Հայաստան Հարցազրույց Մշակույթ

Կողբի գրադարանն ունի ժամանակակից գրականությամբ վերազինվելու կարիք. YerevanStyle.com-ի անդրադարձը

Մի գողտրիկ, գրքաբույր անկյուն կա Տավուշի մարզի Կողբ գյուղում: Առաջին գրադարանն է, որ կառուցվել է մոտավորապես 1970-ականներին, ու այդ օրվանից սկսած մինչ օրս իր մոտ է կանչում բոլոր ընթերցասերներին: 

Տեղեկանալով այդ հյուրնկալ գրադարանի գոյության մասին YerevanStyle.com-ը նույնպես որոշեց այցելել, և ծանոթանալ գրադարանի առօրյային, և, ինչո՞ւ ոչ, գտնել իր նախասիրություններին համապատասխան գիրքը:

Առաջին անգամ ոտք դնելով գրադարան՝ միանգամից համոզվեցինք գրադարանի հյուրընկալության հարցում, քանի որ մեզ դիմավորեցին բարեհամբույր երկու գրադարանավարուհիներ Գայանե Քոչարյանը և Մարինե Աբովյանը, ովքեր միասին են աշխատում արդեն 22 տարի, և սեփական կենսագրության նման լավ գիտեին գրադարանի ամբողջ պատմությունը:

Գայանե Քոչարյանը նշում է. «Գրադարան այցելում են ամեն տարիքային խմբի մարդիկ: Ակտիվությունը հիմնականում ավելի նկատելի է դառնում ամռան և ձմռան ամիսներին: Ամռանը մեծ է հոսքը դպրոցականների և ուսանողների շրջանում, իսկ ձմռանը մեծահասակների` պայմանավորված ավելի նստակյաց շրջանի հետ, մինչև կվերսկսվեն այգեգործական աշխատանքները»: Տիկին Մարինեն ուրախությամբ ավելացնում է.«Հաճախակի դպրոցականների հետ կազմակերպում ենք տարբեր  միջոցառումներ, գրողների ծննդյան օրվան նվիրված, կամ որևէ տոնական օրվա: Անց ենք կացնում նաև գրքի քննարկումներ: Շատ է լինում դեպքերը, երբ երեխաները և երիտասարդները իրենք են ցանկանում որևէ միջոցառում կազմակերպել: Օրինակ առաջիկայում իրենք ցանկություն են հայտնել ասմունքի երեկո կազմակերպել»:

Այն հարցին, թե արդյոք համացանցի գոյությունը իր բացասական հետքը չի թողել գրադարաններում ընթերցանության մակարդակի վրա, տիկին Գայանեն նշեց.« Եթե ասեմ, որ ոչ մի չափով չի ազդել ընթերցանության մակարդակի իջեցման վրա, միանշանակ սխալված կլինեմ: Ինչ արած այսօրվա ժամանակի թելադրանքը դա է, կամա թե ակամա բոլորս էլ օգտվում ենք դրանից յուրաքանչյուրս մեր չափով: Այնուամենայնիվ փորձում ենք անել ամեն բան, որ մարդկանց, հատկապես երիտասարդ սերնդի հետաքրքրությունը չմարի իրական, շոշափելի գրքի նկատմամբ»:

Նկատեցինք, որ գրադարանը գտնվում է համեմատաբար նոր վերանորոգված վիճակում: Տիկին Գայանեն նշեց . «Շենքային պայմաններն  անմխիթար վիճակում էին գտնվում, և, ի ուրախություն բոլորիս,  2010 թվականին  գրադարանը վերանորոգվեց  իրանահայ ամուսիններ Ավո և Ժենյա Հովհաննիսյանների աջակցությամբ, և գրադարանը կոչվեց նրանց լուսահոգի տղայի Շանթ Հովհաննիսյանի անունով»:

Երկուսն էլ խոր մտահոգությամբ նշեցին.«Այս պահին գրադարանում կա շուրջ 14.000-ին մոտ գրականություն: Սակայն տարիների ընթացքում բավականին մաշվել են գրքերը: Ճիշտ է բացի ունեցած գրականությունից՝ նվիրատվութուններ են արվել  Հայաստանի ազգային գրադարանի, բարերարների և գյուղի բնակիչների կողմից: Այնուամենայնիվ, կա դասական և նոր սերնդի գրողների գրականության կարիք»:

Երբևէ չեք փորձել դիմել Երևանյան գրատներին, գրադարաններին կամ ինչ-որ անհատների, նոր գրականություն ձեռք բերել ու հարցով, տիկին Մարինեն նշեց. « Չենք դիմել, քանի որ նոր գրականություն ձեռք բերելը ֆինանսական միջոցներ է պահանջում, իսկ մեր համայնքը չունի այդ միջոցները: Մեր երիտասարդների կողմից էլ երբևէ չենք ստացել առաջարկ կամ նախաձեռնություն՝ կազմակերպել ինչ-որ միջոցառում կամ այսօր շատ ընդունված «Ֆլեշ-մոբ»-ի կազմակերպում, օրինակ՝ Երևանի գրադարաններից գրքեր նվիրաբերելու նպատակով»:

Գայանե Քոչարյանը ցավով նշում  է.« Գրապահոցը դեռևս սովետական ժամանակաշրջանի է: Գրքերը գտնվում են վնասման վտանգի տակ, չի պահպանվում համապատասխան ջերմաստիճանը, որը կարճատև է դարձնում գրքերի կյանքը: Ամառվա ամիսներին գրքերի մի մասը հանում ենք արևի տակ դնում, որպեսզի չորանա»:

Խոսելով ապագա պլանների մասին տիկին Մարինեն նշեց. «Ուզում ենք մեր համագյուղացի, գրող Մարո Երկնափեշյանի հիշատակին նվիրված մեծ միջոցառում կազմակերպել»:

Ամփոփելով զրույցը՝ երկուսն էլ նշեցին. «Մենք մեր աշխատանքը շատ ենք սիրում, մի ամբողջ համերաշխ կյանք ենք ապրել այստեղ միասին աշխատելով 22 տարի»: Ժպիտով ավելացնում է տիկին Գայանեն. « Երբեք ոչ մի տարաձայնություն չենք ունեցել, միշտ ունեցել ենք նույն գաղափարները, ունենալով  միայն մեկ նպատակ, զարգացնել մեր հայրենի գյուղի Կողբի գրական առօրյան ու կյանքը: Ու դեռ երկար տարիներ էլ կաշխատենք նույն սիրով և ոգևորությամբ, ուղղակի մեր ցանկությունը մեկն է, որ մայրաքաղաքի գրադարանների և ղեկավարության  կողմից, ուշադրությունը էլ ավելի կենտրոնացվի հատկապես մարզերի մշակութային և գրական արժեքների պահպանման և զարգացման գործընթացի վրա, քանի որ մարզերում ունենալով մշակութային և գրական տեսանկյունից զարգացած հասարակություն, այսօր, վաղը և միշտ, հիմք է հանդիսանալու ընդհանուր հասարակության զարգացման համար»:

Հեղինակի մասին

Սյուզաննա Աղաբաբյան

Սյուզաննա Աղաբաբյան

Մեկնաբանել գրառումը