Գաղտնիք չէ, որ այն ժեստերը, որոնցով ուղեկցվում է մեր խոսքը, ոչ միայն օգնում են ավելի լավ ընկալել ինֆորմացիան, այլ նաև պատմում են դրա հեղինակի մասին: Եթե մարդը կարողանում է ինչ-որ բան թաքցնել խոսքերի միջոցով, ապա շատ հաճախ իր մտքերն ու մտադրությունները դժվար կլինի թաքցնել տեսողականորեն, քանի որ նրան մատնում են ժեստերն ու միմիկան:
Դրանք դետալներով քննարկելը, հավանաբար, ոչ միշտ է էթիկայի սահմաններում, սակայն ինչ վերաբերում է մասսայական ելույթներին և այն մարդկանց, որոնց վստահել ենք ղեկավարել մեզ, լիովին՝ արդարացված են:
Նկատենք, որ քաղաքական գործիչների համար ժեստերի լեզուն պետք է ավելի մեծ նշանակություն ունենա, քան բառերի լեզուն: Գրեթե բոլոր համաշխարհային լիդերները և հեղափոխականները ժեստերի լեզվին գերազանց են տիրապետում: Ժեստիկուլյացիան խոսում է մարդու բնավորության և տվյալ պահին նրա հոգեվիճակի մասին:
Քաղաքական գործիչների սիրելի ժեստերն են`
1. Ձեռքի ափերը ներքև
Այս ժեստը օգտագործելիս խոսողը փորձում է ասել, որ տիրապետում է իրավիճակին: Սա նշանակում է վստահություն և ցույց է տալիս, որ դու գիտես ինչ ես խոսելու, բայց նաև կոշտություն է ցուցաբերում: Երբ անհատը այս ժեստը օգտագործում է քեզ հետ խոսելիս դա նշանակում է, որ նա չի պատրաստվում նահանջել այլ դու պետք է փոխես քո մոտեցումը: Սա երբեմն անհամաձայնության նշան է:
2. Ձեռքերը գրպանում
Ձեռքերը գրպանում ժեստը ցույց է տալիս անվստահություն և դժկամություն:
3. Ձեռքերը վերև
Վաղնջական ժամանակներից, երբ ցեղերը հանդիպել են կռիվը դադարեցնելու կամ համագործակցելու նպատակով, նրանց բանախոսները նախ առաջ են պարզել դատարկ ձեռքերը` ցուցադրելով բաց ափերը, որն ազդարարել է` «Տեսեք, մենք անզեն ենք»: Աղոթելիս հավատացյալը դիմում է Աստծուն բաց ափերով: Բաց ափերն ազնվության, անկեղծության, ինքնախոստովանանքի և այլ դրական զգացմունքների արտահայտություն են, ինչ դիրքով էլ որ լինեն ձեռքերը: Բաց ափերը հիմնականում ունեն դրական ազդեցություն լսարանի վրա: Այս ժեստը հաղորդում է համաձայնություն, անկեղծություն և արժանահավատություն: Դա բարյացակամության և բարեկամության ժեստ է, որը ծնում է վստահություն: Մարդը տալիս և վերցնում է բաց ձեռքով, ազդարարելով. «Ես պատրաստ եմ ազնիվ հաղորդակցության»: Սա է պատճառը, որ գրեթե բոլոր քաղաքական գործիչները օգտագործում են այս ժեստը իրենց ելույթներում:
4. Ձեռքերը սրտին
Ձեռքերը սրտին դնելը անկեղծության ժեստն է: Ձեռքերը սրտին ժեստը օգտագործելիս քաղաքական գործիչը ուզում է, որ իրեն վստահեն և ընդունեն: Չնայած դա չի ապացուցում, որ նրա շփումը անկեղծ է, դա նշանակում է՝ «Ես ուզում եմ, որ ինձ հավատաք» (անկախ նրանից ես ճիշտ եմ թե ոչ): «Ես նկատի ունեմ», «Այն ինչ ասում եմ բխում է սրտիցս»:
5. Ձեռքերը հետևում
Ղեկավար անձիք հաճախակի են օգտագործում ձեռքերը հետևում ժեստը, որը ցույց է տալիս, որ նրանք վստահ են և իրենց հզոր են զգում: Այս ժեստը բարելավում է ձեր կեցվածքը և շատ ճանապարհներ է բացում ձեզ համար, չնայած նրան, որ ձեռքերը պետք է երևան, բայց սա բացառություն է քանի որ վստահության նշան է: Այս ժեստը հաճախակի հանդիպում է հիմնականում տղամարդկանց մոտ:
6. Մատնացույց
Այս ժեստը նշանակում է` լսիր ինձ կամ` ահա քեզ ինչ եմ ասում: Եթե քաղաքական գործիչը խոսքի հետ օգտագործում է ցուցամատը, ուրեմն փորձում է ինչ-որ բան ապացուցել: Մատի մատնացույց անելու ժեստը իշխելու ժեստ է: Այս ժեստը գործածվում է, երբ փորձում են ինչ որ բան պարտադրել, ինչպես օրինակ ուսուցիչները անկառավարելի երեխաներին, ծնողները երեխաներին և այլն: Սա մեկնաբանվում է՝ որպես ագրեսիա և բարկություն: Ամեն դեպքում անքաղաքավարի քայլ է մատնանշել անձին դա անբարտավանություն և վիրավորանք է համարվում: Մատը օդում ընդգծում է ձեր խոսքերը և հանրությանը ցույց է տալիս ձեր վստահությունը և իշխանությունը: Այս ժեստը շատ քաղաքական գործիչներ և քարոզիչներ են օգտագործում:
7. Բռունցք
Բռունցքներ ցույց տալը նշանակում է ագրեսիա, ինչպես նաև ցույց է տալիս վճռականություն: