Հայաստան Հարցազրույց Մշակույթ

Բերդավան գյուղում պատրաստվում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված խաչքար. YerevanStyle.com-ի անդրադարձը

Ժողովրդական վարպետ Արմեն Գոգինյանը, ով հեղինակ է տասնյակից ավելի խաչքարերի, դեռ 2000 թվականին բացել է առաջին փայյտի փորագրության և խաչքարագործության խմբակը, որին մասնակցում էին 20 աշակերտեր, իսկ արդեն 2017 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատում է «ԱՐԱՐ» հայ արվեստի պահպանման և հանրահռչակման կենտրոնում, որպես փայտի և քարի փորագրության վարպետ: Ունի շուրջ 70 աշակերտ:

«Իմ աշակերտների միջոցով կազմակերպել ենք ցուցահանդեսներ և միասնական ուժերով խաչքար ենք տեղադրել Նոյեմբերյանի եկեղեցու բակում՝ պատրաստված աշակերտների կողմից, որը նվիրված է Արցախյան ազատամարտերի հերոսներին, որից հետո «ԱՐԱՐ» հայ արվեստի պահպանման և հանրահռչակման կենտրոնի ղեկավար, վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրոն), նկատելով իմ աշակերտների ոգևորությունն ու  մասնագիտական առաջընթացը ցանկություն հայտնեց ևս մեկ խաչքարի պատրաստմանն օժանդակել՝ նվիրված  ապրիլյան Քառօրյա պատերազմի հերոսներին, ինչին սիրով համաձայնեցինք: Պարոն Գրիգորյանը ուղարկեց քարը, մնացած մյուս աշխատանքներն էլ մենք այստեղ կազմակերպեցինք  ու սկսեցինք աշխատել հենց մեր տան բակում», – YerevanStyle.com- ի հետ զրույցում նշեց պարոն Գոգինյանը:

«Խաչքարի պատրաստման աշխատանքները տևել են երեք- չորս ամիս, որի վրա աշխատել է շուրջ 60 աշակերտ, նույնիսկ այն երեխաները, ովքեր առաջին անգամ էին գալիս փորագրության մեծ ոգևորությամբ ուզում էին աշխատել, յուրաքանչյուրն իր կարողության չափով: Նույնիսկ նրանց ծնողները կամ պատահական անցորդներ, ովքեր լսելով այս գաղափարի մասին ուղակի եկել ու իրենց պատրաստակամությունն ու ցանկությունն են հայտնել թեկուզ մի փոքր չափով աշխատել կամ գոնե փոշին մաքրել, մաս ունենալ, մասնակիցը դառնալ աշխատանքի»,- ասաց նա:

Ոգևորությամբ շարունակեց. « Խաչքարի վրա աշխատել է հենց ինքը, Արսեն Գրիգորյանը: Աշխատել է նաև  ապրիլյան Քառօրյա պատերազմի հերոս Շուլի Հակոբյանը, ինչպես նաև Արցախյան պատերազմի հերոս Սարգիս Ստեփանյանը: Խաչքարը տեղադրվելու է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում:

Խաչքարն արդեն պատրաստ է: Բացումը նախատեսվում է ապրիլյան Քառօրյա  պատերազմի օրերին, սակայն դեռ հստակ օրը որոշված չէ: Հստակ տոնով շարունակեց. «Վերջերս, ֆեյսբուքյան իմ ընկերներից մեկն ասաց, որ ախր  երեխաները ինչու՞ պետք է այդպիսի քար պատրաստեն, որին ի պատասխան ես ասացի, պատերազմը դեռ չի ավարտվել, և՛ մեր երեխաները պետք է հիշեն մեր զոհերին, և՛ մեր հերոսներին չպետք է մոռանան նաև մեր թշնամիներին ու սա էլ ոգեկոչման և այդ ամենը չմոռանալու մի եղանակ է:

Հպարտությամբ շարունակեց. «Նոյեմբերյանում, եթե ես  եղել եմ միակ խաչքարագործը, ապա այսօր արդեն ունեմ վեց աշակերտ, ովքեր իրենք կարող են խաչքար տաշել, որն ինձ համար ամենամեծ արժեքն է: Իմ երկու տարվա աշխատանքի ընթացքում իմ աշկերտներից չորսին տվել են վարպետի կոչում, իսկ սաներիցս չորսն էլ ընդունվել են ԲՈՒՀ- էր, որտեղ երկուսը սովորում են անվճար:

Ամփոփելով խոսքը նշեց. « Ես իմ կամքով ու որոշմամբ գնացի « Հույսի կամուրջ» ՀԿ. Նոյեմբերյանի մասնաճյուղ, որպեսզի այնտեղ հաճախող երեխաներին էլ ճանաչելի դարձնեմ այս մասնագիտությունը, որը միգուցե հետագայում նրանց համար էլ կբացի մասնագիտական նոր հորիզոններ ու ինչու չէ  կդառնա աշխատանքի ու կյանքի որակի բարձրացման հիմք:

Ամռան ամիսներին իմ ավագ սերնդի աշակերտների հետ այցելում ենք նաև Կողբի գեղարվեստի դպրոցի ճամբար, որպեսզի այտեղ ուսանող երեխաներին  էլ սովորեցնենք փորագրություն: Շուտով կլրանա 80 –ամյակս, սակայն ես չեմ դադարելու, շարունակելու եմ աշխատել, գնալ այնտեղ, սովորեցնել երեխաներին, որտեղ կա դրա անհրաժեշտությունը:

Հեղինակի մասին

Ռուզաննա Աղաբաբյան

Ռուզաննա Աղաբաբյան

Մեկնաբանել գրառումը