Հարցազրույց Մշակույթ

Քաղցր ձայնի հետ քաղցր ժպիտ. հաջողությունների շքերթը շարունակվում է. YerevanStyle.com-ի հարցազրույցը գերմանաբնակ հայ պատանու հետ

Գոհար Ավագյան
Հեղինակ՝ Գոհար Ավագյան

Գերմանիայի հարավ-արևմտյան ոչ մեծ քաղաքում, ուր հայեր քիչ կան, մի հայ պատանու անուն է հնչում տեղացիների շուրթերին` Դավիթ: Նրանք այդ անունն արտասանում են պարծանքով: 12-ամյա պատանուն, ով բնակվում է Նոյշտադտում, քաղաքապետ Մարկ Վայբելն անձամբ է շնորհավորում տարբեր առիթներով ու հպարտությամբ նշում, որ 2019 թվականի գերմանական «Ձայնը» մրցույթում իրենց քաղաքի բնակիչ Դավիթ Նիկալայանը հասել է այնպիսի հաջողության, որ հիմա նրանով հետաքրքրվում են տարբեր պատվավոր երաժշտական շոուների ու նախագծերի հեղինակներ:


Ձեզ ենք ներկայացնում YerevanStyle.com-ի ծավալուն հարցազրույցը մեծ ապագայի սկզբին հաստատուն քայլեր անող մեր հայրենակցի հետ:

– Դավիթ, այնպես չէ, որ մեկ օր դու արթնացար ու դարձար հանրաճանաչ, իրականում բարդ ճանապարհ անցար գերմանական «Ձայն» մանկապատանեկան մրցույթում, բայց, այնուամենայնիվ, երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի հանրությունը քեզ ճանաչեր ու սիրեր: Գլուխդ չի՞ պտտվում այդ ամենից, որքանո՞վ էիր պատրաստ:

– Երգել սկսել եմ դեռ մանկապարտեզի տարիներից, և ինչպես մայրս է սիրում ասել, ավելի շուտ եմ սկսել երգելը, քան խոսել եմ սովորել։ Հեռուստացույցով մուլտերից ավելի ինձ հետաքրքրում էիր երաժշտական հաղորդումները, մրցույթները, նոր հիթային երգերը։ Միշտ դիտում էի «Մանկական Եվրատեսիլը», «Նոր ալիք» մրցույթը, ինչպես նաև բազմաթիվ երկրների «Մանկական Ձայնը» նախագծերը։ Եվ հենց այդ տարիքում էլ իմ մեջ ձևավորվեց առաջին և մեծ երազանքս՝ կանգնել այդպիսի մեծ բեմերի վրա։
Բայց ամեն բան իր ժամանակն ունի։ Տարիներ անց, երբ արդեն 11 տարեկան էի, և բնակվում էինք Գերմանիայում, որոշեցինք մասնակցության հայտ ներկայացնել։ Սկզբում հայրս մի փոքր դեմ էր՝ չէր ուզում ինձ այդ տարիքում սթրեսի ենթարկել, բայց, ի վերջո, համաձայնվեց։ Իմանալով, որ այս տարի աննախադեպ շատ՝ 17 հազար հայտ էր ներկայացվել՝ ծնողներս սկսեցին ինձ նախապատրաստել հնարավոր բոլոր տարբերակներին։ Երկու ամիս տևած դաժան սպասումից հետո վերջապես ստացա կաստինգին մասնակցելու հրավեր։ Այստեղ՝ Գերմանիայում, մինչև կույր լսումների փուլին հասնելը, երեխաները 5 տարբեր փուլեր են հաղթահարում։ Միայն դրանից հետո են իրավունք ստանում մասնակցել հեռուստատեսային նկարահանումներին։
Իմ կյանքում սկսվեց մի նոր փուլ՝ լի նոր զգացողություններով ու հույզերով։ Յուրաքանչյուր փուլում երգում էի ինչպես վերջին անգամ՝ վայելելով ամեն մի պահը, մտածելով, որ էլ առաջ չեմ անցնի։ Ու այսպես հասա մինչև սուպեր եզրափակիչ՝ ընդգրկվելով լավագույն քառյակում։
Մինչև վերջին վայրկյանն էլ չէի հավատում իմ հաջողությանը։ Իսկ փողոցում ինձ ճանաչողներն ու ժպտացողները սկզբնական շրջանում մոտս հակասական զգացողություններ էին առաջացնում՝ հաճելի, բայց շփոթեցնող։

– Երաժշտական կրթություն ստանո՞ւմ ես, երաժշտական որևէ գործիքի տիրապետո՞ւմ ես:

– Ես, մինչև նախագծին մասնակցելը, չեմ ունեցել ո՛չ երաժշտական կրթություն, և ո՛չ էլ մտածել եմ հետագայում այդ ուղղությամբ շարունակելու մասին։ Միայն նախագծից հետո որոշեցի լուրջ և պրոֆեսիոնալ զբաղվել երաժշտությամբ։ Հիմա հաճախում եմ կիթառի, դաշնամուրի և վոկալի դասընթացների։

