Մոլորակի ողջ հարստության կեսը պատկանում է 26 մարդկանց, մինչդեռ բնակչության ճնշող մեծամասնությունն ապրում է աճող անհավասարության պայմաններում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով Նելսոն Մանդելայի հիշատակին նվիրված դասախոսությամբ:
«Անհավասարությունը մեր ժամանակների բնորոշ հատկանիշն է: Աշխարհի բնակչության 70 տոկոսից ավելին ապրում է եկամուտների և հարստության աճող անհավասարության պայմաններում: Աշխարհի 26 ամենահարուստ մարդկանց պատկանում է նույնքան հարստություն, որքան մոլորակի բնակչության կեսին»,- ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը:
«Միևնույն ժամանակ անհավասարությունը չափվում է ոչ միայն եկամուտներով, աշխատավարձով և կարողությամբ: Կյանքում հաջողության հասնելու մարդկանց հնարավորությունները կախված են նրանց սեռից, ընտանեկան և էթնիկ ծագումից, ռասայից, հաշմանդամություն ունենալուց կամ չունենալուց և այլ գործոններից»,- նկատել է Գուտերեշը:
Նրա խոսքով՝ համավարակից հետո էլ ավելի խոցելի տնտեսական իրավիճակում են հայտնվում զարգացող երկրները: «Նրանց համար պետք է ապահովել ոչ միայն պարտքերի չեղարկումը, այլև կողմ ենք հանդես գալիս այդ երկրների համար փոխառության հատուկ իրավունքներ սահմանելուն»,- ասել է նա:
Discussion about this post