Վստահ եմ, եթե սահմանում չծնվեի ու այդ դժվարությունների մեջ իմ մանկությունը չկորցնեի, այս ամենը ինձ այսքան ուժ չէր տալու. Սիրանուշ Մելիքյան
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում ապրում է մի յուրահատուկ աղջիկ, ով մասնագիտությամբ քաղաքագետ է, ունի թռչնի պես ազատ ստեղծագործ հոգի: Երբեք չարձակվող ամուր թելերով է կապված իր հայրենի հող ու ջրին, ու իրեն չի պատկերացնում այլ տեղ բացի իր Տավուշ աշխարհից:
Սիրանուշ Մելիքյանին և ընդհանրապես սահմանում ապրող մարդկանց ներկայիս առօրյան բացահայտելու նպատակով YerevanStyle.com-ը, կապ հաստատեց նրա հետ:
Խոսելով իր ծննդավայրի մասին Սիրանուշ Մելիքյանը նշում է. «Միայն Աստծուն է հայտնի, թե ես ինչ եմ զգում այս հող ու ջրի նկատմամբ: Ես վստահ եմ, որ, եթե ես սահմանում չծնվեի ու այդ դժվարությունների մեջ իմ մանկությունը չկորցնեի, այս ամենը, ինձ այսքան ուժ չէր տալու: Ինչ-որ բան կորցնելու վախը քեզ լիքը բան ձեռբերելու հնարավորություն է տալի: Մարդիկ կան, որ դժվարություններից ընկրկում են, բայց քրիստոնեական ճշմարտությունը մեզ ասում, որ դժվարությունները մարդուն ավելի ուժեղ դարձնելու համար են: Միշտ լուրջ եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր տիրապետում են իրենց ծննդավայրի պատմությանը: Մարդուն ճանաչելու իմ հիմնական վերլուծությունը կայանում է հետևյալում: Մարդուն հարց տամ իր ծննդավայրի մասին, ու հասկանամ նա ինչքանով է ճանաչում իր ծննդավայրը: Չափազանց կարևորում եմ մարդու՝ իր արմատներին, հայրենի հողին կառչած լինելու փաստը, քանի որ իմ ամբողջ ներաշխարհի, մարդկային տեսակի ձևավորման վրա հսկայական է Տավուշի բնության ազդեցությունը»:
– Երբևէ պատկերացրել ե՞ք Ձեզ այլ միջավայրում.
-Իմ կարծիքով ամեն ինչ որոշված է ի վերուստ: Ինձ ուրիշ տեղ չեմ պատկերացնում: Տավուշ աշխարհը իմ մեջ է, ու ես կրում եմ այս բնակավայրում ապրող մարդու նկարագիրը: Ու հենց Տավուշեցի լինելը վստահ եմ ինձ յուրահատուկ է դարձնում, ոչ միայն իմ, այլ իմ ընկերների ու շրջապատի աչքերում: Այժմ սովորում եմ ԵՊՀ քաղաքագիտության բաժնի ասպիրանտուրայում: Զուգահեռաբար դասախոսում եմ ԵՊՀ քաղաքագիտության բաժնում: Շատ եմ սիրում մասնագիտությունս և ընդհանրապես մանկավարժությունը: Այս ամենին չեմ նայում լոկ որպես աշխատանք, այլ որպես կենսակերպ, առաքելություն: Իմ կարծիքով, եթե ԵՊՀ-ի փաստը իմ կյանքում չլիներ: Ես շատ վաղուց տեղափոխված էի լինելու Տավուշ աշխատանքի: Եղել է ժամանակ, որ աշխատել եմ այստեղ: Քաղաքի բազմազբաղ առօրյաից կտրվելու ու ներշնչվելու այսպես ասած վերակենդանանալու վերածնվելու հնարավորություն էր ինձ համար այդ շրջանը: Հիմա Երևանում գտնվելու ժամանակ, երբ էներգիայի պակաս եմ զգում, անպայման գալիս եմ Տավուշ, ինքս ինձ վերագտնելու, վերալիցքավորվելու համար: Ու մի նոր կյանք ու շունչ առած վերադառնում եմ Երևան իմ ամենօրյա աշխատանքին: Ինձ Երևանում կապողը միայն համալսարանն է: Ես համալսարանը շատ եմ սիրում, բայցև վստահաբար կարող եմ ասել, որ առաջին իսկ ինքնառեալիզացման հնարավորության դեպքում կգամ իմ Տավուշ աշխարհ»:

Գիտեմ, որ ստեղծագործում եք, ո՞րն է ոգեշնչման հիմնական աղբյուրը: Եվ արդյո՞ք Ձեր հայրենի ծննդավայրը իր ուրույն տեղն ունի ստեղծագործություններում.
– Այս պահին ունեմ կիսատ թողած վիպակ «Անշշուկ ոտնաձայն» որտեղ ներկայացրել եմ ինձ շրջապատող աշխարհը, տարբեր մարդկանց, ապրումների համախումբը: Ասեմ, որ պարտադիր չէ, որ գրողը գրի այն ինչ միայն իր հետ է կատարվում, որովհետև հնարավոր է իմ գրածներում կյանք կա, բայց նաև դրանք իմ կյանքը չեն: Այնուամենայնիվ ծննդավայրս իր առանձին տեղը ունի վիպակիս մեջ: Հիմա գիտական աշխատանքով զբաղվելու և ժամանակի մեծ մասը դրան տրամադրելու պատճառով դեռ չեմ հասցնում ավարտել: Կարծում եմ գիտական աշխատանքներս ավարտելուց հետո միայն գեղարվեստական աշխատանքներս էլ ավարտին կհասցնեմ: Կարծում եմ, հիմնականում ստեղծագործելը կապված է նաև ներշնչվելու հետ: Այսպես ասած կազմակերպել ու սկսել գրել հաստատ չի ստացվի:
Զրուցեցինք նաև ներկա իրավիճակի մասին:
–Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս ստեղծված իրավիճակը.
– Նայելով այս ամենին ու վերլուծելով ներկա կրիտիկական վիճակը՝ հասկանում եմ, որ այսպես ասած կենդանիները վրեժ են լուծում մարդկանցից: Մոլորակը ուզում է հանգստանալ մարդկանցից, ու նրանց արատավոր գործունեությունից, որ կարողանա միլիոնավոր տոննաներով թափոններից ու արտանետումներից ինքնամաքրվել ու մի քիչ շունչ քաշել: Ես մի բան եմ հասկանում, տեսնելով երկրագնդի տարբեր ծայրերում, ինչպես է բնությունը մաքրվում: Այսպես ասած այդ փաստը ինձ մի քիչ սփոփում է: Որովհետև երբևէ չէր պատահել այսպես, որ գարնան զարթոնք օրը կարող էր մեզ տանը պահել, որ ինքը լիարժեք հնարավորություն ունենա վերածնվելու:
Իմ կարծիքով սա մարտահրավեր է, որից պետք է դուրս գալ նոր հնարավորություններով: Պետք է այս ամենին նայենք, ոչ թե կորցնողի տեսանկյունից, այլ լիքը բան նորովի գտնողի: Ամեն մի կորցրածի մեջ շատ ավելի մեծ հնարավորություններ կարող ենք գտնել: Ես ինքս քանի օր է տնից եմ աշխատում ու իմ մեջ բավականին հատկանիշներ եմ նորովի բացահայտել: Որվհետև անընդհատ զբաղված լինելով շատ բաներ չեմ հասցրել նկատել կամ ժամանակ չեմ ունեցել մտածելու, ինչպես հիմա: Սակայն հիմա Տավուշի բնության հետ ներդաշնակ, ունեմ այդ մտորելու հնարավորությունը: Այս օրերին ինձ համար ամենօրյա անելիքների գրաֆիկ եմ կազմել, որը օգնում է ինձ օրս ավելի արդյունավետ կազմակերպել: Բոլորին առաջարկում եմ այդպես անել: Նախ ձեզ շրջապատենք սիրելի իրերով, զբաղվենք մարմնամարզությամբ, ընթերցանությամբ, ֆիլմեր դիտենք ստեղծագործենք, հնարավորության դեպքում աշխատանքը կազմակերպենք առցանց: Նաև շատ կարևորում եմ երազանքների և ապագա նպատակների ցուցակ կազմելը ու համոզված եմ, եթե մինչ հիմա այսպես ասած կաղում էինք այդ հարցում, այսուհետ այս տնային կալանքից ազատվելուց հետո մենք շատ մեծ թափով լծվելու ենք մեր նպատակների ու երազանքների իրագործմանը: Այս իրավիճակը նաև մեր ունեցածը ազատությունը, մարդկային շփումները գնահատելու հնարավորություն է: Ես վստահ եմ, որ այս ամենի ավարտից հետո յուրաքանչյուրիս մեջ շա՜տ բան կփոխվի:

– Արդյոք մարդկանց շրջանում ընկճվածությո՞ւն եք նկատում
– Ցավոք, այո’, ընդհանուր ընկճվածություն եմ նկատում, բայց հիմնականում դա պայմանավորում եմ հոգևորի պակասով: Օրինակ հավատքով լեցուն մարդը այս ամենից միայն մի բան կհասկանա, որ պետք է գնահատել այն ինչ ունես: Գոհանալ, որ հնարավորություն ունենք մեր ընտանիքի անդամների կողքին լինելու: Ինչպես նաև տրված բացառիկ ժամանակ ինքնակրթվելու և զարգանալու: Ես ինքս հնարավոր ընկճվածության պահերին, միշտ պատկերացնում եմ, որ հիմա Նորքի Ինֆեկցիոն Կլինիկական Հիվադանոցում պառկած հիվանդներից յուրաքանչյուրը ինչքան կուզենար իր տանը լիներ: Գիրք կարդալ, ինչ- որ նոր բան սովորել: Փորձում եմ ինձ շրջապատող մարդկանց դրական լիցքերով և հավատով լցնել: Ու վստահեցնել, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: Ես հավատում եմ մեր պետությանը: Հասկանում եմ մի շատ կարևոր հանգամանք, եթե մենք բոլորս ընկճվենքՙ ապա ընկճախտը կարող է մեզ կործանել: Պետք է աղոթենք մեր հայրենակիցների համար, ովքեր հիվանդանոցում են: Ուզում եմ նաև առանձնացնել մեկ կարևոր հանգամանք ևս, առավելություն՝ գյուղի և քաղաքի միջև ներկա ժամանակներում: Գյուղի տունը ունի շատ ավելի լայն հնարավորություններ, որովհետև տարվա այս ժամանակաշրջանում թեկուզ մտնես անտառ, կօգտվես բնության բարիքներից: Կշտացած ու թարմացած կվերադառնաս տուն, այդ տեսանկյունից այսպես ասած գյուղում ապրող մարդը այսօր ավելի շահեկան դիրքում է գտնվում, քան Երևանի բազահարկ շենքի 7-րդ հարկում բնակվողը»:
– Որն ե՞ք համարում այս ամենի վերջնական լուծման բանալին.
-Այս պահին յուրաքանչյուրիցս է կախված իրավիճակը: Այս ամենի լուծման պարագան համարում եմ յորաքանչյուրիս սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակը: Ես վստահ եմ, որ մեր խնդիրները կախված չեն ուրիշներից, այլ կախված են միայն մեզանից: Յուրաքանչյուր մարդ, եթե ինքը պատասխանատու և գիտակից մոտենա այս հարցին ու հետևի բոլոր այն կանոններին ու հորդորներին, որ անընդհատ ասվում է, իրեն մի քիչ զրկի իր հաճույքներից ու այսպես ասած կարողանա ավելի ժուժկալ լինել: Որովհետև հնարավոր է ես հետևում եմ բոլոր հորդորներին, բայց դիմացինս ոչ, որից կարող ենք տուժել բոլորս: Ու ձեռք մեկնել պետությանը ազնիվ քաղաքացու կերպար ստեղծելով: Ավելի լավ է այս պահին մեզ կարողանանք զրկել որոշ բաներից, որ հետո կարողանանք ավելի մեծը ձեռբերել ու ունենալ ավելի հավասարակշռված և ներդաշնակ կյանք»:
– Ինչպիսի՞ն կլինի Ձեր կյանքը այս իրավիճակի հաղթահարումից և ավարտից հետո.
-Արդեն որոշել եմ իմ քունը այդքան չեմ կարևորի: Կյանքում այլևս երբեք տրտնջալով չեմ արթնանա աշխատանքի գնալու համար: Քանի այս ընթացքում հասկացել եմ, որ մարդ պետ է երջանիկ լինի, որ աշխատանք ունի, լավ շրջապատ ընկերներ: Օրվա մեջ ավելի շատ բովանդակություն եմ դնելու: Ներկան արժևորելու ու գնահատելու համար, որ հետո ոչ մի բանի ու բաց թողածի համար չափսոսամ: Զանգեմ նրան ով կուրախանա իմ զանգից, գրկեմ նրան ում սիրում եմ: Ոչ մի տիպի դրական զգացում չեմ պահելու իմ մեջ ու հետոի արտահայտմանը չեմ թողնելու: Քանի որ ինչպես տեսնում ենք վաղը կարող է շա՜տ ուշ լինել:
Discussion about this post