Այս արտահայտությունը վաղուց արդեն չի վերաբերում բակում մինչև ուշ գիշեր «անուն գոռոցի» խաղալուն։
“Pac man”, “Super Mario”, “Contra”, “Circus”, “Tekken”, “Sonic”։ Շատերը այս բառերը լսելիս հիշողությունների գիրկն են ընկնում։ Սրանք 90-ականների լավագույն վիդեոխաղերն էին։ Հիշու՞մ եք, Մարիոյի 8-րդ աշխարհը անցնելու համար ինչ մեծ կամքի ուժ էր հարկավոր։ Ոչ թե վիշապին հաղթելու մեջ էր բարդությունը, այլ խաղալու քո հերթին սպասելը։ Ով պարտվում էր joystick-ը կամովին հանձնում էր խաղընկերոջը, կամ խաղընկերներին, հիմնականում շրջանը բաղկացած էր 3-5 հոգուց ու հերթին սպասելը դար էր թվում։ Joystick, բառացիորեն՝ «ուրախության փայտիկ», ինչպիսի ճշգրիտ բառախաղ։
Առաջին վիդեոխաղերը ստեղծվել են դեռևս 1940-ականներին, չեմ կարծում, որ դրանք ստեղծողներից բացի ինչ-որ մեկը խաղացել է, ինչը չես ասի 1980թ.-ին ստեղծված “Pac man”-ի մասին։ 1970-ականների վերջին արդեն սկսում են ստեղծվել մեզ բոլորիս ծանոթ, արդեն ռետրո դարձած խաղային համակարգերը: “Nintendo”, “Dendy”, “Sega” 8 բիթանի համակարգերի համար մշակվում են բազմազան խաղեր: Պահվում էին դրանք քարթրիջների մեջ։ 90-ականների սերնդի հարստությունը դրանք քարթրիջներն էին, որոնք նույնիսկ բացված վիճակում կարողանում էիր տարբերել ու հստակ իմանալ թե կոնկրետ որ քարթրիջում է «Մարիոն»։ Ինչևէ ռետրո խաղերի փուլը վաղուց անցել է, եկել է գրաֆիկապես հզոր “Witcher”-ի ժամանակաշրջանը։

Տարիների ընթացքում ստեղծվում է գեյմերների մի մեծ համայնք ամբողջ աշխարհում, որոնք բաց չեն թողնում և ոչ մի նոր թողարկում։ Յութուբյան բազմաթիվ էջեր կան տարբեր խաղերի գեյմփլեյներով, որոնց դիտումները միլիոնավոր են։ Մարդիկ սիրով հետևում են, թե ինչպես է մեկ ուրիշն իրենց փոխարեն խաղում։ Սա «չխաղացողի» համար տարօրինակ կթվա։ Սակայն գնալով քչանում են մարդիկ, որոնց կհամարես «չխաղացող»։ Խաղերը ջնջել են սերունդների միջև սահմանը, երթուղայինում հեռախոսային խաղեր խաղալը անկախ տարիքից դարձել է բոլորի «տրանսպորտային» զբաղմունքը։
Ամեն դեպքում խաղային մշակույթը շատերի մոտ առաջացնում է բացասական վերաբերմունք։ Մարդը ով վիդեոխաղ է խաղում ամբողջովին գտնվում է այլ իրականությունում, ժամերը թռչում են նրա համար րոպեների պես, մի քանի ժամով նա ուրիշի մարմնում է, լուծում է խնդիրներ որոնց հետ իր իրական կյանքն ընդհանրապես կապ չունի։ Շատ դեպքերում խաղի ավարտից հետո վերադառնալ իրական կյանք բավականին դժվար է, երբեմն հերոսների հետ տարօրինակ կապվածություն է առաջանում, խաղում պարտությունը դառնում է ամենաքիչը նյարդայնացնող և սա իհարկե ինչ-որ չափով մտահոգիչ է։

Իսկ եթե նայենք ստեղծողների աչքերով։ Ժամանակակից վիդեոխաղերի վրա աշխատում են պրոֆեսիոնալներ։ Մարդիկ ովքեր ստեղծում են յուրօրինակ սյուժեներ, իրական աշխարհի սիմուլյատորներ, հրաշալի երաժշտություն, գերհզոր գրաֆիկա և վերջիվերջո այս ամենով ցույց տալիս, որ խաղային մշակույթը վաղուց արդեն արվեստի ճյուղ է։ Այլ հարց է թե մենք, որպես սպառող, ինչպիսի պրոդուկտ ենք ընտրում։ Ուղիղ համեմատական կարող ենք ացնկացնել ֆիլմարտադրության հետ․ կան լավ ֆիլմեր, կան վատ ֆիլմեր, կան ֆիլմեր ոչ բոլորի համար։ Կան մարդիկ ովքեր սիրում են դրամաներ, մելոդրամաներ, մարդիկ կան ովքեր թրիլլերի կամ էքշնի սիրահար են։ Ընտրությունն այնքան մեծ է, որ ստեղծողին մեղադրել այլևս չես կարող։ Դու ինքդ ես ընտրում, թե մոտակա 2 ժամը քո աչքերը ինչ պետք է տեսնեն, ականջներդ ինչպիսի երաժշտություն պիտի լսեն, պիտի վախենաս, պիտի հուզվես, թե պիտի ծիծաղես։

Վերջ ի վերջո, ո՞վ չի երազել ունենալ կախարդական փայտիկ, լինել Նարնիայում, տեսնել ֆանտաստիկ արարծների, օժտված լինել սուպերուժով։ Այս ամենը հնարավոր է դառնում ֆիլմերի, մուլտֆիլմերի, գրքերի և վիդեոխաղերի հետ, չէ որ դրանք նույնպես ստեղծված են երազողների կողմից։ Ուրեմն պետք է ճիշտ ընտրություն կատարել, լավ ժամանակ անցկացնել, դրական լիցքեր ստանալ, հիշել չափի մասին ու չմոռանալ, որ վաղը ժամը 9-ին աշխատանքի ես։
Discussion about this post