– Ի՞նչ ես կարծում` ժյուրին ու հանդիսատեսը քո մեջ հատկապես ի՞նչը գնահատեց` ձայնային տվյալները, արտիստիզմը կամ որևէ այլ արժանիք: Այլ կերպ ասած` որն էր այն նրբերանգը, որն օգնեց քեզ այս տարիքում հասնել այսպիսի մեծ հաջողությունների:

– Առաջին անգամ՝ կույր լսումների ժամանակ, ժյուրին հնարավորություն չունի տեսնելու քո արտիստիկ և բեմական տվյալները, նա միայն լսում և գնահատում է քո ձայնային տվյալները, մնացած բոլոր քո արժանիքները դու պետք է ցույց տաս հաջորդ փուլերում։ Ինձ շատ են ասում, որ բացի քաղցր ձայնից` ունեմ նաև քաղցր ժպիտ։

– Հայտնի ու պահանջված լինելու բացասական կողմերը որո՞նք են` ըստ քեզ, թե՞ չկան բացասական կողմեր:

– Ես դեռ այնքան հայտնի չեմ, որ զգամ դրա բացասական կողմերը, մինչև հիմա զգացել եմ միայն դրականները։

– Կա՞ն հայկական երգեր քո երգացանկում, որո՞նք են և գերմանացի հանդիսատեսը ինչպե՞ս է դրանք ընդունում:

– Իհարկե, ունեմ, չէ՞ որ ես հայ եմ։ Շատ եմ սիրում հայկական երգերը՝ նախընտրությունը տալով ազգայինին և հայրենասիրականին։ Եկող ամռանը պատրաստում ենք մի շոու ծրագիր, որտեղ հայկական կատարումներով կներկայացնեմ Հայաստանը՝ տեղի միջազգային մշակութային փառատոնի շրջանակներում։

– Քո երազանքներից պատմիր, խնդրեմ, որոնք գաղտնի չեն, և կա՞ն այնպիսիները, որոնք երաժշտության հետ կապված չեն:

– Երազանքներ շատ ունեմ, բայց դրանք բոլորն էլ կապված են երգի և բեմի հետ։ Դրանցից մեկը՝ գերմանական ձայնը նախագծից հետո, Մանկական եվրատեսիլին մասնակցելն է։

– Իսկ բացի երգելուց` ի:նչ նախասիրություններ ունես: Հնարավոր չէ՞ հանկարծ մի օր պարզվի, որ քո կյանքի գլխավոր մասնագիտությունը ամենևին էլ երգարվեստը չէ:

– Եթե այնպես ստացվի, որ չշարունակեմ երգչի կարիերան, կարծում եմ, կդառնամ աշխարհագրության ուսուցիչ կամ լեզվաբան։ Շատ եմ սիրում ուսումնասիրել տարբեր երկրները, դրանց մայրաքաղաքներն ու դրոշները։ Սիրում եմ նաև օտար լեզուներ, հայերենից և գերմաներենից բացի ուսումնասիրում եմ անգլերեն և լատիներեն։ Կարծում եմ ինձնից լավ երգիչ-ճանապարհորդ դուրս կգար:

Եվ, իհարկե, քո մաղթանքը հայ պատանիներին, որոնք սիրում են քեզ ու հետևում են քո գործունեությանը:

– Մաղթում եմ, որ բոլորը ունենան իրենց երազանքները՝ մեծ ու փոքր։ Շատ աշխատեն, երբեք չհանձնվեն, ու Աստված կկատարի նրանց երազանքները։

Այսպիսով` Դավիթ Նիկալայանը 2019թ-ի «Գերմանիայի ձայնը» երաժշտական մրցույթում հասավ մինչև սուպեր եզրափակիչ՝ ընդգրկվելով լավագույն քառյակում: 2019թ-ի ամռան ամիսներին գերմանական բոլոր կինոթատրոններով ցուցադրվեց “Lion King” անիմացիոն ֆիլմը, որտեղ նա հանդես եկավ փոքրիկ Սիմբայի դերով` երգելով Սիմբայի հատվածը:

«Երեխաների ժպիտ» գերմանական բարեգործական հիմնադրամի 2019թ-ի ամենամյա Գալա-ընթրիքին հանդես եկավ երկու կատարմամբ: Սկզբում բեմի վրա փոքրիկ հարցազրույց տվեց` նշելով, որ հայ է ու Հայաստանից է: Դեկտեմբերին Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի հեռուստաալիքներով հանդես եկավ դուետով՝ հանրահայտ երգչուհի Helene Fisheri հետ (Helene Fisher Show 2019-ի շրջանակներում): Վերջերս նաև ներկա էր UNICEF -ի ամենամյա Գալա-երեկոյին, ուր հրավիրված էին ողջ աշխարհից հայտնի դեմքեր, և Դավիթը հրավիրված էր՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ:

Սրտանց հաջողություններ ենք մաղթում մեր պատանի հայրենակցին. թող այս տարի նրա տաղանդը նորովի դրսևորվի և աշխարհի տարբեր երկրներում նորից ու նորից պատվով հնչի հայի անունը:

Հեղինակի մասին

Գոհար Ավագյան

Գոհար Ավագյան

Մեկնաբանել գրառումը