Բարեսրտությունը և նրբազգացությունը ոչ միայն բառեր են, այլև կյանքի իմաստ են: Բարության ինքնաբուխ դրսևորման օրը (Random Acts of Kindness Day) միջազգային բարեգործական կազմակերպությունների ոչ վաղ անցյալի նախաձեռնություններից է:
Այդ տոնն ունի համաշխարհային նշանակություն և նշվում է անկախ քաղաքացիությունից, ազգությունից ու կրոնական համոզմունքներից:
Հայաստանում այդ օրը դեռևս շատ հայտնի չէ: Այդ օրը, ինչպես կոչ են անում կազմակերպիչները, պետք է փորձել բոլորի նկատմամբ բարի լինել: Ոչ թե ուղղակի բարի, այլ` անսահման ու անշահախնդիր բարի:
Հիշե՛ք, եթե մարդը շնորհակալության է սպասում իր բարության համար, դա չի կարող իսկական բարություն համարվել: Չպետք է հաշվարկել, որ կդառնաք ուրիշների ուրախության վկան և կլսեք նրանց գովեստը: Բարի գործերն ինքնաբերաբար պետք է հաճույք պատճառեն, մեկին մի բան տալով կամ օգնելով՝ չպիտի՛ պարգևի սպասեք: Այդպիսին է իրական բարությունը:
Ոչ բոլորն են մեր անհանգիստ ժամանակներում ունակ նման «քայլի». հոգնածության և էական խնդիրներով լարվածության պայմաններում մենք հաճախ անտարբեր ենք անցնում օտարի ցավի կողքով, նույնիսկ` երբ օգնության ձեռք են խնդրում: Այդժամ աջակցություն և մասնակցություն ենք փնտրում մարդկանց մոտ, ում համար «անշահախնդիր օգնությունը», «բարեսրտությունը» և «նրբազգացությունը» լոկ բառեր չեն, այլ` կյանքի իմաստ, կոչում:
Discussion about this post