Ապրելակերպ Հայաստան Հարցազրույց

«Սրբասար» հանգստյան գոտին՝ որպես մարզային էկոտուրիզմի զարգացման նախադրյալ. YerevanStyle.com-ի անդրադարձը

Տավուշի մարզում` Նոյեմբերյան քաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա է գտնվում Սրբասարը: Հենց այս չնաշխարհիկ բնության գողտրիկ անկյուններից մեկի, Սուրբ սարի ստորոտում էլ գտնվում է «Սրբասար» հանգստյան գոտին, որի կառուցման աշխատանքները սկսվել են դեռևս մեկ տարի առաջ, որի նպատակն է խթանել էկո տուրիզմի զարգացումը նաև Տավուշի մարզում:

Առավել մանրամասն և հանգամանալից տեղեկություն ստանալու նպատակով  YerevanStyle.com-ը զրուցեց Արտակ Բաղինյանի հետ, ով հանդիսանում է «Լուսո արահետ»  բարեգործական  հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը:

Զրույցի սկզբում նախքան «Սրբասար» հանգստյան գոտու կառուցման գաղափարին անդրադառնալը նա խոսեց իր ընտանիքի կողմից ստեղծված «Լուսո արահետ»  բարեգործական  հասարակական կազմակերպության մասին, որը իր գործունեությունն է ծավալում արդեն հինգ տարի:

«Միջոցառումները հիմնականում կազմակերպում ենք «Հեքիաթ» մանկական սրճարանում ՝ հյուրասիրությունների, վիկտորինաների, դրամահավաքների ձևով, որոնցից ստացված գումարը տրամադրում ենք մեր համայնքի անապահով ընտանիքներին, ինչպես նաև համագործակցում ենք «Հույսի կամուրջ» հկ. Նոյեմբերյանի մասնաճյուղի հետ: Հաճախ կազմակերպելով ցուցահանդես վաճառք, որից ստացած գումարը ուղղում ենք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների բավարարմանը», -ասաց նա:

«Հասարակական կազմակերպոււթյան գաղափարախոսություններից մեկն էլ շրջակա միջավայրի պահպանումն է: Եղած բնական ռեսուրսների ճիշտ գնահատումն ու օգտագործումը, որը կնպաստի  հենց այս գոտին  հանրության էլ ավելի լայն շրջանակներին ճանաչելի դարձնելուն, որպես տուրիզմի զարգացման գոտի: Միջոց, որը կարող է տեղի բնակչությանը տալ իրենց ծննդավայրը սիրելու և այստեղ ապրելու ու արարելու հնարավորություն: Հենց այս հանգամանքը պատճառ դարձավ, որ շուրջ մեկ տարի առաջ մենք մի քանի համախոհներով   ստեղծենք իր տեսակի մեջ յուրահատուկ «Սրբասար» հանգստյան գոտին: «Լուսո արահետ»  ՀԿ- ի   երկրորդ նպատակն է, մարզում սոցիալապես անապահով խմբերի, երեխաների համար ստեղծել և իրականացնել հետաքրքիր ու չկրկնվող գաղափար՝ անտառի դպրոց, որտեղ կհամատեղվեն հանգիստն ու ուսումը: Ինչպես նաև այն կկրի  բացօթյա ճամբարի բնույթ և կծառայի, որպես հարթակ, հնարավորություն տալով ցանկացողներին բնության և շրջակա միջավայրի պահպանմանն ու զարգացմանը ուղղված դասընթացների և միջոցառումների իրականացման համար»:

Հստակ տոնով շարունակում է. «Դեռևս շարունակվում են կառուցման աշխատանքները:Ներկայումս պատրաստ է չորս տնակ և տասներկու տեղ վրանային հանգիստ նախընտրողների համար: Այս պահին ունենք վեց աշխատակից: Աշխատանքի կազմակերպումը տարաժամկետ է և տարաբնույթ: Ձմռան ամիսներով պայմանավորված փոքր ինչ դանդաղել են կառուցման աշխատանքները,սակայն առաջիկայում, եղանակների բացվելուն զուգահեռ, աշխատանքները կվերսկսվեն»:

