Հետաքրքրաշարժ Ֆիլմեր

«Սոնիկը» բոլորի համար, բացի ֆանատներից

Փետրվարի 13-ին հայաստանյան կինոթատրոններում տեղի ունեցավ «Սոնիկ» ֆիլմի պրեմիերան․ ֆիլմ, որը նախապես և վաղուց արժանացել էր բավականին հակասական գնահատականի։

Սոնիկի ադապտացման բարդ ճակատագիրը սկսվել էր դեռևս 1994 թ-ին։ Այդ ժամանակ Sega-ն նույնիսկ նկարահանման պայմանագիր էր կնքել Metro-Goldwyn-Mayer և Trilogy Entertainment-ի հետ, իսկ սցենարիստ Ռիչարդ Ջեֆրիսը ճապոնական ընկերությանն էր փոխանցել «Sonic the Hedgehog: Wonders of the World» կոչվող սցենարը․ ըստ դրա Սոնիկն ու Դոկտոր Էգմանը ինչ-որ կերպ փախել են խաղից դեպի իրական աշխարհ, որտեղ շարունակում են իրենց հակամարտությունը։ Սակայն գործարքը չեղյալ համարվեց, իսկ Ջեֆերսի սցենարը չընդունեց և ոչ մի կինոստուդիա։

Շատ ափսոս․ հետաքրքիր կլիներ տեսնել Սոնիկին և 90-ականների կենդանի դերասաններին միասին, հատկապես «Ռոջեր ճագարի» հաջողություններից հետո։ Այնուամենայնիվ, ի վերջո էկրանավորմամբ հիմնովին զբաղվեցին միայն երեք տարի առաջ, երբ Soni-ն վաճառեց 2013թ-ին ձեռք բերած իրավունքը Paramount Pictures-ին։

Ժամանակակից տարբերակում կրկին ամեն բան չէ, որ հարթ էր ընթանում․Սոնիկի նախնական կերպարը  հանդիսատեսի հավանությանը չարժանացավ։ Դժվար է ասել, արդյոք դա խորամանկ քայլ էր ուշադրություն գրավելու համար, թե ֆիլմի ստեղծողների անհայեցողականությունն էր, բայց առաջին թրեյլերում ոզնին իսկապես սարսափելի տեսք ուներ․հասկանալի չէ , արդյոք դա մարդ է անճոռնի կոստյումի մեջ, թե չստացված մարդանման աղվես։ Բարեբախտաբար, վերջնական տարբերակում ոզնու արտաքին տեսքի հետ ամեն բան կարգին է։

Բազմաթիվ հարցեր էին առաջանում նաև սյուժեի վերաբերյալ։ Հարկ է միանգամից նշել, որ «ֆիլմի Սոնիկը» ոչ մի ընդհանուր բան չունի ոչ Ջեֆրիսի սցենարի, ոչ էլ, առավելևս խաղի կամ սերիալի հետ։

Ըստ ֆիլմի սյուժեի Սոնիկը որբ է, ում դաստիարակել է մի բու, ասել է թե, Օբի Վան Կենոբիի կտուցով կանացի տարբերակը, որին այդպես է անվանում հենց ինքը ոզնին։ Սուպերուժը հայտնվում է նրա մոտ դեռ երեխա ժամանակ, ինչն էլ շարժում է անբարյացկամ որսորդների հետաքրքրությունը, ի դեպ, նրանք նույնպես գազաններ են։ Նրանց հերթական գրոհի ժամանակ բու-տատիկը ստիպում է Սոնիկին օգտվել ոսկյա մատանու ուժից, որը կօգնի նրան փախչել այլ աշխարհ։ Սոնիկը ընկնում է Երկիր, Գրին-Հիլզ գավառական փոքրիկ քաղաք և այնտեղ գաղտնի ապրում մի ամբողջ տասը անհոգ տարի, մինչև պատահմամբ խափանում է ողջ Երկիր մոլորակի հոսանքը, այդպես սկսելով հետապնդվել կառավարության և խելագար գիտնական Այվո Ռոբոտնիկի (Ջիմ Քերրի) կողմից։

Ահա և ֆիլմի ողջ նախաբանը։ Սոնիկի գլխավոր թշնամի և պատմության պրոտագոնիստ Դոկտոր Էգմանը, կամ Այվո Ռոբոտնիկը, նույնպես կրել է որոշակի փոփոխություններ։ Ֆիլմում գիտնականը Երկրաբնակ է, աշխատում է ինչ-որ չափով կառավարության համար, բայց մեծամասամբ սեփական գաղափարների իրագործման վրա։

 Նրա կերպարը հիշեցնում է «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի ագենտի, իսկ ինտելեկտը նույն մակարդակին է ինչ որ Թոնի Սթարկինը։ Մնացած ամեն ինչում Այվոն բացառապես «Քերրիանման» կերպար է։ Դերասանը, ով համընդհանուր ճանաչելի դրամատիկ տաղանդով է օժտված, խաղում է հանդիսատեսի ճնշող մեծամասնությանը ծանոթ զավեշտալի չարագործի դեր, նման «Լեմոնի Սնիկետ»-ում իր իսկ կերտած Կոմս Օլաֆի կերպարին։

Մնացած բոլոր կերպարները Սոնիկի աշխարհում նորեկներ են։ Քանի որ Սոնիկը ոչ երկրային կերպար է, ապա ըստ սցենարի նա պետք է ունենա երկրային ուղեկցորդ։ Այդ դերը ստանձնում է Գրին Հիլլզի շերիֆ Թոմ Վաչովսկին (Ջեյմս Մարսդեն), կամ Պարոն Փքաբլիթը, ինչպես նրան կոչում է Սոնիկը, սատանան գիտի թե ինչքան ժամանակ հետապնդելով շերիֆին և նրա կնոջը, ինչպես Մերի Շելլիի Ֆրանկեյնշտեյնի հրեշը։

Այսպիսով, հենց էլեկտարականության հետ կապված դիպվածից հետո էլ տեղի է ունենում ոզնու և շերիֆի պաշտոնական հանդիպումը։ «Հրեշը» Վաչովսկուց օգնություն է խնդրում, և շուտով վերջինս մոռանում է ոզնու անսովոր ծագման մասին․ նրանք նույնիսկ հին ընկերների պես բարերից մեկում մի լավ ժամանակ են անցկացնում Սան Ֆրանցիսկոյի ճանապարհին, որտեղ նրանք պետք է փնտրեին Սոնիկի մատանիները, որոնք նա պատահմամբ գցել էր բաց պորտալը։

«Սոնիկի» սյուժեն կարելի է համեմատել վերջերս էկրանավորված «Դետեկտիվ Պիկաչու»-ի հետ։ Այնտեղ մարդկային և վիրտուալ իրականություններն էին, կոնֆլիկտը մարդու և գոյի, մարդու և բնության, մարդկային ճնշված էմոցիաների և կարիքների։ Թեկուզ հենց նուրբ հումորը, որը կարող էր գնահատվել նաև մեծերի կողմից․ իզուր չէր կերպարանավորման համար հրավիրված Ռայան Ռեյնոլդսը։

«Սոնիկը» ընդհակառակը, շատ պարզ է։ Ոզնու «միայնակ գայլի» և այլ աշխարհից եկած օտարականի էքզիստենցիալ կոնֆլիկտը մարում է նույնքան կտրուկ, որքան և բռնկվում է։ Այվոյի կերպարը չափից դուրս «տափակ է»․ ցանկություն է առաջանում իմանալ նրա մոլուցքի աղբյուրի մասին։ Ինչ-որ չափով ընգծված է շերիֆ Վաչովսկու դիլեման, որն ի դեպ, նույնպես լուծվում է անսպասելի կտրուկ և վերջնական։

Ինչպես և ցանկացած, թեկուզ և մանկական, ֆիլմ «Սոնիկը» նույնպես անդրադարձել է ժամանակակից կոնֆլիկտների թեմային։ Այվոն տեխնիկայի ֆանատ է և երազում է, որ այն մի օր վերջնականապես արմատախիլ կանի մարդկային աշխատանքը։ Իրական աշխարհում ամեն բան կարծես թե հենց դրան էլ տանում է, սակայն ֆիլմում Այվոյի գերհանճարեղ գյուտերը ներկայացվում են ոչ միայն մարդուն փոխարինող, այլև չարիք բերող վտանգավոր սարքավորումներ։
Տեխնիկական առաջընթացը մի  անգամ չէ որ դարձել է անհանգստության պատճառ, այդ թվում կենտրոնական խնդիր է եղել բազմաթիվ ֆանտաստիկ և հակաուտոպիստական ստեղծագործություններում։ Մյուս կողմից, նայած թե ինչպիսի ձեռքերում է հայտնվում այս կամ այն նորարարությունը, Այվոյի նման խելագարը կարող էր զենք ստեղծել նույնիսկ ոչնչից։

