Չինաստանի իշխանությունները մինչև մարտի վերջ կկարողանան հաղթել COVID-2019 մահացու կորոնավիրուսին։ Այն ամբողջությամբ կչնչացնեն ամբողջ երկրում, հայտարարել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բացի Հուբեյ նահանգից, այլ շրջաններում մենք կարող ենք այդ հաղթանակը տանել արդեն այս ամսվա ընթացքում», – նշել է դեսպանը: Նա ընդգծել է, որ կորոնավիրուսից մահացության մակարդակն այնքան էլ բարձր չէ, ամբողջ երկրում կազմում է ընդամենը 0,55 տոկոս:
Հանհուեյը հավելել է, որ այսօրվա դրությամբ արդեն ավելի քան 18 հազար մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից: Նա պնդում է, որ շատ մարզերում ու շրջաններում արդեն 10 օրից ավել է վարակի նոր դեպքեր ի հայտ չեն գալիս։
Դեսպանի խոսքերով՝ Պեկինը պատրաստ է ակտիվացնել Մոսկվայի հետ համագործակցությունը՝ առողջապահության ոլորտում եւ Ռուսաստանի եւ Չինաստանի «ներքին գործերին օտարերկրյա միջամտության դեմ պայքարի»:
Ամբողջ աշխարհում ներկայումս հաշվառվել է 2247 մահ նոր կորոնավիրուսից: Վարակվածների թիվը հասել է 76,7 հազարի, ապաքինվել է ավելի քան 18,4 հազար մարդ։
Կորոնավիրուսի բռնկումն առաջին անգամ գրանցվել է չինական Ուհանում, 2019 թվականի դեկտեմբերի վերջին: Բացի Չինաստանից, հիվանդության դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 20 երկրներում: Վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն. Դրա ախտանշանները են բարձր ջերմությունը, հոգնածության զգացողությունը եւ խորխառատ հազը:
Աղբյուր` Փաստինֆո
Discussion about this post