Գոհացող մարդը դարդից էլ լացի,
Թեկուզ կենտրոնում մեծ թոհուբոհի,
Կարոտ էլ լինի մի կտոր հացի,
Անգամ լացի մեջ նա չի դժգոհի:
Որքան էլ ընկնի` նա սուգ չի կանչի,
Գոհացող մարդը ետ չի նահանջի,
Շուրթից չես լսի գեթ փոքրիկ հառաչ,
Փառք կտա Աստծուն ու կանցնի առաջ:
Գոհացեք մարդիկ փոքրից ու մեծից,
Գոհացեք մարդուն մարդ սարքող ծեծից,
Գոհությունն հույս է, ցավին` դեղ ու ճար,
Քո թշնամու դեմ` զենք է անվճար:
Սպորտում զորեղ է զարկը հաղթողի,
Արդար հաղթողը` պատիվ ծնողին,
Ձայներն անսպառ` հաղթության փողի,
Լույս է ճամփեքին միշտ գոհացողի:
Գոհությամբ Հիսուսն հաց առավ Հորից,
Սիրով կերակրեց այն հինգ հազարին,
Գոհացավ ապրած ամեն մի օրից,
Եվ Իր հեզությամբ հաղթեց Նա չարին:
Գոհությամբ կյանքիդ ձմեռն իր կամքով
Կծաղկի, ինչպես գարուն, հավատա,
Գոհությամբ հողը` քո վար ու ցանքով,
Աշնանն ավելի մեծ պտուղ կտա:
Չոր ծաղկից անգամ գոհացիր թաքուն,
Կտեսնես ոնց է փթթում ու ծաղկում,
Ամեն անապատ, ասեմ` իմանաս,
Անտառ կդառնա, եթե գոհանաս:
Գոհությամբ մարդուն կստիպես ժպտալ,
Թե բարդ է ճամփադ` կսկսես խնդալ,
Այդ խինդով հաղթել հոգս ու կարիքի,
Չէ՞ որ այն սկիզբն է ամեն բարիքի:
Գոհ եմ ձեզանից` իմ ընթերցողներ,
Ամենքիդ սիրում, ձեզ վրա դողում,
Աղոթքն է սրտիս` գիրս բացողներ,
Աստված ձեզ օրհնի հայրենի հողում:
Ռուբեն Կարոյան