Այժմյան ապրելու արագ ռիթմը պահանջում է մեզանից լինել ավելի ու ավելի արդյունավետ:
Կարծես ժամանակն ավելի արագ է սկսել պտտվել: Եվ մարդկանց մեծամասնությունը պարզապես գլուխը կորցնում է կյանքի խելահեղ ռիթմում: Էլ ինչպե՞ս լինել արդյունավետ, երբ 24 ժամը չի բավարարում անգամ գործերի կեսն անելու համար:
Ո՞րն է խնդիրը:
Պատասխանը կարող է թվալ շատ հեշտ, անգամ ծիծաղելի, բայց դա այդպես է: Արդյունավետության բանալին ժամանակն է՝ ժամանակի ՃԻՇՏ կառավարումը:
Հաջողակ մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ նրանք բոլորն էլ կարողանում են հրաշալիորեն կառավարել իրենց ժամանակը: Եվ դա երբեմն լինում է միակ անհրաժեշտ գործողությունը:
Ի՞նչ է ժամանակի կառավարումը:
Այն որպես այդպիսին առաջացել է բիզնես ոլորտում և վերաբերվել է աշխատանքում ժամանակի արդյունավետ օգտագործմանը: Հետագայում ներգրավվել է ամենուրեք: Սովորելով ժամանակն օգտագործել ավելի արդյունավետ, մարդիկ կարող են կառվարել ոչ միայն իրենց աշխատանքային ժամանակը, այլև ազատ ժամանակը, որը տրամադրում են հանգստին:
Ժամանակը կառավարել կարելի է սովորել:
Այո, կառավարել սեփական ժամանակը կարող է ամեն ոք: Պետք է հիշել, որ ցանկացած պլանավորում և միտք հարկավոր է սկսել թուղթ ու գրիչ վերցնելուց: Երբ մեր անելիքները, գործերն ու առաջադրանքները ակնառու երևում են թղթի վրա, ավելի հեշտ է դառնում դրանց հետ աշխատել: Օրվա արդյունավետությունը բարձրացնելու համար հարկավոր է գալիք օրը սկսել նախօրոք կազմված անելիքների ցուցակով: Ցուցակում նշում եք ձեր անելիքները ըստ կարևորության և սկսում ամենակարևորից:
Տեխնիկա, որը կօգնի հեշտությամբ կառավարել ժամանակը:
Այս հրաշալի գործիքը առաջարկել է Ս. Կովը: Այն պատրաստի օրինակ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է հեշտությամբ տեղադրել իր առօրյա գործերը, անելիքները: Առավել պարզության համար այն ներկայացնեմ աղյուսակով:
I Շտապ և կարևոր/նշանակալի | II Ոչ շտապ և կարևոր/նշակնակալի |
III Շտապ և ոչ կարևոր | IV Ոչ շտապ և ոչ կարևոր |
Իրականում արդյունավետ լինելու համար պետք է ձգտել, որ բոլոր գործերը հայտնվեն երկրորդ քառակուսում: Իսկ այն ինչ հայտնվում է չորրորդ քառակուսում այդպես էլ մնում է չարված:
Եվ վերջում՝
Հիշեք, որ կարևորը ցանկությունն է: Եթե կա ցանկություն, ապա ամեն ինչ էլ կարելի է անել: