Բոլոր ծնողներն էլ ցանկանում են, որ իրենց երեխաները լինեն գրագետ և բազմակողմանի զարգացած, ստանան բարձր գնահատականներ դպրոցում և բուհում:
Այո իհարկե մենք բոլորս էլ կարիք ունենք ձեռք բերելու և զարգացնելու բազմակողմանի և լայն գիտելիքներ տարբեր ասպարեզներից, բայց կան նաև մի շարք հմտություններ, որոնք պակաս կարևոր չեն հետագայում հաջողության հասնելու համար: Բոլորս էլ լավ գիտենք, որ ցանկացած մասնագիտության գործատու նախընտրում է աշխատողների, ովքեր գիտեն, թե ինչպես լուծել ծագող խնդիրները, ստեղծագործել, համագործակցել և շփվել:
Ծնողներն այդ հմտությունների մասին հաճախ մոռանում են, իսկ դպրոցներում կարծես հատուկ դրանք չեն սովորեցնում: Բայց դրանք շատ հեշտ է զարգացնել առօրյա գործունեության ընթացքում:
Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում 6 կարևոր հմտություններ, որոնք զարգացնելով ձեր երեխաների մոտ, կօգնեք նրանց լինել ավելի հաջողակ:
1. Դժվարությունների և խնդիրների լուծման հմտություն:
Մեծահասակների մրցակցային աշխարհ մտնելու և նրանում հաջողության հասնելու համար երեխաները պետք է կարողանան քննադատորեն մտածել, դիտարկել, վերլուծել և գտնել լուծումներ տարբեր բարդ իրավիճակներից և դիլեմաներից: Այդ հմտությունը կարելի է զարգացնել նրան հակադարձող հարցեր տալով:
Օրինակ. եթե նա հարցնում է, թե ինչո՞ւ հնարավոր չէ կառուցել ստորջրյա քաղաք, կարող եք հարցնել, իսկ նա ի՞նչ է կարծում, ինչու՞:
Թույլ տվեք, որ երեխան արտահայտի մի քանի ինքնուրույն տարբերակներ, որոնի այդ հարցի պատասխանը համացանցում, հետո պատմի ձեզ իր փոքրիկ ուսումնասիրության արդյունքները:
Հնարավորինս շատ բան պետք է դառնա երեխայի ինքնուրույն ուսումնասիրության առարկա: Շատ կարևոր է, որ ծնողի ճիշտ և խելացի ուղղորդմամբ երեխան սովորի դուրս գալ բարդ իրավիճակներից և կարողանա գտնել այլընտրանքային լուծումներ:
2. Համատեղ գործունեության հմտություն
Ապացուցված է, որ կոլեկտիվներում առավել լավ արդյունքներ են ստացվում արդյունավետ համատեղ աշխատանքի արդյունքում: Դպրոցում երեխաներին սովորեցնում են կառավարել իրնեց, լինել հաղորդակցվող և կառավարել ժամանակը:
Բայց համատեղ գործունեության հմտությունները կարելի է զարգացնել նաև տանը: Կարող եք կազմակերպել համատեղ խոհանոցային օր և երեխաների հետ պատրաստել թխվածքներ, բարդ ճաշատեսակներ: Երեխաներին նաև հետաքրքիր կլինի նկարահանել և մոնտաժել սեփական փոքրիկ ֆիլմը:
3. Տեղեկատվական տեխնոլոգիաների ճիշտ օգտագործման հմտություններ:
Ճիշտ է, որ երեխաները հաճախ մեծահասակներից ավելի լավ են գլուխ հանում այժմյան հեռախոսներից և համակարգիչներից: Բայց առավել հաճախ դրանք օգտագործում են սոցցանցերի, նկարների դիտման, մուլտֆիլմների և խաղերի համար: Իսկ հետագայում նրանց պետք է լինելու հստակ կողմնորոշվել մեդիա-տեղեկատվության ահռելի հոսքի մեջ:
Երեխաներին պետք է սովորեցնել օգուտ քաղել համացանցից: Կարող եք նրանց առաջարկել գտնել որևէ տեղեկություն, կազմել մի քանի երթուղիներ վիրտուալ քարտեզներով:
4. Տարածական մտածողության հմտություն
Այս հմտությունը մենք օգտագործում ենք ամեն օր մեր առօրյայում: Տարածական պատկերացումն ու հասկացումը, ունակությունը մտովի վիզուալիզացնել օբյեկտները կարևոր հմտություն է: Այն օգնում է հեշտությամբ կողմնորոշվել անծանոթ միջավայրում, ճիշտ օգտագործել տրված տարածությունը:
Տարածական հմտությունները զարգացնելուն շատ օգնում են լեգոներն ու կոնստրուկտորները, նաև այն համակարգչային խաղերը, որտեղ պետք է ինչ-որ բան կառուցել մանր դետալներով:
Նաև կարելի է առաջարկել երեխային մտովի վերհիշել և կառուցել իրեն ծանոթ երթուղիները, ծանոթ սենյակների կահավորանքը և այլն:
5. Լակոնիկ խոսքի հմտություն
Հակիրճ և պարզ արտահայտվելու ընդունակությունը պարզապես անհրաժեշտ է հասուն տարիքում: Այն կգնահատեն բոլոր գործատուները: Այդ հմտությունը զարգացնելուն կօգնի ցանկացած գործունեություն, որում երեխան պետք է դառնա առաջնորդ և տա առաջադրանքներ, կամ ընդհակառակը պետք է լսի տրվող առաջադրանքներն ու կատարի դրանք:
Կարող եք փորձել հետևյալ վարժությունը. Կապում են միմյանց աչքերը և ուղղորդում են սենյակով՝ գտնելու որևէ պահված առարկա: Կարելի է նաև համատեղ հորինել պատմություններ: Յուրաքանչյուրն ասում է մեկ նախադասություն այնպես, որ պատմությունը շարունակվի և չկորի սկզբնական իմաստը:
6.Ստեղծագործական մտածողություն
Ստեղծագործականությունը հարկավոր է ցանկացած գործունեության մեջ: Այդ պատճառով այն պետք է երեխաների մեջ զարգացնել և խրախուսել:
Ստեղծագործական մտածողության զարգացման համար կան բազմաթիվ խաղեր, բայց նաև հարկավոր է անդադար հարցնել, թե ինչպես երեխան կլուծեր այս կամ այն խնդիրը: Հետաքրքիր խաղ է սովորական իրերի մեջ անսովոր կողմեր որոնել: Դա կարող է լինել թե արտաքին տեսքի հետ կապված, թե այդ առարկայի օգտագործման հետ:
Հիմա դուք գիտեք, թե ինչպես կարող եք դաստիարակել և մեծացնել հաջողակ երեխաների: Դուք ինքներդ էլ հանգիստ կարող եք ձեր մեջ զարգացնել դրանք և փոխել ձեր կյանքը: