Իրանը հայտարարել է միջուկային գործարքից լիովին դուրս գալու մասին, որը ստորագրվել է համաշխարհային տերությունների հետ։
«Իրանը վերջնականապես հրաժարվում է միջուկային ծրագրերի սահմանափակումներից: Այսպիսով` իրանական միջուկային ծրագիրը չի ունենա ոչ մի սահմանափակում արտադրության մասով, ներառյալ հարստացման հզորացումը, տոկոսային հարաբերակցությունն ու ուրանի հարստացման քանակը, ինչպես նաև այս ոլորտում հետազոտություններն ու ծրագրի հետագա զարգացումը»,- ասված է Իրանի կառավարության տարածած հայտարարության մեջ:
Իրանի Իսլամական Հանրապետությունը կատարեց հինգերորդ և վերջին քայլը համաձայնագրի շրջանակում պարտավորությունների կրճատման հարցում՝ հանելով իր միջուկային ծրագրի զարգացման վերջին սահմանափակումները, տեղեկացնում է Mehr գործակալությունը։
«Այս պահից Իրանի միջուկային ծրագիրը կզարգանա բացառապես տեխնիկական պահանջների հիման վրա։ Իրանի համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ կշարունակվի, ինչպես և առաջ։ Եթե պատժամիջոցները հանվեն, իսկ Իրանը օգուտ ունենա գործարքի շրջանակում ամրագրված իր շահերից, իսլամական հանրապետությունը պատրաստ է վերադառնալ իր պարտավորություններին»,- ասվում է հայտարարությունում։
Նորությունը վտանգավոր է դառնում հատկապես Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավիի արտահայտությունից հետո, որ «Թեհրանը այսպիսով չի հրաժարվում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններից, սակայն պետք է ստիպի ԱՄՆ-ին պատասխան տալ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար»:
Discussion about this post