Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) (Comité international olympique, CIO), օլիմպիական շարժման բարձրագույն ղեկավար օրգան։ Ստեղծվել է 1894 թվականի հունիսի 23-ին (20-ին), ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի (1863-1937) նախաձեռնությամբ։
ՄՕԿ-ի կազմի մեջ սկզբում մտան 12 երկրների 14 ներկայացուցիչներ, որոնք նաև իրենց երկրներում ազգային օլիմպիական կոմիտեների կազմակերպիչներն էին։ Առաջին նախագահ ընտրվեց Հունաստանի ներկայացուցիչ Դ․ Վիկելասը։ Օլիմպիական խարտիայի (հրովարտակ) բնորոշմամբ ՄՕԿ-ի գլխավոր խնդիրներն են․ օլիմպիական խաղերի ծրագրերի հաստատումը, նրանց պարբերաբար անցկացումը և կատարելագործումը, սիրողական սպորտի զարգացման կազմակերպումն ու ղեկավարումը, բոլոր երկրների մարզիկների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդումը։
ՄՕԿ-ը մշտական գործող կազմակերպություն է, որի անդամներն ընտրվում են ազգային օլիմպիական կոմիտեներ ունեցող երկրներից և համարվում ՄՕԿ-ի ներկայացուցիչ՝ իրենց երկրներում։ Յուրաքանչյուր երկրում կարող է լինել ՄՕԿ-ի միայն մեկ անդամ, բացառությամբ խոշոր, օլիմպիական շարժմանը առանձնապես ակտիվ մասնակցություն ունեցող երկրների և այն երկրների, որոնցում տեղի են ունեցել օլիմպիական խաղեր։ Արդեն 1980 թվականին ՄՕԿ-ը միավորում էր 148 ազգային օլիմպիական կոմիտե և ուներ 89 անդամ։
Մինչև 1966 թվականը ՄՕԿ-ի անդամներն ընտրվում էին ցմահ, դրանից հետո ընտրվածները պետք է պաշտոնաթող լինեն 72 տարեկան դառնալիս։ ՄՕԿ-ի շտաբ-բնակարանը Լոզանն է (Շվեյցարիա)։ ՄՕԿ-ի 8-րդ նախագահն է Խուան Անտոնիո Սամարանչը (1980 թվականից, Իսպանիա)։
Discussion about this post