Կոմիքսների ակտիվ էկրանավորման հազարամյակում «Սոնիկը», չնայած իր իսկ նշանակալի պոպուլյարությանը, ասոցիացիաներ է առաջացնում, նույն ինքը Flash-ի, կամ նոր «Իքս մարդիկ» ֆիլմի Quicksilver-ի հետ։ Չնայած այստեղ ոչ մի վատ բան չկա, առավել ևս որ ֆիլմում կա հրաշալի տեսարան, որտեղ Սոնիկը աշխույժ երաժշտության ներքո իր սուպերուժի շնորհիվ տապալում է տեղացի բայկերներին, այն պահին երբ վերջիններս արագության ճեղքման արդյունքում գտնվում էին անշարժ վիճակում։ Հիշեցնենք, նույնն անում էր և Էվան Պիտերսը Quicksilver-ի դերում, սկզբում “Days of future past”-ում, հետո “Apocalyps”-ում ցնցող «Sweet Dreams-ի ներքո.

«Սոնիկ»-ում երաժշտությունը նույնպես լավն է, նրա վրա աշխատել է Ջանքի Իքս-Էլը։ Նոր «Խելահեղ Մաքս»-ի, «Դեդփուլի» և «Ալիտա։Մարտական հրեշտակը» ճապոնական մանգայի էկրանավորման զարմանալի վայրի կոմպոզիցիաները նրա ձեռքի աշխատանքներն են։

Ընդհանուր առմամաբ «Սոնիկը» միջին մանկական ֆիլմ է բարու հաղթանակի մասին, օտար աշխարհում սեփական եսի փնտրտուքի և ընկերության մասին։ Այդ տեսանկյունից ֆիլմն ուղղակի գերում է։ Չնայած նրան, որ հերոսները բացահայտված են մակերեսորեն, Ջեյմս Մերսդենը և Ջիմ Քերրին այստեղ իրենց տեղերում են, իսկ Մերսդենի և Սոնիկին դուետին հաճելի է նայել։ Մոտավորապես ֆիլմի մեջտեղում նրանք մտերմանում են և Սոնիկը ցանկ է կազմում, այնպիսին ինչպիսին կար Նիքլսոնի և Ֆրիմանի մոտ “The bucket list” ֆիլմում, որից հետո սկսում է անմեղ և զվարճալի կերպով իրագործել իր «երկրային ցանկությունները», քանի դեռ ետ չի փախել նորից հսկա սնկերի աշխարհ։ Ափսոս, որ այս գիծը ֆիլմում արագ ընդհատվում է։

Սակայն «Սոնիկում» բավականին շատ են թերությունները։ Նույնիսկ floss պարը Fortnite խաղից, որը երկու անգամ կատարեց Սոնիկը, արդեն ակտուալ չէ։ Ամեն դեպքում, հաշվի առնելով տարիքային ցենզը, ֆիլմը չէր էլ հավակնում ինչ-որ լուրջ բանի։ Այո, խաղի և սերիալի ֆանատների համար ֆիլմը հարյուրտոկոսանոց հիասթափություն կլինի, քանի որ «դիցաբանությանը» այն չի համապատասխանում ընդհանրապես։ Բայց եթե դիտել ժապավենն առանց անալոգներ անցկացնելու միտման, այդ դեպքում ձանձրալի չի լինի, տեղ-տեղ նույնիսկ ծիծաղելի կթվա։ Առավել ևս վերջում կա բավականին լավ ակնարկ Սոնիկի և Այվոյի հետագա հակամարտության, ինչպես նաև խելագար հանճարի «խաղային» կերպարի մասին հեղինակային մեկնաբանության վերաբերյալ։

Աղբյուրը՝ https://sobesednik.ru/shou-biznes/20200214-sonik-v-kino

Հեղինակի մասին

Մարիամ Մնացականյան

Մարիամ Մնացականյան

Մեկնաբանել գրառումը