Հայաստան Հարցազրույց Հետաքրքրաշարժ

Բացառիկ «Ապրելատեղը». YerevanStyle.com-ի անդրադարձը

Իր տեսակի մեջ յուրահատուկ ու չկրկնվող կառույցը, որը աչքի է ընկնում իր բացառիկությամբ  ու յուրահատուկ կոլորիտով և միայն իրեն հատուկ շունչ է հաղորդում Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքին,  կառուցվել է գլխավորապես  հենց սահմանամերձ գոտին  հանրության էլ ավելի լայն շրջանակներին ճանաչելի դարձնելու, ինչպես նաև  ունեցած բնական ռեսուրսները օգտագործելու  նպատակով: Միջոց, որը կարող է տեղի բնակչությանը տալ իրենց ծննդավայրը սիրելու և այստեղ ապրելու ու արարելու հնարավորություն: Հենց այս յուրահատուկ ու բացառիկ գաղափարի ու կառույցի բացահայտման հետքերով էլ որոշեց գնալ YerevanStyle.com-ը:

«2003 թվականին, երբ ավարտեցի դպրոցը,  եկավ մասնագիտական կրթություն ստանալու ժամանակը: Այնուհետ գնացի ծառայության հայոց բանակում: Ծառայությունն ավարտելուց հետո ներգրավվեցի աշխատանքի մեջ: Եվ կարծես այս բնական դարձած կենսառիթմի մեջ եկավ մի պահ, երբ հետ նայեցի իմ անցած ուղուն ու տեսա, որ այս գործընթացի մեջ սկսել եմ հեռանալ իմ երազանքից: Հենց այդ պահին անհրաժեշտ էր կտրուկ որոշում կայացնել  գնալ իմ երազանքին ընդառաջ, որովհետև աշխատանքային կյանքը շատ հաճախ  կուլ է տալիս և չի թողնում երազել:  Որոշումս, որը նաև կոնկրետ խնդիր էր լուծում  իմ՝ որպես անձի ձևավորման տարածքում՝  Նոյեմբերյանում, ռիսկային էր»,- YerevanStyle.com-ին պատմում է Արման Յարալյանը, ապա հստակ տոնով շարունակում. «Սա իմ և իմ մի քանի ընկերների գաղափարն էր՝ զարգացնել և աշխարհին ճանաչելի դարձնել հենց Նոյեմբերյանը՝ որպես տուրիզմի զարգացման գոտի: Սկզբնական շրջանում պլանավորել էինք գոնե հինգ տնակով սկսել աշխատել, քանի որ հաշվարկները ցույց են տալիս, որ այդ դեպքում կարելի է լծվել գործին, որտեղ ծախսն ու եկամուտը ճիշտ կհավասարակշռեն միմյանց»:

«Հինգ տնակներից դեռևս մեկն է կառուցման փուլում, որը հուսով եմ ամռանը կգործի իր ողջ ծավալով: Նախատեսում եմ մինչ այդ երկու տնակ  ևս կառուցել, և երեք տնակով սկսել աշխատել: Քանի որ դժվար էր գտնել ֆինանսավորում, իսկ ես միայն իմ աշխատած գումարով չէի կարողանում հոգալ անհրաժեշտ ծախսերը, այնուամենայնիվ գնացի այդ ռիսկային քայլին՝ առաջնորդվելով այն բանաձևով, որ անգամ, եթե երկար է ճանապարհը, ու տեսանելի չէ վերջակետը,  արված ամեն մի նոր  քայլ այն ավելի մոտ է դարձում», – հավելեց նա:

Հետաքրքրվեցինք, թե տուրիզմի զարգացման ինչպիսի հեռանկարներ է ենթադրում, որին ի պատասխան՝  նշեց. «Որքան ուսումնասիրել եմ, տուրիզմի զարգացման հիմնական խնդիրը Նոյեմբերյանում առկա փակ ցիկլն է, այսինքն չկա առաջարկ, իսկ տուրիստները բնականաբար գնում են այնտեղ, որտեղ կա առաջարկ: Իսկ առաջարկ չկա այն պատճառով, որ մարդիկ ներդրումներ չեն անում՝ վստահ չլինելով արդյունքների վրա: Որպես հետևանք՝ տուրիզմը չի զարգանում: Իմ նպատակը հենց այդ այդ փակ ցիկլը կոտրելն է, այսինքն ստեղծել մի միջավայր, որը կնպաստի տուրիզմի զարգացմանը, շուկայում այս տարածքի  ճանաչմանը և  պահանջարկի խթանմանը»:

Մեր այն հարցին, թե արդո՞ք ձեռնարկվում են  մարկետինգային քայլեր այս գաղափարի՝  էլ ավելի լայն շրջանակներին ճանաչելի դարձնելու ուղղությամբ, որը, ինչու չէ, կնպաստի նաև ֆինանսական աղբույրների և նոր ներդրումների ձեռքբերմանն ու կատարմանը, նա պատասխանեց. « 2012 թվականին նման քայլ անելու փորձ ունեցել եմ (բնապահպանական նպատակով  պլաստիկ շշերից նավ էինք ուզում սարքել և անվճար տրամադրել  Սևան եկած տուրիստներին, ովքեր կնստեին  նավը և այդ ճանապարհորդության ընթացքում կլսեին Հայաստանում  առկա բնապահպանական խնդիրների, դրանց լուծումների մասին, ինչը նպատակ ուներ հասարակութան տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու): Այն ժամանակ ես մտածում էի, որ այս գաղափարի մասին հասարակության լայն շերտերին տեղեկացնելը կօգնի ֆինանսական միջոցներ գտնել, սակայն իրականում ստեցծվեց  այնպիսի իրավիճակ, երբ  մեր ռեսուրսները զուտ գիտելիքի և կարողության տեսանկյունից չհամապատասխանեցին մեր նպատակներին, որի արդյունքում գործը մնաց կիսատ: Դա ինձ համար մեծ դաս էր, քանի որ պետք էր չափելի մի բան ունենալ, որի վրա հենվելով կկարողանայինք կառուցել ու մինչև վերջ կյանքի կոչել այդ գաղափարը»:

