Ֆիլմերն ու, ինչու ոչ, նաև սերիալները, կարելի է ասել, բոլորիս կյանքի անբաժանելի մասն են դարձել: Ֆիլմերի առումով ամեն ինչ հասկանալի է, իսկ ահա սերիալները հատկապես տատիկ-պապիկների ու տնային տնտեսուհիների համար դարձել են առօրյայի անքակտելի ուղեկից: Թեպետ, քիչ չեն նաև երիտասարդները, որոնք հետևում են տարբեր սերիալների: Այլ հարց է, թե ինչպիսի սերիալներ ենք նախընտրում դիտել:
Գրեթե բոլոր երկրներում էլ այժմ նկարահանվում են սերիալներ: Շատ սերիալներ, տարբեր որակի ու տևողության սերիալներ: Հարավային Կորեան էլ բացառություն չէ: Կորեական սերիալները, կամ, այլ կերպ ասած, դորամաները, այժմ բավականին մեծ հետաքրքրություն են առաջացնում հատկապես երիտասարդների շրջանում: Իհարկե, հետաքրքրություն առաջացնելու գլխավոր նախապայմաններն են հետաքրքիր պատմությունները, գեղեցիկ երաժշտությունը, հիմնականում բարձրակարգ ու գեղեցկադեմ դերասանները, սակայն ոչ պակաս կարևոր հանգամանք է, իհարկե, սերիաների քանակը: Իհարկե, «Սանտա Բարբարա» տեսած սերնդին դժվար է այսօր զարմացնել երկարատև, թեկուզ հենց հայկական սերիալներով, որոնք ամիսներ շարունակ ցուցադրվում են հեռուստատեսությամբ: Սակայն սերիալասեր հանրությանը առավել ևս կարող է անսովոր թվալ կորեական սերալների տևողությունը: Դրանք հիմնականում լինում են 16-20 սերիա, երբեմն հանդիպում են նաև 12 սերիա ունեցող դորամաներ: Այս տեսանկյունից կորեական դորամաներ դիտելը բավականին հարմար է ու հետաքրքիր: Իհարկե, կան ավելի շատ սերիա ունեցող դորամաներ, բայց դրանք համեմատաբար ավելի քիչ են հանդիպում:
Դորամաները լինում են ամենատարբեր ժանրերում՝ ռոմանտիկ կոմեդիայից մինչև ֆանտաստիկ: Բարձրացվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սոցիալական անհավասարությունը, դպրոցականների շրջանում հոգեբանական խնդիրները, անձնական հարաբերությունները, ընկերությունը, հավատարմություը և այլն: Առանձին տեղ ունեն բժշկական բնույթի դորամաները, որոնք ոչ միայն հետաքրքիր են, այլ նաև որոշակի բժշկական գիտելիքներ են փոխանցում, ցույց տալիս բժիշկների աշխատանքը բոլոր կողմերից: Որոշ դորամաներ նաև մոտիվացիա կարող են հանդիսանալ, օրինակ՝ մասնագիտության ընտրության հարցում:
Իհարկե, ինչպես ցանկացած ֆիլմում, դորամաներւմ ևս մեծ կարևորություն ունեն հնչող երաժշտությունն ու երգերը, որոնք կատարվում են ինչպես երգիչների, այնպես էլ դերասանների կողմից: Դորամաների երգերն այնքան հետաքրքիր ու գեղեցիկ հարմոնիաներ ունեն, որ հանգիստ կարող են կատարվել, որպես առանձին երգեր: Այս երգերի շնորհիվ դրվագները նոր գույներ են ստանում, էմոցիաներ փոխանցում դիտողին, և մնում են հիշողության մեջ:
Ի դեպ, պետք է նշել, որ դորամաներում դերասանները որպես կանոն շատ պրոֆեսիոնալ են, դերասանական խաղը՝ բարձր մակարդակի վրա: Այստեղ չես հանդիպի, ասենք, հինգ հազար դրամով թեկուզ հպանցիկ դեր կատարող «խոհարարի» կամ «տաքսու վարորդի», ում պարզապես խնդրել են երևալ էկրանին ու մի կերպ երկու նախադասություն ասել…
Discussion about this post