Տավուշի մարզի Կողբ գյուղում մի գողտրիկ անկյուն կա, որի ամեն մի օրը լցված է մշակութային շնչով: Կողբի մշակույթի կենտրոնն է, որի դռները միշտ բաց են հանդիսատեսի առաջ:
Տեղեկանալով այդ հյուրնկալ մշակույթի կենտրոնի գոյության մասին YerevanStyle.com-ը նույնպես որոշեց այցելել և ծանոթանալ մշակութային անցուդարձին:
Առաջին անգամ ոտք դնելով այնտեղ միանգամից համոզվեցինք յուրօրինակ մշակությային օջախ լինելու հարցում, քանի որ շենքի արտաքին և ներքին կահավորումն ու ձևավորումը անգամ խոսում էր մշակութային մոտեցման մասին: Մեզ դիմավորեց մշակույթի կենտրոնի տնօրեն և թատրոնի գեղարվեստական ղեկավար Սասուն Մուրադյանը:

Սասուն Մուրադնայնը նշում է. «Դեռևս տնօրեն չլինելով այստեղ, աշխատել եմ որպես բեմադրող – ռեժիսոր, բեմադրել եմ Մելիք Քոչարյանի «Կինը ուսադիրներով» դրաման: Այնուհետ 2005 թվականից դառնալով մշակույթի կենտրոնի տնօրեն առայսօր բեմադրել եմ Արարատ Բարսեղյանի «Պոկված կրունկները», Ժիրայր Անանյանի «Լույս քեզ տեսնողին», Հրանտ Մաթևոսյանի « Աշնան արևը»: Գեորգի Խուգաևի «Անդրոն և Սանդրոն» Գուրգեն Խանջյանի «Կալանք» ստեղծագործությունները: Կողբի թատերաբեմը միշտ կենդանի շնչով են պահել նաև տիկնիկային թատրոնոի ներկայացումները: Հիմնականում մեր փոքրիկ հանդիսատեսներին ներկայացրել ենք Թումանյանի հեքիաթներով, «Չարի վերջը», «Անխելք մարդը» և այլն: Բեմադրել ենք նաև արտասահմանյան գրողների ստեղծագործություններ: Արդեն 2 տարի է Սուրբ ծնունդին ներկայացումներով հանդես ենք գալիս տարածաշրջանի դպրոցներում «World Vision»-ի աջակցությամբ:
Այն հարցին, թե, ինչպես են ընտրում պիեսները պարոն Մուրադյանը նշեց. որոշումը կայացնում ենք մշակույթի կենտրոնի մեր աշխատակազմի, համայնքապետարանի և անձամբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի հետ: Նրա անմիջական աջակցությամբ, ով արվեստագետի աստիճան արվեստասեր մարդ է, և անչափ ուշադիր է, համայնքի արվեստի զարգացման խնդիրների լուծմանն ու հատկապես թատրոնի զարգացման հարցում»:

Խոսելով մեծ թատրոնի մասին Մուրադյանը նշում է. « Ներկայումս մեծ թատրոն կազմակերպելը, եկամուտ չբերող ծախսատար միջոցառում է, մենք էլ չունենալով բավարար ռեսուրսներ, հետագայում նրանց ֆինասավորելու համար, պիեսի ընտրության հարցում ավելի զգուշավոր ենք լինում, որպեսզի ավելի քիչ դերասանական կազմ ունենանք: Ներկայացումներով հանդես ենք գալիս տարին մեկ, կամ երկու տարին մեկ անգամ, որքան մեր միջոցները թույլ են տալիս: Չկա հատուկ ժամանակահատված, որի ընթաքցքում անպայման պետք է ներկայանանք հանդիսատեսին: Նպատակը մեկն է որպես գյուղական մշակույթի կենտրոն, ըստ տվյալ ժամանակահատվածի և հասարակության սպասելիքի բեմադրենք որևէ ներկայացում: Ուզում եմ նշել, որ մեր թատրոնի դերակազմում որպես այդպիսին չկան հենց մասնագիտությամբ դերասաններ, բայց կան դերասանի մասնագիտությանը շատ մոտ կանգնած մարդիկ, ինչպես նաև մանկավարժներ, երաժիշտներ, ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, ովքեր շատ են սիրում բեմական աշխարհը: Ուզում եմ նաև նշել, որ դռները միշտ բաց են եղել բոլորի առաջ, մեր համայնքի և այլ համայնքների բնակիչների համար նույնպես, անգամ դպրոցականների, ովքեր ցանկություն են հայտնել լինել բեմում»:
Արդյոք մասնակցել են փառատոնների, պարոն Մուրադյանը նշեց. «Ինձ մրցութային մարդ չեմ համարում: Թատերական փառատոնի երբևէ չենք մասնակցել: Երբևէ մշակութային հարցով չեմ մրցակցել, ինչ-որ մեկի հետ: Ինձ համար սկզբունք է, յուրաքանչյուր մարդ պետք է գլուխը կախ իր աշխատանքը կատարի, կնդունվի, չի ընդունվի, հաջողություն կունենա, թե չի ունենա, արդեն ժամանակը ցույց կտա»:
Այն հարցին, թե ներկայացումներով հանդես են եկել այլ բեմերում նա նշեց. « Հանդես ենք եկել Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերում, մարզկենտրոնում: Ինչպես նաև հանդես ենք եկել Լոռու մարզի գյուղերի բեմերում: Բախտ ենք ունեցել նաև ներկայանալ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Ներկայացումներով հանդես ենք եկել նաև Թումնայանի տուն- թանգարանում»:

