YerevanStyle-ի ընթերցող՝ կանանց և աղջիկներին իր շնորհավորական ուղերձն է հղում հայտնի և սիրված հաղորդավար, ռեժիսոր, լրագրող՝ Կարեն Քոչարյանը։
Այնքան ուրախ եմ,որ մեր իրականության մեջ ավելանում է ևս մեկ տոն:
Շատերը դժգոհում են, ասելով մարտի 8-ը քիչ էր հիմա էլ ապրիլի 7-ը, անգամ Սուրբ Վալենտինի տոն: Իհարկե վերջինս մեր տոնը չէ, բայց էլի առիթը չենք կորցնում՝ տոնական տրամադրություն ստեղծել: Կանանց միամսյակը կարծում եմ պայմանական ժամկետ է:
Ո՞վ է ասել, որ կանանց առջև պետք է խոնարհվել միայն մեկ ամիս:
Կինը այն էակն է, որի շնորհիվ մարդիկ հասել են մեծ հաղթանակների, նրանց շնորհիվ ծնվել են համաշխարհային գլուխգործոցներ և միևնույն ժամանակ նրանք առիթ են հանդիսացել վեճերի, կռիվների, պայքարների և նույնիսկ պատերազմների:
Առանց կանանց անհնար է լիարժեք տղամարդ զգալ:
Առանց կանանց չկա կյանքի իմաստ, չկա պայծառ արևոտ լուսաբաց, չկա ռոմանտիկ լուսնային գիշեր, չկա շողշողացող աստղերով լեցուն երկնակամար… Բոմարշեյի հանրահայտ Ֆիգարոն ասում է «Օ կին, բնության թույլ և նենգ երևույթ…», իսկ ես կասեմ «Օ կին, որքան հակասական ես դու…»։ Եվ մի՞թե կարելի է քեզ թույլ սեռ անվանել: Այն ծանրությունները և դժվարությունները, որ տանում ես քո ուսերին անչափ հեռու են «թույլ» հասկացողությունից: Մաղթեմ մեր կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին, որպեսզի նրանք երբեք չհամտեսեն կյանքի դառնությույունը, թող նրանց ճանապարհը միշտ ծածկված լինի գեղեցիկ ծաղիկներով, ուրախ տրամադրությամբ և թող յուրաքանչյուրի կողքին կանգնած լինի հավատարիմ ասպետը, ի դեմս՝ ընկերոջ, ամուսնու, եղբոր, հոր…
Խոնարհվենք և պաշտենք մեր գեղեցիկ էակներին ամեն րոպե, ամեն ժամ և ամեն օր, անկախ պաշտոնական տոներից:
Discussion about this post