Անդրադառնալով ներկայիս  տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն՝ ավելացնում է. « Այսօր մարկետինգի տրամաբանությունը ևս փոխվել է: Ֆեյսբուքում հնարավոր է ունենալ մեծ ծանոթություններ, որը այդ խնդիրը լուծում է միանշանակ: Արդեն շուրջ երեք տարի ակտիվորեն զբաղվում եմ այդ ուղղությամբ, քանի որ միշտ էլ կողմանակիցն եմ «անկեղծ» մարկետինգի.  խաբելու ոչինչ չկա, նա, ով կուզենա գալ, միանշանակ կգա՝  հստակ իմանալով առաջարկվող հնարավորությունները»:

Ապագայում ես պատկերացնում եմ զբոսաշրջիկներին դեպի Նոյեմբերյան գրավող տարածք, որը կունենա առօրյան, ժամանցը կազմակերպելու նշանակություն՝ նույնիսկ  եթե դա լինի այցելություն զուտ նկարվելու նպատակով:  Նաև հնարավորին չափ  կուղղորդել նրանց այլ առաջարկների՝  ուղված սահմանամերձ գոտիների, գյուղերի ճանաչմանը: Ապագայում ունենք պլաններ համագործակցություն սկսել հարակից սահմանամերձ Կոթի գյուղի հետ, որը  նպատակ կունենա հանրությանը ճանաչելի դարձնել սահմանամերձ այն գյուղերը, որոնք համարվում են կարողությունից զուրկ և ցույց տալ, որ այդ գյուղերը ևս ունեն զարգացման մեծ պոտենցիալ»:

Մի փոքր դադար տալուց հետո նա  ասաց. «Ի վերջո իմ նպատակը նոր մշակույթ ձևավորելն ու զարգացնելն է: Այն ուղված է  արդեն կարծրացած մոտեցման կոտրմանը, աշխատել ոչ թե այս կամ այն գործատուի մոտ, այլ միմյանց հետ: Այս մոտեցումը  ենթադրում է աշխատանքային նոր հնարավորություններ, պայմանագրային նոր հարաբերություններ, որը ես պատկերացնում եմ այս կերպ, օրինակ, եթե անհրաժեշտ է կազմակերպել տուրիստների սննդի հարցը, ես պայմանագիր եմ կնքում տարածքի բնակիչների հետ, հստակեցնելով սննդի ձեռքբերման չափանիշները: Ինչի արդյունքում տեղի է ունենում թեկուզ մեկամսյա համագործակցություն, որից շահում ենք բոլորս: 

Երկրորդ կարևոր նպատակս Նոյեմբերյանում եղած այն խմբային մտածողության վերացմանն է ուղղված, և այն գաղափարի, գործելաոճի ամրապնդմանը, որ ազատ է յուրաքանչյուրը: Ենթադրենք՝ ինձ հետ համագործակցող որևէ համայնքի բնակիչ ավելի շահավետ առաջարկ է ստացել, նա ազատ է հաջորդ ամսվա ընթացքում  համագործակցություն սկսել նոր գործընկերոջ հետ, ոչ թե դառնալ «գերի» և պարտավորվել մշտապես աշխատել միայն ինձ հետ: Իմ նպատակն է, որ իմ գործընկերները հաճույք ստանան համագործակցությունից, ոչ թե այն դիտեն որպես զուտ  ֆինանս ստանալու միջոց: Երրորդ նպատակը՝  կլուծվի հետագայում մեծահասակների զբաղվածության, կյանքի կենսառիթմից հետ չմնալու հարցը, ինչպես նաև կնպաստի ավագ սերնդի ադապտացմանը նոր պայմաններին՝  ծառայելով  որպես աշխատատեղ: Ես համոզվել եմ դրանում հորս մեծ ոգևորությունը տեսնելով»:

Ամփոփելով խոսքը՝ Արման Յարալյանը նշեց. «Այդ տարածքից աննկարագրելի գեղեցիկ տեսարան է բացվում՝ միաժամանակ հարևան երեք պետություններ, երկու քաղաք և երկու գյուղ: Արևածագն ու մայրամուտն էլ մի հմուտ նկարչի աշխատանքներ լինեն կարծես, որ ժամերով կարող ես նստել ու վայելել:

Անվան ընտրության հարցում անկեղծ շատ եմ դժվարանում, բայց հավանաբար կանվանեմ «Ապրելատեղ», որովհետև  այն արդեն հետաքրքրութուն ու վերաբերմունք է ծնում: Իմ ընկերների հետ զրույցների ընթացքում հաճախ այն մտքին ենք հանգում, թե «Ապրելատեղը», ինչպես մենք հաճախ անվանում ենք Նոյեմբերյանը, ինչով է տարբերվում աշխատատեղից՝ հենց իր բացառիկությամբ: Եվ հենց այդ բացառիկ գոտու, «Ապրելատեղի» համընդհանուր ճանաչումն  է իմ նպատակը.  ստեղծել մի միջավայր, որտեղ մարդիկ  պետք է  ապրեն և իրենց ապրածից ու ստեղծածից հաճույք ստանան»:

Հեղինակի մասին

Ռուզաննա Աղաբաբյան

Ռուզաննա Աղաբաբյան

Մեկնաբանել գրառումը