Սիգարետ, չափից ավել սուրճ ու քաղցր սնունդ․ սրանք վնասակար սովորություններ են, որ գրեթե բոլորը փորձում են փոխել։ Պարզվում է՝ ցանկացած սովորություն փոխելու համար մարդու ուղեղին բավարար է 7 օր։ Մենք կպատմենք՝ ինչպես դա անել։
Ինչու՞ է ձևավորվում սովորությունը․
Ամեն օր կատարվող գործողությունների գրեթե կեսը մարդիկ իրականացնում են առանց գիտակցելու։ Պարզվում է՝ սովորության ձևավորումը մարդկային ուղեղի հնարքներից մեկն է։ Ուղեղն անընդհատ էներգիա խնայելու ուղիներ է փնտրում։ Դա է պատճառը, որ այն հակված է ցանկացած գորձողություն վերածել սովորության՝ ավելի հաճախ հանգսանալու համար։
Ինչպե՞ս է ձևավորվում սովորությունը․
Սովորությունը ձևավորվում է նույն գործողությունը շարունակ կատարելու արդյունքում։ Մարդու ուղեղում այն ամրապնդվում է երեք փուլով՝ ազդանշան, գործողություն ու պարգև։ Օրինակ, լարվածությունը (ազդանշան) ստիպում է ծխողին սիգարետ վառել ու ծխել (գործողություն)՝ հանգստացնելով նրա նյարդային համակարգը (պարգև)։ Մեկ այլ օրինակ՝ քնկոտությունը (ազդանշան) ստիպում է առավոտյան սուրճ խմել (գործողություն), ինչը էներգիա է հաղորդում մարմնին (պարգև)։
Ինչպե՞ս կարելի է փոխել սովորությունը․
Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Չարլզ Դյուհիգն իր «Սովորության ուժը» գրքում ներկայացնում է՝ ինչպես կարելի է փոխել ցանկացած սովորություն։
Պարզվում է, ուղեղը պատրաստ չէ հրաժարվել պարգևից ու չի կարող ազդել ազդանշանի վրա։ Այսինքն՝ սովորությունը փոխելու միակ տարբերակը ազդանշանին այլ գործողությամբ արձագանքելն է, որը կբերի նույն պարգևին։ Բավական է անել երեք քայլ՝
Ազդանշանի բացահայտում․ հստակ գիտակցել՝ ինչի արդյունքում ենք անում սովորական դարձած գործողությունը։
Պարգևի բացահայտում․ ի՞նչ ենք զգում գործողություն կատարելուց հետո։
Գործողության փոխարինում․ ի՞նչ այլ գործողություն կարելի է կատարել ազդանշանը զգալուն պես, որպեսզի ստանանք նույն պարգևը։
Քանի՞ օր է պահանջվում սովորությունը փոխելու համար․
Ուղեղին անհրաժեշտ է 7 օր՝ սովորությունը փոխելու համար։ 7 օր անընդմեջ նոր գործողությամբ ծանոթ վարժությունը կրկնելուց հետո կձևավորվի նոր սովորություն։ Ազդանշանն ու պարգևը կմնան նույնը, իսկ գործողությունն արդեն կկատարվի «ավտո» ռեժիմում՝ առանց ուղեղի գիտակցման։
Ուղեղը չի տարբերում օգտակար ու վնասակար սովորությունները․
Եթե ունեք վնասակար սովորություններ, որ ցանկանում եք փոխել, գտեք ավելի օգտակար կամ ավելի քիչ վնասակար գործողություն, որով կփոխարինեք ձեր օրգանիզմին վնաս հասցնող սովորությունը։ Օրինակ, երբ քնկոտ եք, սովորական սուրճի փոխարեն խմեք ավելի քիչ վնասակար կոֆեինի չպարունակող սուրճ, երբ քաղցր եք ուզում, շոկոլադե սալիկի փոխարեն նախապատվությունը տվեք մրգերին կամ բնական մեղրին։ Վերջապես, երբ նիկոտինային քաղց եք զգում, սիգարետի փոխարեն օգտագործեք առանց կրակի նիկոտին մատակարարող սարքերը։ Գիտակցաբար կրկնեք նոր գործողությունը 7 օր շարունակ, ու այն կդառնա ձեր նոր սովորությունը։
Discussion about this post