Բանաստեղծություններ

Քո վերջը մոտ է, ո՛վ մարդ ապերախտ

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Խոցում ես մարդկանց փոխարեն բուժման,
Դիմակդ մարդու, բայց հոգով դուշման,
Կռիվ ես գցում քո «խաղաղությամբ»,
Շահ ես որոնում քո կեղծ բարությամբ:

Օգնում ես իբր մեր տուժած հային,
Սուտ հոգ ես տանում, սիրում, փայփայում,
Մինչ քեզ էլ, մեր մեջ ստահակներ կային,
Ազգս միաբան դուք եք քայքայում:

Քեզ Արարողին դեմ ես դուրս ելել,
Քեզ լսողների ճամփան էլ շեղել,
Կեղծ են լուրերդ, բայց մեծ են հնչում,
Եվ քո նմանին դեռ հայ են կոչում:

Հայը իր հոգով ամուր է եղել,
Որքան էլ սրով արյունն են հեղել,
Բայց արյունը մեր սրտի՛ց է հոսում,
Երբ մեզ ներսից, հենց հայն է վնասում:

Թե հայ ես ծնվել, բա՛վ է մեզ խոցես,
Վերքեր շատ ունենք, ավել մի՛ բացիր,
Մանուկի արյամբ գրպանդ լցնես,
Նեղ օրվա արցունք չմնաց լացի:

Դեմ ես դուրս եկել երկսայրի սրին,
Երկար չես կռվի առանց վահանի,
Չես կարող փակել հոսքը Սուրբ Ջրի,
Քո նյութած թույնը քեզ էլ կսպանի:

Քրիստոսի առաջ շուտ ծունկի՛ արի,
Քո արած գործից չմնաս դժբախտ,
Իսկ թե հաստատ ես ճամփեքին չարի,
Քո վերջը մոտ է, ո՛վ մարդ` ապերախտ:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանել գրառումը