Բոլորս էլ գիտենք և տեսել ենք հայտնի մուլտֆիլմը՝ Թոմը և Ջերրին: Անիմացիոն մուլտսերիալը ստեղծվել է ծաղրանկարիչներ Ուիլյամ Հաննայի և Ջոզեֆ Բարբերայի կողմից։ Մուլտֆիլմը սկսած 1940 թվականից մինչև 1958 թվականը արտադրել է MGM ստուդիան: Կատվի և մկնիկի մասին յուրաքանչյուր դրվագը MGM-ի համար արժենում էր 40 000 դոլար: Հաննա-Բարբերա դուետը 17 տարիների ընթացքում կատվի և մկնիկի մասին ստեղծեց 116 թողարկում, որոնցից 7-ն արժանացան Օսկար մրցանակի՝ «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում:

Բայց 1950-ականների սկզբներին մուլտֆիլմերի բյուջեն սկսեց կրճատվել, իսկ գանձումները՝ պակասել: Այդ պատճառով 1957 թվականին փակվեց MGM-ի մուլտիպլիկացիոն բաժինը:
Մուլտիպլիկացիոն բաժնի փակվելուց հետո MGM-ի ղեկավարները որոշեցին կրկին վերականգնել մուլտսերիալը և հանձնարարեցին չեխոսլովակյան Rembrandt Films ստուդիային ստեղծել Թոմի և Ջերիի մասին 13 դրվագ: Նշված կարճամետրաժ մուլտֆիլմերի պրոդյուսերն ընկերության հիմնադիր Ուիլյամ Սնայդերն էր, սցենարները գրում էր Էլի Բաուերը,իսկ որպես ռեժիսոր հանդես էր գալիս անիմատոր Ջին Դեյչը:

Ինչպես նշում է Daily mail-ը, «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի ռեժիսոր, անիմատոր Ջին Դեյչը կյանքից հեռացել է 95 տարեկան հասակում՝ գտնվելով Պրահայի իր տանը:
Ջին Դեյչը «Թոմն ու Ջերիին» անիմացիոն սերիալի տասներեք դրվագների ռեժիսորը լինելուց բացի նաև աշխատել է «Պապայ նավաստին» մուլտսերիալի վրա: Բացի այդ, նա ստեղծել է «Մանրո» և «Նուդնիկ» մուլտֆիլմերը, ինչպես նաև «Թոմ Թերիֆիկ» մուլտսերիալը։ 1960թ․-ին լույս տեսած կարճամետրաժ «Մանրոն» արժանացել է «Օսկար» մրցանակի։
Դեյչը որպես նկարազարդող է աշխատել նաև Հյուսիսամերիկյան ավիացիայի համար, որից հետո անցել է ռազմական ծառայության և վերապատրաստվել որպես օդաչու:
Երկրպագուների մի մեծ բանակ իրենց ցավակցություններն են հայտնել հայտնի օսկարակիր նկարիչ-մուլտիպլիկատորի մասին twitter-յան էջերում:
Discussion about this post