«Մեր գործունեության հիմքում և մասնավորապես՝ «Սրբասար» հանգստյան գոտու կառուցման հենց սկզբից ունեցել ենք համընդհանուր մատչելիության սկզբունքը: Սկսած հանգստյան գոտի մուտք գործելու հատվածից մինչև հարմարեցված սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը մեր բոլոր հյուրերի համար,- հավելեց նա:

Մեր այն հարցին, թե արդո՞ք ձեռնարկվում են  մարկետինգային քայլեր այս գաղափարի՝  էլ ավելի լայն շրջանակներին ճանաչելի դարձնելու ուղղությամբ, որը, ինչու չէ, կնպաստի նաև ֆինանսական աղբյուրների և նոր ներդրումների ձեռքբերմանը, նա պատասխանեց. « Միանշանակ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը դրական է ազդում և խթանում հանրության լայն շրջանակներին ևս ճանաչելի դառնալու գործընթացը: Ինչն էլ նպաստոււմ է այցելուների, հետաքրքրված մարդկանց քանակի ավելացմանը: Սակայն քանի որ հիմա դեռ կառուցման փուլում ենք, հետազոտության նպատակով ուսումնասիրում ենք միայն մեր ներքին շուկան, պարզելու կարծիքներ մեր կառուցի մասին, որնք կօգնեն մեզ ավելի հստակ քայլերով առաջ գնալ»:

Անդրադառնալով խնդիրներին նշեց. «Մինչ այժմ օգտվել ենք փոքր դրամաշնորհային ծրագրերից, սակայն տեսանք, որ այդ գումարները բավարար չեն աշխատանքները լայն թափով շարունակելու համար: Միայն վերջերս որոշեցինք փորձել, գրել ծրագիր և դիմել  հիմնադրամի և պետական ներդրումային ծրագրերի, որը հուսով եմ կունենա հաջող ընթացք, որը ինչ խոսք կնպաստի նախատեսվող ծառայությունների որակի, ինչպես նաև առաջարկվող ծառայությունների բազմազանությանը: Ինչն էլ կնպաստի էկոհանգստի, ճամբարի և առաջարկվող տարաբնույթ ծառայությունների արագ և լայն թափով իրականացմանը: Ինչպես նաև կնպասի մեր ընդգրկվածության մակարդակի բարձրացմանը ևս կապված էկոտուրիզմի դրսի շուկայի և մեր ընդգրկվածությանը, համաշխարհային միջազգային տուրիզմի ընտանիքին»:

«Ներկայումս գտնվում ենք փաստաթղթավորման և կառուցման աշխատանքների իրականացման փուլում: Առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսում ենք  հասնել մեր հզորությունների մոտ 70% -ին, իսկ մոտավորապես երկու տարվա ընթացքում հանգստյան գոտին հանձնել ընդհանուր, վերջնական  շահագործման, որից հետո հստակ կներկայացնենք մեր կողմից տրամադրվող ծառայությունների բնույթը, գնացուցակը: Կտարանջատենք հասարակական մասը բիզնեսից և ինչու չէ կփորձենք եկամուտ ստանալ: Ինչպես նաև ազդել տարածաշրջանի սոցիալ- տնտեսական մակարդակի բարձրացման վրա»,- հավելեց նա:                 

Ամփոփելով խոսքը նշեց. ««Լուսո արահետ»  ՀԿ- ն ընդլայնելով աշխարհագրութունը նախատեսել է բացօթյա ճամբար Սրբասարի ստորոտում, որին զուգահեռ կգործի հանգստյան գոտին, որտեղ հնարավորություն կունենան հանգստանալու մեր շահառու երեխաները և նրանց ծնողները, հյուրերը, որից ստացված գումարի մի մասը  կուղղենք ծրագրերի շարունակականությանը: Ի վերջո մեր նպատակը մեկն է նպաստել սահմանամերձ գոտում ապրող  այս հրաշալի մարդականց  բարեկեցության ապահովմանը: Ստեղծել տասնյակ աշխատատեղեր, որպեսզի  կարողանան հենց այստեղ, իրենց սեփական հող ու ջրին կառչած մնալ, աշխատել և իրենց հացը վաստակել»:

Հեղինակի մասին

Ռուզաննա Աղաբաբյան

Ռուզաննա Աղաբաբյան

Մեկնաբանել գրառումը