Բաբելոնյան խառնաշփոթությունից հետո աշխարհում հաշվվում է ավելի քան 6000 լեզու: Այդ լեզվային բազմազանության մեջ կա մի առավել հին և բարդ լեզու, որը սակայն հասկանալի է բոլորին:
Մարմնի լեզուն ծնվում է մեզ հետ միասին:
Ժեստերի, մարմնի լեզուն ծանոթ է բոլորին և միևնույն է աշխարհի բոլոր մարդկանց համար, թեև շատերս օգտագործում ենք այն առանց գիտակցելու: Հետազոտությունները փաստում են, որ այս լեզվի հիմնական հասկացությունները ընդհանուր են ամենատարբեր մշակույթների համար:
Բառերը կարելի է իմաստային առումով փոփոխել, խոսքը կարելի է հեշտությամբ վերահսկել: Բայց մարմինը չի խաբում, մարմնական «խոսքը» գրեթե անհնար է կառավարել: Շատ բաներ այստեղ չգիտակցված են և անմիջականորեն արտահայտում են մեր հույզերը, զգացողություններն ու հոգեվիճակը:
Մարդիկ ընկալում, հասկանում և հակազդում են միմյանց մարմնի լեզվի արտահայտումներին: Դրա համար հարկավոր չէ ունենալ մասնագիտական գիտելիքներ, դրանք տրված են բոլորիս ի ծնե:
Ավելի արագ քան բառերը:
Բառերն ու խոսքը ավելի դանդաղ են արտահայտում մեր ներքին վիճակը, քան մարմինը: Մեր մարմնի դիրքը, շարժումները, դեմքի գույնն ու վերջապես միմիկաները խոսակցի կողմից ընկալվում են միանգամից:
Թեստերը ցույց են տալիս, որ կանայք ավելի լավ են հասկանում դիմացինների մարմնի լեզուն, քան տղամարդիկ: Իսկ տղամարդիկ ավելի արագ են հայտնաբերում խաբեության փորձերը, քան կանայք:
Անգամ եթե լուռ նստած ենք այգում կամ ինչ-որ տեղ հերթի մեջ, մենք անընդհատ ազդակներ ենք հաղորդում աշխարհին: Ինչպիսի հուզական երանգավորում, որ ունեն մեր ազդակները, այնպիսի հակազդումներ էլ ստանում ենք ետ: Այդ պատճառով պետք չի զարմանալ, երբ մեր զայրացած մտքերին ի պատասխան հայտնվում ենք զայրացնող իրավիճակներում: Եվ հակառակը:
Ինչպես գտնում են հոգեվերլուծաբանները. «մարմնի լեզվի միջոցով երևում է մտքերի նյութականանալու գործընթացը: Ոչ վերբալ հաղորդագրությունները, որոնք մենք մշտապես հաղորդում և ընդունում ենք, որոշում են մեր կայացրած որոշումների ավելի քան 80%-ը»:
Մարմնի լեզուն բառերի մեջ:
Մարմնական, ոչ վերբալ լեզվի շատ տարրեր մտել են վերբալ լեզվի մեջ որպես ժողովրդական խոսքեր, փոխհարաբերություններ: Մեր առօրյա շփման մեջ մենք հաճախ ենք օգտագործում այնպիսի արտահայտություններ, որոնք կապված են մարմնի հետ, օրինակ՝ «աչք փակել», «գլուխը կախել», «ձեռքերը լվանալ», «թևերը թուլանալ», «լեզուն կծել» և այլն:
Ի՞նչ է տալիս մեզ ոչ վերբալ լեզուն:
Մեր սեփական և ուրիշների մարմնի լեզվի ընկալումն ու հասկացումը մի քանի անգամ հեշտացնում է շփումը, արագացնում է դիմացինի ընկալումն ու ապրումակցումը նրան: Նախ և առաջ պետք է սկսել սեփական մարմնի լեզուն գիտակցելուց, իսկ հետո ուշադիր լինել ուրիշների նկատմամբ:
Իհարկե սխալ կլինի մտածել, որ կարող ենք անգիր սովորել մարմնի ազդակները և կառավարել դրանք, որպեսզի մոլորեցնենք խոսակիցներին: Այդ դեպքում նրանք դառնում են արհեստական և կեղծ: Սակայն որոշ իրավիճակներում համապատասխան ժեստերի օգտագործումը կարող է դեպի ձեզ տրամադրել մարդկանց և ավելի արդյունավետ դարձնել հաղորդակցությունը:
Այսպիսով, ինչպես որ սովորում ենք տիրապետել մայրենի եւ օտար լեզուներին, այնպես էլ պետք է սովորենք մեր եւ դիմացինների ժեստերի, մարմնի լեզվի առանձնահատկությունները: Չէ՞ որ հենց մարմնի միջոցով ենք մենք առավել անկեղծ ու անմիջականորեն հակազդում իրավիճակներին:
Discussion about this post