Մեր զրուցակիցը ունի աշխատանքային մեկ սկզբունք. « Մեծ թատրոնի հետ կապված լինում են պիեսներ, որ որոշակի փոփոխություններ ենք իրականացնում, դերասանական կազմից կամ տվյալ ժամանակահատվածում մեր հնարավորություններից ելնելով, բայց կոնկրետ տիկնիկային թատրոնի հետ կապված բոլոր ստեղծագործությունները մեր փոքրիկ հանդիսատեսներին ներկայացնում ենք բնօրինակով: Որպեսզի երեխաները հենց իրական գրքային տարբերակով ծանոթանան և սովորեն ստեղծագործությունները, որը կայուն հիմք կհանդիսանա իրական արժեքներից չկտրվելու համար, -նշեց Սասուն Մուրադյանը:
Խոսելով ապագա նպատակների մասին, Սասուն Մուրադյանը նշում է. «Այս տարի ցանկություն ունեմ նոր ներկայացում բեմադրելու: Եթե ոչ նոր ներկայացում, ապա գոնե ցանկություն ունեմ, նախկինում ներկայացված պիեսներից մեկը վերաբեմադրելու: Դեռ փնտրտուքների մեջ եմ, բայց միգուցե Գեորգի Խուգաևի «Անդրոն և Սանդրոն» ներկայացնենք քանի որ ճիշտ է տարածաշրջանում բավականին լայն ճանաչում գտավ, այնուամենայնիվ Կողբում ընդամենը մեկ անգամ ներկայացվեց հանդիսատեսին: Նաև անկախության օրվան նվիրված միջոցառման ենք պատրաստվում, համագործակցելով դպրոցիների աշակերտների և մանկավարժների հետ: Ասեմ, որ եղել է ժամանակ, երբ ցանկություն եմ ունեցել ստեղծել ստուդիա, դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ, սակայն աշխատանքային զբաղվածությունից ելնելով, չեմ հասցրել դեռևս իրագործել: Հիմա կդժվարանամ հստակ ասել, երբ, բայց ապագա պլաններում, նախատեսում եմ այսպես ասած թատերարվեստի միջավայր ստեղծել: Որը կիրականացվի ոչ միայն իմ մասնակցությամբ ու ղեկավարությամբ, այլև մեր դերասանական կազմի աջակցությամբ: Ինչպես նաև կհամագործակցենք դպրոցների և մանկավարժների հետ»:

Խոսելով ունեցած դժվարությունների մասին, պարոն Մուրադյանը նշեց. « Այսօր մարդը պետք է ինքնաբերաբար, գա դեպի արվեստ, հաշվի առնելով տեղեկատվության լիությունը, դժվար է մարդկանց ներգրավել, կամ ամուր պահել թատրոնի, կենդանի արվեստի շուրջ, իսկ արվեստը որքան էլ ստեղծագործական աշխատանք լինի, նաև իր գնահատականն ու արժևորումն է պահանջում, հանրության կողմից: Այնպես չէ, որ մարդիկ դժվարանում են թեկուզ փոքրիկ գումար վճարել տոմսերի համար: Պարզապես տեղեկատվության լայն հնարավորությունները մարդկանց կտրել են կենդանի արվեստից: Եվ որ ոչ պակաս կարևոր եմ համարում, այսօր արվեստի մարդիկ ինչքանով են ապահոված իրենց կենցաղում, որ կարողանան ամբողջությամբ տրվել արվեստին: Երբեմն հաշվի չառնելով տարածաշրջանի և արվեստի բնագավառում աշխատող մարդկանց ռեսուրսները, պահանջում են անել որքան կարող է ավելին: Կուզեմ, որ պահանջից բացի ուշադրություն լինի բոլոր առումներով: Մտածում եմ, միգուցե պետք է մտնել մարդկանց միջավայր և սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է ստեղծվում արվեստը: Այնուամենայնիվ ուզում եմ անպայման նշել, մենք շատ ենք սիրում մեր աշխատանքը և լավատես ենք, գոհ մեր աշխատանքից, ունեցածից: Կապ չունի մարդ որ բնագավառում է աշխատում, եթե մարդու սրտում ցանկություն լինի և նվիրվածություն իր աշխատանքի նկատմամբ, հավատացեք, նա ամեն ինչի էլ կարող է հասնել»:
Discussion about this post