Այսօր՝ ապրիլի 29-ին, նշվում է Պարի միջազգային օրը: YerevanStyle.com-ի թղթակիցն այդ առիթով զրուցել է պարուսույց-մանկավարժ Մերի Չիբուխչյանի հետ:

Մանկական երազանքներ.
Դեռ մանկուց, իմ անունը տալիս, ես միանգամից պատկերացնում էի՝ պար: Հայելու առաջ պարային շարժումներ էի անում, երբ լսում էի որևէ երաժշտություն, անմիջապես դրա տակ պատկերացնում էի, թե ինչպես կարելի է պարել: Հինգ տարեկանից սկսած՝ 11 տարի հաճախել եմ Իջևանի արվեստի դպրոցը: Հիշում եմ, երբ առաջին անգամ մտա դահլիճ, հենց այդ պահից սկսած ինձ ամբողջապես պատկերացրի այդ բնագավառում»,- նշում է պարուսույց- մանկավարժ Մերի Չիբուխչյանը: – Մանկության իմ ամենանվիրական երազանքներից մեկն էր, որ ես էլ իմ ուսուցչուհու, պարուսույց Տատյանա Իվանովնայի նման օրերից մի օր կարողանամ կանգնել դահլիճի կենտրոնում ու դասավանդեմ երեխաներին:
Այդ օրը եկավ.
16 տարեկանում իմացա, որ Ազատամուտի մշակույթի տան պարի խմբակին ուսուցչուհի էր անհրաժեշտ ու որոշեցի, որ պետք է գնամ իմ երազանքին ընդառաջ ու դպրոցին զուգահեռ սկսեցի դասավանդել, ինչն ինձ տվեց հնարավորություն՝ ապացուցելու մարդկանց, որ պարն իմ էությունն է և ես չեմ ոււզում հեռանալ իմ էությունից», – նշեց նա:

Մասնագիտություն ընտրելու պահը.
Դպրոցն ավարտելուց հետո, ես միանշանակ վստահ էի, որ ընտրելու եմ պարը, բայց ընտանիքիս անդամները դեմ էին իմ որոշմանը: Ես չհանձնվեցի, պայքարեցի ու այդ ընթացքում իմ կյանքում հայտնվեց ընկեր Էդգարը, ով եղել է իմ ուսուցիչը: Ես միշտ իրեն ասում եմ, որ նա իմ մեծ ուսուցիչն է: Ես իր ջանքերի շնորհիվ է, որ այսօր որպես մասնագետ ամուր կանգնած եմ ու ունեմ այն, ինչ անհրաժեշտ է յուրաքանչյուր մասնագետի: Այդ ամենը նա տվել է ինձ այն մեկ ամսվա ընթացքում, երբ ինձ դասավանդում էր դասական ու ժողովրդական պար ու նախապատրաստում համալսարան ընդունվելուն: Մեր համատեղ ջանքերը տվեցին իրենց պտուղները ու ես ընդունվեցի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժինը՝ որպես պարուսույց-մանկավարժ:
Չորս հոգանոց պարային խումբը.
Համալսարանն ընդունվելուց հետո, որոշեցի, որ պետք է հիմնեմ պարի իմ խումբը ու 2016 թվականին հիմնեցի այն: Սկզբնական շրջանում՝ երեք ամիս, ունեցել եմ չորս աշակերտ, սակայն ես չէի հիասթափվում, որովհետև հստակ գիտակցում էի, որ արվեստի ոչ մի ճյուղ հեշտ չէ, հեշտ չէ նաև կայանալ այն բնագավառում, որն ընտրել եմ ես: Ժամանակի ընթացքում երեխաների թիվն ավելացավ: Որոշ ժամանակ անց մեզ հրավիրեցին միջոցառման, ինչից, ճիշտն ասած, շատ զարմացա, որովհետև չէի պատկերացնում, որ նորաստեղծ խմբին կարող են հրավիրել միջոցառման ու այդպես մասնակցեցինք մեր առաջին միջոցառմանը:

Խմբի անվանումը.
Սկզբնական շրջանում, երբ դեռ խումբը նոր էր ձևավորվում, որոշեցի այն անվանել «Smile», որովհետև երեխաները ժպիտով ու խանդավառությամբ էին մասնակցում դասերին ու ընտրեցի հենց այդ անունը, որը լավագույնս համապատասխանում էր մեր խմբին: Սակայն ժամանակի ընթացքում, երբ աշակերտներիս թվաքանակը մեծացավ, անհրաժեշտություն զգացի փոխել խմբի անվանումը ու վերանվանեցի՝ «M» dance studio:

