզ կօգնեմ, չէ՞ որ Ես քո Հայրն եմ Ամենակարող»:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան