«Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը տիկնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ։ Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ մարդ էր, ով գեղեցիկ կյանք ապրեց»,-Թվիթերի իր միկրոբլոգում մարտի 30-ի՝ լույս 31-ի գիշերը նշեց Լևոն Արոնյանը՝ ցավով տեղեկացնելով բոլորիս իր սիրելի կնոջ՝ Արիանա Կաոլիի մահվան բոթը: 2020 թվականի մարտի 15-ի ավտովթարը ճակատագրական եղավ նրա համար…
Ո՞վ էր նա՝ այդ կենսուրախ, ժպտերես ու հայեցի կինը, ով թեև չուներ հայկական արմատներ, ում երակներով թեև չէր հոսում հայկական արյուն, ում ազգանունը թեև չէր վերջանում յան-ով, այնուամենայնիվ, ժպտում, խոսում ու մտածում էր հայեցի, ու ապացուցում, որ ամուսնուն ու նրա հայրենիքը սիրելով էլ կարելի է հայ դառնալ:

«Եթե մարդ չի գտնում մի բան, որի համար պատրաստ է մեռնել, նա չի ապրում»: Ես ապրում եմ, որովհետև գտել եմ Հայաստանը»: Հայաստանի հանդեպ սերը մի անգամ այսպես էր բնութագրել Արիանա Կաոիլին:
Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Կաոիլին 2013 թվականից բնակվում էր Հայաստանում, սիրում էր Հայաստանն ու Հայաստանի մասին խոսելիս միշտ ասում էր «մեր երկիրը», «մեր մշակույթը», «մեր ժողովուդը»:
Նա ծնվել էր 1986 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆիլիպիններում: Սկսել է շախմատ խաղալ դեռ 6 տարեկանից: Բացի շախմատային հաջողություններից՝ Արիանա Կաոիլին մասնագիտությամբ տնտեսագետ էր։
Հայաստանում Արիանեն զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ. 2016 թվականից Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն էր, իսկ 2017 թվականին եղել է նաև ՀՀ վարչապետի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով:
«Ինձ թվաց, որ Հայաստանի տպագիր մամուլում ոգեշնչող և հետաքրքիր հոդվածների պահանջարկ կա: Ես ուղղակի ցանկանում եմ ընթերցողների ուշադրությունը գրավել այն հարցերին, որոնք անտեսում են այլ լրատվամիջոցները»,- ասում էր նա:
Հայաստանի, մեր երկրի, բնության, մշակույթի ու մարդկանց մասին իսկապես հոգ տանող ու անհանգստացող Արիանեն ընդամենը 33 տարեկան էր … և դեռ այնքան բան ուներ անելու՝ աշխարհը փոքր-ինչ ավելի բարի ու լավը դարձնելու համար:
Ասում էր՝ ցանկանում է մինչև կյանքի վերջն ապրել Հայաստանում, ընտանիք կազմել Հայաստանում ու այստեղ մեծացնել իրենց երեխաներին … երեխաներ ունենալ գեղեցիկ զույգը, ցավոք, չհասցրեց, իսկ ընտանիք կազմեցին 2017 թվականի սեպտեմբերի 30-ին:

Նրանց աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ ծանոթացել էր Արոնյանի ավստրալացի ընկերը, որն Արիանայի առաջին ուսուցիչն է եղել։ Նա ծանոթացրել է՝ կարծելով, որ Լևոնն ու Արիանան մտածելակերպով շատ նման են իրար:
Հայաստանի նկատմամբ Արիանայի սերն ունենում էր ամենատարբեր դրսևորումները:
Նա 2018-ին հայ մանուկներին նվիրված աննախադեպ նախաձեռնությամբ հանդես եկավ՝ հեծանվարշավի շնորհիվ դրամահավաք իրականացնելով «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի համար։

Հեծանվարշավը Կաոիլին մեկնարկեց Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, հեծանիվով անցավ մոտ 1 900 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի և Իրանի միջով դեպի Հայաստան:
«Միշտ էլ հետաքրքրվել եմ հնագույն պատմությամբ, հատկապես հայոց պատմությամբ։ Ու մտքովս անցավ, «Ինչո՞ւ հեծանվով չանցնեմ արևմուտքից արևելք կամ հակառակը։ Կարելի է ճամփորդել ամբողջ տարածաշրջանով և ընդգրկել այս բոլոր հետաքրքիր պատմական ու հնագիտական վայրերը»,- ասել էր այն ժամանակ Արիանա Կաոիլին։
Արիանեն նաև լեռնագնացության մեծ սիրահար էր. 2015-ին նա հաղթահարեց Արարատի բարձունքը.
«Գիտեի, որ դասագրքային տեղեկություններից զատ, այստեղ նոր բան եմ գտնելու: Եվ գտա: Լեռներն էին` բարձր, վեհ, գեղեցիկ: Լեռնագնացությունն իմ սիրելի զբաղմունքներից մեկն է: Առհասարակ, հայկական բնաշխարհը յուրահատուկ գեղեցիկ է: Հայաստան ինձ սովորեցրել է սիրել բնությունը»,- մի անգամ ասել է Կաոիլին:

Ցավակցական ուղերձների ու գրառումների շարքը չի դադարում. շախմատիստներ Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Պավել Էլյանովը, Յուդիթ Պոլգարը և ուրիշներ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Ա. Սարգսյանը, պատգամավորներ, նախարարներ, քաղ. գործիչներ, շոուբիզնեսի ներկայացուցիչներ և այլոք իրենց ցավն են արտահայտում անժամանակ մահվան կապակցությամբ:
«-Հը, ո՞նց է Ղարաբաղը»,- հեռուներից գալիս է Լևոնի ձայնը…
– Ուզում եմ մեր առաջին տղայի անունը Մոնթե դնենք, ի՞նչ կասես»,- ասում եմ ես». Հոդվածներից մեկում գրել էր Արիանան:
Հանգչիր խաղաղությամբ…
Ուժ և համբերություն Լևոն Արոնյանին և նրանց ընտանիքի բոլոր հարազատներին ու մտերիմներին:
Discussion about this post