Ելույթներ, միջոցառումներ, փառատոններ.
Մանակցել ենք բազմաթիվ փառատոնների, մրցույթների այդ թվում՝ «Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնին, որտեղ առաջին մասնակցության ժամանակ գրավել ենք երկրորդ հորիզոնականը երկու անգամ, իսկ երկրորդ և երրորդ տարիներին, գրավել ենք առաջին հորիզոնականը: Մասնակցել ենք նաև բազմաթիվ փառատոնների Երևանում, Էջմիածնում, Ենոքավանում: Ունենք 50-ից ավել պատվոգրեր, շնորհակալագրեր և գավաթներ: Երեխաների հանդեպ սերս, որը փոխադարձ ես ստանում եմ նրանցից, այնքան շատ է, և էլ ավելի է պարտավորեցնում ինձ անել ավելին ու աշխատել ավելի քան եռանդով, որպեսզի գերազանցեմ ինքս ինձ՝ փորձելով աշխատել այսօր էլ ավելի լավ, քան երեկ, ինչն էլ միանշանակ տալիս է իր դրական արդյունքները: Փառատոնների, միջոցառումների մասնակիցները միշտ զարմանում են իմ աշակերտների պատրաստվածությունից, որ Իջևանում կարող է լինել պարի խումբ, որտեղ սովորող երեխաները կարող են այսպիսի ելույթեր ունենալ:
Խնդիրներ ու դժվարություններ.
Բնական է յուրաքանչյուրի կյանքում էլ կան խնդիրներ ու դժվարություններ, իսկ դրանք հաղթահարելու լավագույն տարբերակը աշակերտներիս հետ աշխատանքն է, որն օգնում է ինձ հաղթահարել իմ ունեցած խնդիրներն ու դժվարությունները: Այս կյանքում երեխաներից պարզ ու մաքուր էակներ չկան: Ցանկանում եմ, որ մեծերն էլ փոքրերի նման լինեն պարզ ու բարի, չարություն չունենան իրենց մեջ, որովհետև կյանքն ինքնին շատ բարդ է, հատկապես այս դժվարին օրերին: Փորձելով ունենալ փոքրերի նման բարության այդքան մեծ չափաբաժին՝ կարծում եմ չեն լինի խնդիրներ, լինելու դեպքում էլ հնարավորինս հեշտ ու արագ կգտնեն լուծումներ ու հաղթահարման ուղիներ»,- ասաց նա:

Մյուզիքլի բեմադրում ապագա ծրագրերում.
Միշտ, երբ նեղվում եմ որևէ պատճառվ, ինձ մոտ առաջանում է ստեղծագործելու անհագ ցանկություն: Այդպիսի մի ժամանակահատված եղավ իմ կյանքում, որը պատճառ դարձավ՝ երիտասարդ գրող Տա Թևեր գրական կեղծանուն ունեցող հեղինակի «731 օր քեզ համար» գրքի ընթերցումը, որից հետո որոշեցի բեմադրել պարային մյուզիքլ: Վերցնելով այդ գրքից որոշակի հատվածներ՝ գրեցի սցենար, որը, կարծում եմ, հաջողված է, որովհետև մինչ այս շրջանը սաներիս հետ հասցրել էինք անել մի քանի փոքր փորձեր: Իհարկե, հիմա էլ չենք դադարում աշխատել, հանձնարարում եմ վերհիշել տեքստերը, որպեսզի կարողանան հնարավորինս լավ հանդես գալ՝ ցույց տալով այդ ստեղծագործության բոլոր հերոսների ապրումներն ու զգացումները: Ինչպես նաև տեսանյութերի տարբերակով աշխատում ենք պարերի մաքուր կատարման վրա: Երեխաները պարում են, նկարահանում և ուղարկում են ինձ, ես շտկում եմ, բացատրում սխալները: Այս ժամանակահատվածում փորձում ենք այդպես աշխատել ու պահպանել այն, ինչ ունենք, մինչև տեսնենք, թե երբ կկարողանանք նորից գնալ դահլիճ ու փորձերը շարունակել այնտեղ, որպեսզի իրականացնեմ նպատակս ու պարային մյուզիքլը հնարավորինս շուտ բարձրանա բեմ:
Ներկա ժամանակահատվածն ու դահլիճի կարոտը.
Այս շրջանը հաղթահարելուց հետո ես կլինեմ ավելի նպատակասլաց ու ավելի քան գնահատող ամեն մի պահը, որովհետև այս օրերին, երբ բոլորս գտնվում ենք տանը յուրաքանչյուրս առիթ ունեցանք խորը վերլուծելու ու գնահատելու այն ամենն ինչ ունեինք մինչ այսօր ու ինչեր չունենք ներկայումս, որովհետև հիմա, երբ գնում եմ դահլիճ ու տեսնում եմ, այդ տխուր ու դատարկ պատերը, ուզում եմ, որ հնարավորինս շուտ անցնի այս ժամանակահատվածը ու թեկուզ իմ աշակերտները պարեն սխալ, բայց դահլիճը նորից լցվի իրենց փայլուն ու ժպտուն աչուկներով, որ միշտ տեսել եմ:

Ամփոփելով խոսքը՝
Ես միշտ ասում եմ, որ, երբ ես կազմեմ իմ սեփական ընտանիքը պետք է ունենամ շատ երեխաներ, որ տանն ունենամ մի ամբողջ պարի խումբ, որտեղ ես կկարողանամ ներդաշանակ կերպով համատեղել, և՛ իմ աշխատանքային գործունեությունը, և՛ ընտանեկան կյանքը, ի շնորհիվ իմ կյանքում եղած այն հիանալի մարդկանց, ովքեր մշտապես ինձ տալիս են ճախրելու թևեր, որպեսզի պայքարեմ ու հասնեմ իմ բոլոր երազանքներին:
Discussion about this post