Աշխարհ Ապրելակերպ

Diamond Princess զբոսանավի 3 ռուս ուղևորների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. վարակման դեպքեր են արձանագրվել բոլոր մայրցամաքներում Անտարկտիդայից բացի

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

«Նոր կորանավիրուսային վարակ» է ախտորոշվել Ճապոնիայում կայանված Diamond Princess զբոսանավում եղած երեք ռուսների մոտ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան:

«Մենք դուրս ենք բերել ՌԴ քաղաքացիներին Ճապոնիայից և տեղափոխվել են Կազան: Նրանք հոսպիտալացվել են բժշկական հսկողությամբ, գտնվում են ինֆեկցիոն բուժկենտրոններում»,- ասել է Պոպովան՝ հավելելով, որ երեք քաղաքացիներից բացի հոսպիտալացվել են նրանց ընտանիքների անդամները, ընդհանուր առմամբ 8 մարդ: Վերջինիս խոսքով՝ նրանք բոլորն էլ իրենց լավ են զգում:

Diamond Princess զբոսանավը Յոկոհամայից դուրս է եկել հունվարի 20-ին և վերադարձել փետրվարի 3-ին: Ուղևորների մեջ Չինաստանի քաղաքացի է եղել, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Վերջինս նավից իջել է հունվարի 25-ին Հոնկոնգում: Նավում շուրջ 3700 ուղևոր է եղել 50 երկրից: Փետրվարի 5-ին նավում կարանտին է հայտարարվել:

CNN-ի տվյալներով՝ կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել բոլոր մայրցամաքներում Անտարկտիդայից բացի:

Հարավային Ամերիկայում առաջին դեպքը գրանցվել է Բրազիլիայում, որի մասին հայտնի է դարձել այսօր ավելի վաղ:

Նախօրեին հաղորդվել է նաև Աֆրիկայում հիվանդության ախտորոշման առաջին դեպքի մասին, որը գրանցվել է Ալժիրում:

Հիվանդության 22 դեպք է գրանցվել Ավստրալիայում:

Եվրոպական երկրներից ամենամեծ թվով դեպքերը (ավելի քան 320) գրանցվել են Իտալիայում, որտեղ 12 մարդ է մահացել վիրուսից:  

ԱՄՆ-ում վարակակիրների թիվը հասել է 59-ի: Հիվանդության դեպքեր են արձանագրվել նաև Կանադայում:   

Ամենամեծ թվով մահացության (2700) և վարակման (80 000) դեպքեր գրանցվել են Չինաստանում, որտեղից էլ տարածվել է նոր տեսակի կորոնավիրուսը:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը