Մշակույթ Նորություններ, մամուլ

Սուրբ Ծնունդը՝ վերածննդի օր յուրաքանչյուրիս համար

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

– Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, մեզ և ձեզ՝ մե՜ծ ավետիս:
– Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի:

Այսօր՝ հունվարի 6-ին, ողջ հայությունը տոնում է Սուրբ Ծնունդը: Աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն և հավատամք հռչակած ազգը, պահելով ավանդույթն արդեն շուրջ երկու հազարամյակ, շարունակում է յուրաքանչյուր Ծննդյան օր մեկմեկու ավետիս տալ և հիշեցնել, որ օրը սովորական չէ. այն խորհրդանշում է համայն մարդկության Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը:

«Մի վախենաք, որովհետև ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի. Այսօր ձեզ Փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, որ է Քրիստոս Տերը»։ Ավետարան ըստ Ղուկասի, 2.10-11 

Սուրբ Ծնունդը լոկ ուրախ ու գեղեցիկ տոն չէ, այլ այն հոգևոր վերածնունդի տոն է, օր, երբ Հիսուս ծնվում է մեր յուրաքանչյուրի սրտում՝ մաքրագործելով մեր հոգիները:

Թերևս, տեղին է հիշատակել Աստվածաշնչից Եսայի մարգարեության խոսքերը Հիսուս Քրիստոսի մասին, որ ասում է.

«Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի նրա ուսի վրա, և նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության իշխան»։ Եսայի մարգարեություն 9.6

Թող որ Քրիստոսի սերը, զորությունը և խաղաղությունը լինի մեր սրտերում և ընտանիքներում: Շնորհավո′ր Սուրբ Ծնունդ:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը