Կարծում եմ, մարդու մեջ գտնվող բոլոր բջիջները ավելի դրական են լինում ու նա ավելի բարի է դառնում երաժշտության միջոցով. Լիլիա Մնացականյան. YerevanStyle.com- ի անդրադարձը
«Երաժշտությամբ սկսել եմ զբաղվել հինգ տարեկանից, քանի որ մայրս երաժշտության, քանոնի ուսուցչուհի էր՝ պատճառ հանդիսացավ, որ ինքս էլ գնամ դեպի երաժշտությունը: Սկսեցի հաճախել Տավուշի մարզի Իջևան քաղաքի թիվ մեկ երաժշտական դպրոցը, որտեղ ինձ ընդգրկեցին նախադպրոցական խմբում, մտածելով, որ երևի փոքր եմ, չի ստացվի դեռ, բայց ստացվեց ու ես շատ սիրեցի երաժշտության աշխարհը:Սկզբնական շրջանում հաճախում էի, և՛ քանոնի, և՛ դաշնամուրի դասերի, սակայն որոշ ժամանակ հետո հասկացա, որ ինձ ավելի հոգեհարազատ է դաշնամուրը»,- YerevanStyle.com- ի հետ զրույցում նշեց Լիլիա Մնացականյանը :
Խոսելով իր առաջին ստեղծագործության մասին, ժպիտով ասաց.« Այն կապված էր անվանս հետ, ինքս էի գրել ու ամբողջ օրը երգում էի: Մայրս էլ ասում էր, որ ամեն ինչ շատ ճիշտ ու լավ էր ստացվել և հանգավորումը և երաժշտությունը, որից ես շատ էի ոգևորվում:

«15 տարեկանում որոշեցի կիթառ նվագել սովորել: Սկզբնական շրջանում մոտ մեկ ամիս փորձեցի գնալ դասերի, բայց որոշ ժամանակ անց հասկացա, որ ինձ մոտ ինքնուրույն գուցե ավելի լավ ստացվի, քանի որ արդեն ունեի երաժշտական կրթություն, ինչն էլ օգնեց ինձ ու այդպես ինքնուս սովորեցի:
Դիլիջանի արվեստի պետական քոլեջն ավարտելուց հետո չգնացի կոնսերվատորիա, որովհետև նախընտրեցի ստանալ երկրորդ մասնագիտություն՝ ընդունվեցի ԵՊՀԻՄ- ի հոգեբանության բաժինը»:
«Հստակ տոնով շարունակեց. «Ընդհանրապես կյանքում միշտ կարևորել եմ բազմազանությունը ու փորձել եմ չսահմանփակվել միայն մեկ գործով այլ միշտ գերադասել եմ, որ ամեն ինչից թեկուզ քիչ, բայց սովորեմ: Հենց այդ նոր ոլորտի բացահայտումն էլ պատճառ հանդիսացավ, որ յոթ տարեկանից սկսած, շուրջ ութ տարի զբաղվեմ կառատեով, որի ընթացքում մասնակցեցի բազմաթիվ մրցաշարերի, ունեմ սև գոտի; Երեք անգամ մասնակցել եմ ՀՀ առաջնության, երեք անգամն էլ առաջին տեղի մրցանակ եմ ստացել:

Ժպիտով շարունակեց. «Ուսուցիչս միշտ հորդորում էր ու ասում, որ թողնեմ երաժշտությունը ու խորանամ այս սպորտաձևում ու դառնամ մարզիչ: Դաշնամուրի ուսուցչուհիս էլ ճիշտ հակառակն էր ասում, իսկ դպրոցում դասղեկս միշտ ասում էր, որ թողնեմ այդ բոլորն ու գերազանց սովորեմ, բայց իհարկե ես ոչինչ կիսատ չթողեցի ու փորձեցի հնարավորինս լավ համատեղել այս բոլորը, որը կարծում եմ էլ ավելի զարգացրեց ինձ»:
Մեր այն հարցին, թե ինչը կարող է ոգեշնչման աղբույր հանդիսանալ, նա պատասխանեց.
«Գեղեցկությունը և դրականը տեսնելու ունակությունը ընդհանրական տեսանկյունից, և՛ բնության մեջ, և՛ մարդկանց մեջ:
Անդրադառնալով, որպես անհատ կատարող իր ստեղծագործություններին նա նշեց.
«Դրանք շատ քիչ են: Ունեմ մի երգ, «Երազ» վերնագրով, որն ինձ շատ հոգեհարազատ է, որվհետև միշտ շատ կարևորում եմ երազները ու այդ ստեղծագործությունն էլ անվանեցի հենց այդպես: Այդ ստեղծագործությունը գրեցի պատանեկան տարիքում: Ունեմ նաև մեկ այլ ստեղծագործություն, որն անվանեցի «Ձյուն»: Այն ևս գրվեց շատ պատահական՝ նայեցի լուսամուտից ու փորձեցի ուղղակի հենց այդ պահի զգացումներս հանձնել թղթին: Երկու ստեղծագործություններս էլ կան ու ապրում են հիմա էլ, ուղղակի հիմա, երբ ինքս լսում եմ մտածում եմ, որ, եթե այն հիմա գրեի կցուցաբերեի ավելի պրոֆեսիոնալ մոտեցում»:

Ավելի հստակ տոն տալով ձայնին շարունակեց. « Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ ու կարծում եմ, որ երջանիկ մարդիկ ունակ չեն շատ ստեղծագործելու: Ինքս միշտ երգում, ստեղծագործում եմ ինձ համար: Նույնիսկ, երբ երգում եմ, բազմամարդ դահլիճում համարում եմ, որ ես այնտեղ միայնակ եմ ու երգում եմ այնպես, ինչպես կերգեի միայնակ լինելու ժամանակ»:
Խոսելով իր ունեցած համերգների մասին նշեց.« Ընդհանրապես անկախ այն բոլոր ոլորտներից, որտեղ ես եղել եմ սիրել եմ ու հիմա էլ սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում: Դեռ փոքր տարիքից սկսած ունեցել եմ մենահամերգներ, հետո այսպես ասած սովորություն էր դարձել, որ ամեն տարի կամ երկու տարին մեկ ունենամ մենահամերգ, որոնց ընթացքում կատարել եմ այլ հեղինակների տարբեր, դաշնամուրային ստեղծագործություններ, երգել եմ երգեր կիթառի, քանոնի նվագակցությամբ: Բացի այդ մասնակցել եմ Մոսկվայի կողմից կազմակերպված մի մրցույթի, որը տեղի էր ունենում Երևանում, որտեղ ես դարձա դափնեկիր: Մասնակցել եմ նաև Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարման մրցույթին ու էլի շատ ու շատ մրցույթների, ուղղակի հասկացա, որ այսպես ասած կարիերա ստեղծելու համար պետք է թողնեմ ամեն ինչ ու տեղափոխվեմ Երևան կամ արտերկիր:

Երեք տարի առաջ էլ առաջարկ ստացա Ֆրանսիա մեկնելու մի պրոդյուսերի կողմից, ով հավաքում էր տարբեր տարիքի տաղանդավոր երիտասարդների և ինձ ևս առաջարկեց, որ մեկնեմ Ֆրանսիա, որին ես իհարկե չհամաձայնեցի, քանի որ ինձ համար անչափ կարևոր ու թանկ է իմ ծննդավայրը: Նույնիսկ տարիներ առաջ, երբ դեռ ուղղակի մտածում էի, որ գուցե շարունակեմ ու ընդունվեմ կոնսերվատորիա հասկացա, որ ուղղակի պատրաստ չեմ անել այդ քայլը, որովհետև ինձ համար անչափ կարևոր է նաև հանգստությունը: Ես ուղղակի չեմ կարող թողնել Տավուշը, իմ ծննդավայր Իջևանը ու գնալ մի քաղաք, որտեղ բոլորը ակտիվ են ու չկա իմ քաղաքի հանգստությունը», – ասաց նա:
Ավելի հստակ տոն տալով ձայնին շարունակեց. «Ինչպես արդեն նշեցի, ես երգում եմ ինձ համար ու դրանով արդեն ես երջանիկ եմ, ու ինձ պետք չեն շատ մեծ դահլիճներ, կարիերա, քանի որ չեմ կարծում, որ հանուն դրա արժե լքել սեփական հողը, հայրենիքն ու հիշողությունները, որնք կապված են քեզ հետ: Միշտ ինձ համար առաջնային եղել է և կմնա, երջանիկ ընտանեկան կյանքը»:
Ոգևորությամբ շարունակեց. «Դիլիջանի արվեստի պետական քոլեջն ավարտելուց հետո ես մենահամերգ ունեցա մեր երաժշտական դպրոցում, որից հետո, հենց այդ օրը պարզվեց, որ ընդունվել եմ աշխատանքի: Բացի այդ 15 տարեկանում, երբ դեռ նոր էի կիթառ նվագել սովորել հյուր էինք գնացել մեր ծանոթներից մեկին, ով ուզում էր կիթառ նվագել սովորել, քույրս էլ խորհուրդ տվեց ու վստահեցրեց, որ կստացվի ինձ մոտ փորձեմ սովորեցնել ու այդպես սկսեցի դասավանդել: Մի գործընթաց, որը ժամանակի ընթացքում վերածվեց կենսակերպի ու այդպես արդեն շուրջ յոթ տարի է դասավանդում եմ: Ձևավորել եմ խմբեր, որտեղ տարբեր տարիքային խմբի երեխաներին ու երիտասարդներին սովորեցնում եմ ճանաչել ու սիրել երաժշտությունը, լինի կիթառ, թե դաշնամուր էական չէ: Ընդհանրապես կարծում եմ, որ բոլորի կյանքում կարևոր է երաժշտությունը, հատկապե՛ս երեխաների՝ անչափ կարևորում եմ երաժշտական դաստիարակությունը, որովհետև կարծում եմ, որ մարդու մեջ գտնվող բոլոր բջիջները ավելի դրական են լինում ու նա ավելի բարի է դառնում երաժշտության միջոցով: Հենց այս նպատակով էլ ես ընդունում եմ իմ բոլոր սաներին, չսահմանափակելով կամ տարանջատելով նրանց ու հնարավորություն եմ տալիս իրենց ճանաչելու հենց երաժշտության միջոցով, սիրելու իրենց գործը և այն ամենը ինչ անում են, որպեսզի թեկուզ իրենց մի կատարումով կարողանան ներկայանալ շրջապատին:

Մեր հարցին, թե, ի՞նչն է համարում իր հաջողության գրավականը, նա պատասխանեց.«Աշակերտներիցս շատերը սկզբում ասում են կգանք մեկ ամիս հետո կտեսնենք, եթե ցանկություն կունենանք կշարունակենք ու այդպես մեկ, երկու ամիսները դառնում են տարիներ, որովհետև, և՛ ես, և՛աշաակերտներս հաճույք ենք ստանում այդ գործընթացից: Իրենց հետ աշխատելիս իհարկե չեմ մոռանում խստության մասին, բայց նախ և առաջ փորձում եմ լինել ընկեր, ում նրանք կվստահեն ու չեն կաշկանդվի ու հենց դա եմ համարում իմ հաջողության գրավականը: Ընդհանրապես ես ուսուցչի մեջ կարևորում եմ ոչ այնքան պրոֆեսիոնալիզմը, որքան իր ունեցած գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մատուցման ձևը, որովհետև լինում են դեպքեր, երբ ուսուցիչը ունենում է մասնագիտական հսկայական բազա, բայց այն չի կարողանում փոխանցել երեխաներին: Ես ինձ, որպես կիթառի ուսուցչուհի համարում եմ գուցե ոչ շատ պրոֆեսիոնալ, բայց համարում եմ կայացած ուսուցչուհի, որովհետև կարողանում եմ իմ գիտելիքները, կարողություններն ու հմտությունները ամբողջապես, ոչինչ բաց չթողնելով փոխանցել երեխաներին: Իմ աշխատանքի հաջողությունը համարում եմ նաև ոչ, թե այն, թե որքանով իմ աշակերտները կարողացան անսխալ երգել կամ կատարել այս կամ այն ստեղծագործությունը, այլ այն, որ կարողանում եմ մոտիվացնել իմ այն աշակերտին, ով դեռ ամիսներ առաջ կաշկանդվում էր բեմ բարձրանալուց: », – ասաց նս:
Մեր հարցին, թե արդյո՞ք խումբը գործում է վճարովի հիմունքներով, նա նշեց. «Այո, վճարովի է, որովհետև ես կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ պետք է գնահատի իր աշխատանքը ու, երբ դու կրթում ես, կրում ես պատասխանատվություն, ու, երբ այն անվճար է լինում, և՛ դու, և՛ երեխան մի տեսակ անպատասխանատվությամբ եք մոտենում, որովհետև երեխան մտածում է, եթե գումար չի տալիս ուրեմն կարող է այսօր էլ բացակայել, իսկ, երբ գումար են վճարում բոլոր կողմերը մի տեսակ պարտավորվում են ժամանակին ու ճիշտ կատարել ամեն ինչ:
Անդրադառնալով իր աշակերտների հետ ունեցած համերգներին նշեց. «Համերգներ ունեցել ենք մայրերի տոնին նվիրված: Մեր համերգները տարբերվում են իրենց ձևաչափով, որովհետև այն մենք համեմում ենք նաև ասմունքով: Ինքս զբաղվում եմ նաև նրանց բեմական խոսքով, որ նրանք ավելի ոգևորված ու լավ ներկայանան, այսինքն չեմ փորձում նրանց սահմանափակել միայն երգելու կամ նվագելու մեջ: Հաճախ փորձում ենք դուետներ, տրիոներ: Նույնիսկ լինում են դեպքեր, որ երեք տարբեր աշակերտների, երեք տարբեր երգ եմ տալիս, որոնք ունենում են տարբեր ռիթմեր ու, երբ սենյակ եմ մտնում թվում է, թե խառնաշփոթ է տիրում, որովհետև նրանք չեն լսում միմյանց: Այս ամենը իհարկե ես ինքնանպատակ չեմ անում, այլ սովորեցնում եմ նրանց, որ ինչ էլ լինի դահլիճում, ով էլ խոսի կամ փորձի խանգարել, նրանք անակնկալի չգան ու չդադարեն երգել ու իրենց ելույթը լավագույնս հասցնեն ավարտին:
Անդրադառնալով խնդիրներին նշեց. «Համերգների ժամանակ փորձում ենք միշտ ընտրել փոքր սրահներ, որտեղ հնչողության հետ կապված խնդիրը գոնե որոշ չափով լուծված կլինի: Բացի այդ ունենք նաև տեխնիկայի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև մասնագիտացված խանութների բացակայության, որտեղից անհրաժեշտության դեպքում կկարողանայինք գնել կիթառի լարեր կամ դինամիկներ՝ էլ ավելի որակյալ համերգներ կազմակերպելու համար»:
Անդրադառնալով խմբի դասերի հեռավար կազմակերպմանը նշեց. «Մինչ այս ծնողները հարցնում էին, թե արդեն շուրջ մեկ ամիս է հաճախում է դասերի, արդյո՞ք չսովորեց նվագել, իսկ այս շրջանում, երբ իրենք էլ ամբողջապես ականատեսն են լինում դասերին ու իրականացվող աշխատանքին արդեն ամբողջապես պատկերացնում են աշխատանքի բարդությունն ու խորությունը ու նման հարցերն ինքնաբերաբար ստանում են իրենց պատասխանները, ինչն էլ նպաստում է նրանց արդյունավետ պատկերացումների ձևավորմանը: Ավելին, հիմա հաճախ իրենք են բարկանում երեխաների վրա, իսկ ես փորձում եմ հանգստացնել նրանց՝ ասելով, որ դա բնական է և անհանգստանալու կարիք չկա»:

Անդրադառնալով ներկա ժամանակահատվածին նշեց. «Ինձ թվում է այս շրջանը, մի տեսակ գնահատողական շրջան է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը գնահատի իր ունեցած թեկուզ ամենափոքր, աննշան թվացող երևույթներն ու իրադարձությունները, որոնք շրջապատում են մեզ ու ապահովում մեր կենսագործունեությունը: Այս շրջանում ես հասկացա, որ այն հարցերը, մանրուքները, որոնք ժամանակին թվում էին դժվար, հիմա այլ հայացքով ու մեկնաբանությամբ եմ մոտենում ու վերլուծում այդ ամենը: Վստահ եմ, որ այս շրջանը հաղթահարելուց հետո կլինեմ ավելի գործունյա, ավելի կփորձեմ օգնել յուրաքանչյուրին»:
Ամփոփելով խոսքը՝ ասաց. «Սիրե՛ք, ընկալե՛ք ու պարզապես վայելե՛ք երաժշտությունը, մանավանդ այսօր, այս խառը մոլորակի մեջ: Ուղղակի փորձե՛ք տեսնել դրականը ամեն ինչում: Ստեղծե՛ք Ձեր փոքրիկ անկյունը, որտեղ կկարողանք լինել հավաքված ու ներդաշնակ ինքներդ Ձեզ հետ»:
Discussion about this post